Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր ուժերն են Հայաստանում հրահրվում արեւմտյան որոշ երկրների կողմից, որ վարկաբեկեն եռակողմ համաձայնագիրը

Նոյեմբեր 20,2020 08:55

«Վստահաբար ասում եմ՝ Նարիշկինի այդ հայտարարությունն ուղղված չէ այսօր հարթակում կանգնած կուսակցություններին, հավանաբար, խոսքն այլ ուժերի մասին է: Այո՛, մենք ասում ենք, որ եռակողմ հայտարարությունն անընդունելի, բայց կայացած փաստ է, ասել ենք նաեւ, որ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը տարածաշրջանում  ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է: Մենք չենք հայտարարել, որ այդ համաձայնագիրը պետք է չեղարկվի, մենք հայտարարում ենք, որ անհրաժեշտ է նոր կառավարություն, նոր բանակցող ստեղծված իրավիճակից առավել հայանպաստ լուծումներ գտնելու համար, ու մենք այդ հնարավորությունը տեսնում ենք, այդ հնարավորությանը կարելի է հասնել առանց պատերազմի, ճիշտ բանակցությունների միջոցով, ինչը Նիկոլ Փաշինյանը չի կարող»,- Aravot.am-ին ասաց ՀՅ Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի այն հայտարարությանը, թե իրենց ունեցած տեղեկություններով, արեւմտյան որոշ երկրներ փորձում են Ադրբեջանի ու ՀՀ ազգայնականներին հրահրել, որ վարկաբեկեն եռակողմ համաձայնագիրը:

Հարցին՝ տեսնո՞ւմ են կոնկրետ ուժեր Հայաստանում, որոնք ըստ Նարիշկինի, հրահրվում են արեւմտյան ուժերի կողմից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք տեսնում ենք Հայաստանում այլ խմբեր, որոնք ուզում են այս պարտության մեղքը բարդել Մոսկվայի վրա, այդ կարծիքը մենք չենք կիսում, որովհետեւ մեր ունեցած տեղեկություններով՝ ե՛ւ մատակարարման, ե՛ւ շատ հարցերում իրենք իրենց պարտավորությունները կատարել են: Այդ ուժերը բոլորին հայտնի են, նույնիսկ անունը չեմ ուզում տալ, դրանք այն ուժերն են, որոնք 2,5 տարի հետեւողականորեն փչացրին հայ-ռուսական հարաբերությունները, այն ուժերն են, որոնք ազդեցություն ունեն Փաշինյանի վրա, դրանք Նիկոլի շրջապատի արեւմտյան տարբեր ծրագրերից օգտվող հասարակական եւ քաղաքական կազմակերպություններն են, որոնց  մասին բոլորը գիտեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30