Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Պետրոսյան. «Զինվորների մեջ տարածել են, որ արդեն հողերը ծախել են, պրծել են, որ անիմաստ մեռնում ենք եւ այլն». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 20,2020 08:00

Պատերազմի ընթացքում Քարվաճառի կողմի պատասխանատուներից մեկը՝ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը նախօրեին ի պաշտպանություն վարչապետի Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներից էր: Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ինչպես պատերազմի ընթացքի, այնպես էլ այն մասին, թե ինչու ինքը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:

– Կարծիքներ են հնչում, որ էդ տղերքը դեր չեն խաղացել, նահանջի հրաման է եղել եւ այլն եւ այլն:

– Նահանջի հրաման, եւ այլն, դրանք լրիվ ժամանակի ընթացքում քննությամբ կպարզվեն: Նրանք, ովքեր տեղում են եղել՝ շատ ավելի լավ գիտեն, թե ինչ վիճակ էր: Քելբաջարում, այնտեղ որտեղ ես եմ եղել, իմ ուղղությամբ ամենադաժան մարտերը եղել են մինչեւ ամսի 5-ը, որից հետո մենք բարձունքները հետ ենք վերցրել, մինչեւ ամսի 20-ը իրենք փորձել են ճեղքել պաշտպանությունը, մենք կարողացել ենք պաշտպանություն իրականացնել, իսկ հարավում չի հաջողվել: Այնտեղ հակառակորդին հաջողվել է հաջողություն ունենալ: Թե դրա մեջ ինչքան կապ ունեն նրանք, ովքեր ներսում խուճապային վիճակ են ստեղծել եւ այլն, դավադիր ինչ-որ գործունեություն, չեմ կարող ասել, որովհետեւ ամեն դեպքում նման բաներ մեր ուղղությամբ էլ են փորձել, մենք փակել ենք, չենք թողել:

– Օրինակ ինչպե՞ս են փորձել:

– Զինվորների մեջ տարածել են, որ արդեն հողերը ծախել են, պրծել են, որ անիմաստ մեռնում ենք եւ այլն:

– Իսկ ովքե՞ր:

– Չգիտեմ, մենք լսում էինք, որ արդեն խոսում են էդ մասին, մենք խնդիր դրեցինք սպաների, զինվորների առաջ, որ նման բաներ խոսողներին մեկուսացնում եք, ու մենք փակել ենք տարածումը: Եվ դա է պատճառը, որ մեզ մոտ չկարողացան հոգեբանորեն զինվորին կոտրել: Իսկ հարավում ոնց որ ստացվել էր, որովհետեւ ում հետ խոսում էի՝ աջ ու ձախից ասում էին՝ մարդիկ փախել են, չեն հանդարտվում, ասում են հանձնել են եւ այլն:

Բացի այդ, մենք մինչեւ հոկտեմբերի 14-ը միանշանակ հաղթածի կերպարով էինք, շատ լավ էր մեր վիճակը, ինչ-որ բան փոխվեց, չգիտեմ դավադրության խնդիր էր, ինչ էր, որովհետեւ հետեւի զորքն արդեն չեկավ: Էն ժամանակ, երբ որ զինկոմիսարիատներում հերթեր էին, էս վերջերում արդեն չէին կարողանում զորք ճարել ուղարկել: Նման ինֆորմացիաներ էր գալիս, որը վկայում էր, որ մենք խնդիր ունենք իրականում: Այս հարցերը ծառայողական քննությունը կբացահայտի, դրանք իմ խնդիրը չեն: Բայց որպես զինվորական եմ ասում, որ եթե ադրբեջանցիներին հաջողվեր Լաչինով շրջանցել, փակել նաեւ Ասկերանի ուղղությամբ մեր թիկունքը՝ էնտեղ եղած զորքն ու ժողովուրդը պատանդ էին մնալու: Կամ պիտի զոհվեին կամ հանձնվեին: Դա է եղել պատճառը՝ նման որոշում կայացնելու: Ժամանակն այդ ամենի գնահատականը կտա: Հիմա միավորվելու պահն է: Բանակցություններով մենք պիտի Արցախի գոնե հիմնական այն տարածքները, որոնք Ադրբեջանի անկախության ժամանակ երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, համանախագահ երկրներին պիտի պարտադրենք, որովհետեւ իրենք էլ են պարտավորություն վերցրել, որ էդ տարածքները պետք է ինքնորոշման իրավունք ունենան:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30