Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմ դե Վալ. Այս հրադադարը չափազանց անհրաժեշտ էր, բայց այն խաղաղության պայմանագիր չէ. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 20,2020 09:01

«Ամերիկայի ձայն». Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վալն իր վերջին հրապարակման մեջ կարծիք է հայտնում, որ Արևելյան գործընկերության երկու երկրների՝ ՀՀ և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը մարտահրավեր է ԵՄ՝ Հարավային Կովկասում ռազմավարական դեր ստանձնելու ձգտումներին, գրում է դե Վալը՝ ընդգծելով, որ ԵՄ-ը պարզապես չունի ինստիտուցիոնալ գործիքներ այս ճգնաժամը հաղթահարելու համար: Այս օրերին ԼՂ հարցում արևմտյան տերությունները հայտնվել են խաղից դուրս վիճակում, և այժմ պետք է ջանքեր գործադրեն դիրքերը վերականգնելու համար, ընդգծում է նա:

«Այս հրադադարը չափազանց անհրաժեշտ էր, սակայն սա խաղաղության պայմանագիր չէ»,- գրում է դե Վալը, որը չի բացառում, որ ՌԴ առաջնորդ Պուտինը կարող է քայլեր ձեռնարկել վերջնական կարգավորման ուղղությամբ, որը կբարելավվեր կողմերի միջև հարաբերությունները: Նա, սակայն, ավելի հակված է, որ ՌԴ-ի գերխնդիրն է Հարավային Կովկասում իր ազդեցության ուժեղացումն ու առևտրային ուղիների վերահսկումը երկարաժամկետ խաղաղության փոխարեն, ուստի ռազմական գործողությունների վերսկսման վտանգի պահպանումը կնպաստի ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի պահպանմանը, նշում է նա:

Հիշեցնենք, որ ՌԴ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և հրադադարի հիմնական բանակցող, առարկություն չի հայտնել բանակցությունների վերսկսման ուղղությամբ: Մոսկվայում, սակայն, ընդգծում են՝ այսօր Լեռնային Ղարաբաղում առաջնային խնդիրն է խաղաղ կյանքի վերականգնումը: Ռուսական հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ այսօր կողմերը համաձայնվել են պահպանել առկա ստատուս քվոն, իսկ հետագա խնդիրները պետք է կարգավորվեն ապագայում կամ ապագա ղեկավարների ու գործընթացի մասնակիցների կողմից: Նա նաև չի բացառել, որ ԼՂ կարգավիճակի խնդիրը կարող է կարգավորվել բնականոն կյանքի պայմանների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և հակամարտության գոտում խաղաղ գոյակցության վերականգնումից հետո:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կարծիքով Ռուսաստանն անկախությունից ի վեր, եթե ոչ հրահրել, ապա զգալիորեն շահել է հետխորհրդային ճգնաժամերից, որոնց թվում են Մերձդնեստրյան, Աբխազիայի, Հարավային Օսիայի,Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: ՌԴ միջնորդությամբ հաստատված վերջին հրադադարը ԼՂ-ում կանգնեցրել է արյունահեղույունը, փոխել իրավիճակը հակամարտության գոտում, սակայն չի ապահովել վերջնական կարգավորում, կարծում է Հոգլանդը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը մշակել էր մադրիդյան սկզբունքներ, որոնք առաջ են քաշել վերջնական կարգավորմանը հասնելու ուղին: Անգամ «Լավրովի պլանը», որը ներկայացվել էր 2017 թ.-ին, ուներ վերջնական կարգավորմանը հասնելու ճանապարհ: Խոսքը նրա մասին է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ի վերջո, ոչ անմիջապես, պետք է անցկացնի որոշակի հանրաքվե, իր ապագայի կարգավիճակի մասին որոշում կայացնելու համար»,- նշում է Հոգլանդը:

Նա գտնում է, սակայն, որ այս պահին բանակցությունները չեն հանգեցնի որևէ արդյունքի: Բանակցային գործընթացը մոտակա ժամանակում չի կարող լինել արդյունավետ կողմերի միջև առկա հուզական բարձր ֆոնի պատճառով, շեշտում է Հոգլանդը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30