Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միքայել Վիրաբյան. «Եթե նույնիսկ արցախցիներին հյուրանոցներից հանելու խնդիր լինի, ոչ մի ընտանիք դրսում չի մնալու, նրանց այլ հյուրանոցներում կտեղավորենք»

Նոյեմբեր 20,2020 14:00

«Արցախցի ոչ մի ընտանիք դրսում չի մնալու»,- վստահեցնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը։ Պատերազմի օրերին Արցախից Հայաստան տեղափոխված այն ընտանիքներն, որոնք տեղավորվել են տարբեր հյուրանոցներում, դրսում մնալու խնդիր ունեն, շատ հյուրանոցներ 10-12 օր, նույնիսկ ավելի քիչ ժամանակ են տվել հյուրանոցներից դուրս գալու համար։ Իսկ այս հյուրանոցներում կան նաեւ այնպիսի ընտանիքներ, որոնց տներն ու բնակարանները վնասվել են հակառակորդի հրթիռակոծությունից, այնպիսի ընտանիքներ, որոնց բնակավայրերը հիմա ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են։ Այս արցախցիներից շատերն այս օրերին անելանելի, հուսահատ վիճակում են, չգիտեն՝ ուր պիտի գնան, ինչ են անելու, կորցրել են տունն ու գյուղը, քաղաքը։

Միքայել Վիրաբյանն «Առավոտ»-ի հետ զրույցում վստահեցրեց՝ հյուրանոցներից արցախցիների հնարավոր դուրս գալու մասին տեղեկությունը փոխանցել է ՀՀ կառավարությանը, որտեղից էլ նրան վստահեցրել են՝ խնդիր չի լինելու։ «Եթե նույնիսկ հյուրանոցներից հանելու կամ տեղաշարժելու խնդիր լինի, ոչ մի ընտանիք դրսում չի մնալու։ Ես էլ առավոտից տարբեր հյուրանոցների հետ աշխատանքային այդ խնդրի մեջ եմ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ եմ խոսել, նա ասաց, որ եթե լինեն հյուրանոցներ, որոնք արցախցիները պետք է ազատեն, նրանց կտեղավորենք այլ հյուրանոցներում»,-ասաց պարոն Վիրաբյանը։

Նա նաեւ ասաց, որ չնայած հիմա Արցախ վերադարձողներ կան, բայց դեռեւս վաղ է շատերի վերադառնալը, այդ թվում՝ Ստեփանակերտ, դեռեւս ենթակառուցվածքների վերականգնման խնդիր կա, դա պետք է լուծվի, որպեսզի հնարավոր լինի մարդկանց այս հոսքն ընդունեն։

Մեր այն հարցին՝ ի՞նչ ծրագրեր ունեն այն արցախցիների համար, որոնց բնակավայրերը հակառակորդին են անցել, արդյոք նրանց Ստեփանակերտում կացարան կտրամադրե՞ն, պարոն Վիրաբյանը պատասխանեց. «Նախ պետք է հասկանանք, ցավոք սրտի, այն տարածքները, որոնք մնացել են թշնամուն, այդ տարածքների մարդիկ ինչ որոշում են կայացնելու։ Ես Արցախի պետնախարարի հետ եմ խոսել, փորձում ենք ավելի նորմալ պայմաններ ապահովելու խնդիրը լուծել, որպեսզի նրանք հասնեն Ստեփանակերտ։ Այս պահին պետք է ընդունենք այն քաղաքացիներին, որոնք ունեն տներ եւ կարող են մտնել ու ապրել»։ Պարոն Վիրաբյանի փոխանցմամբ՝ կացարանի խնդիր ունեցող 25 հազարից ավելի արցախցիներ կան, նրանք ԱՀ-ի այն քաղաքացիներն են, որոնց բնակավայրերը, ինչպես պարոն Վիրաբյանն ասաց՝ թշնամու մոտ են։ Նրանց՝ Արցախ վերադառնալու խնդիրն այսօր շատ սուր է, Միքայել Վիրաբյանի ներկայացմամբ՝ Արցախ են տեղափոխում ըստ արցախցիների ցանկության. «Բայց պատկերացրեք մի իրավիճակ՝ այս պահին ինչքան մարդ է ուզում գնալ, ու եթե բոլորը միանգամից վերադառնան՝ հումանիտար աղետ կլինի։ Պետք է կարողանանք այդ մարդկանց կացարանով ապահովել, սնունդը խնդիր չէ, դա կարող ենք լուծել։ Հիմա կացարանները չեն բավականացնում, պետք է կարողանանք ենթակառուցվածքներ ու կացարաններ շահագործենք, որպեսզի նրանց տեղափոխենք Արցախ։ Ստեփանակերտցիներ կան, որոնք հիմա տուն չունեն, կամ տան կեսը չկա։ Դրա համար պիտի հասկանանք՝ կարողանո՞ւմ ենք օրինակ` հինգ հազարին տեղավորենք, նոր տանենք, տաս օր հետո էլ կարողանո՞ւմ ենք մյուս երեք հազարին տեղավորենք, նոր տանենք։ Սա է առաջնային խնդիրը։ Ամեն դեպքում կլինի մարդկանց ինչ-որ քանակ, որոնք ձմեռը կանցկացնեն Հայաստանում»։

Արցախի Մարտունու շրջանի որոշ գյուղեր ել հակառակորդի տիրապետության տակ են անցել, այս գյուղացիներն, ըստ Վիրաբյանի, եթե ցանկություն հայտնեն վերադառնալ Արցախ, փորձելու են Մարտունու մյուս գյուղերում տեղավորել՝ եթե լինի հնարավորություն. «Չենք խուսափում տանել ու տեղավորել, ուղղակի պետք է համապատասխան հնարավորություն լինի»։ Մարտունու արդեն կորցրած գյուղերից կա՞ն մարդիկ, որոնք ուզում են վերադառնալ այս շրջանի մյուս գյուղեր, քանի որ, ըստ էության, բնակավայրը դեռ անվտանգ չէ, մեր այս հարցին ի պատասխան պարոն Վիրաբյանն ասաց՝ կան, բայց քիչ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ


«Առավոտ» օրաթերթ

19.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30