Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողն՝ ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության գործով երեք տարի նախնական դատական նիստերը ողջամիտ չեն

Նոյեմբեր 20,2020 13:30

2018թ հոկտեմբերի 19-ին նախկին դատավոր Ռուբիկ Ափինյանի նախագահությամբ նշանակվել է լրագրող Արթուր Հովհաննիսյանի հայցի հիման վրա նախնական դատական նիստը:

Ում մտքով կանցներ, որ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ն դեռ կստանա ծանուցագրեր նախնական դատական նիստերի մասին… երեք տարի շարունակ, ավելին, դատավոր Ռուբիկ Ափինյանի վարույթը «ստացած» դատավոր Լիլիթ Սարգսյանը հինգ նախնական դատական նիստից հետո (այս տարվա մարտի 10-ից է գործը նրա մոտ)որոշում կկայացնի գալիք տարվա փետրվարի 2-ին նախնական դատական նիստ նշանակելու մասին:

Այսպես, 2018թ. հունվարի 15-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ափինյանը որոշում կայացրեց լրագրող Արթուր Հովհաննիսյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության, երրորդ անձ՝ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի` պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի մասին, ընդունել վարույթ: Նախնական դատական նիստը նշանակվել է 2018 թվականի մայիսի 17-ին`Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում : 6 նախնական դատական նիստից հետո գործը հանձնվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Հայցվոր լրագրողի կարծիքով, առողջապահության նախարարությունն իր պաշտոնական տեղեկատվությամբ մեղադրել էր իրեն՝ լրագրողին, կեղծիքին ապավինելու մեջ, ինչն իր հասցեին զրպարտանք է եւ վիրավորանք:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ լրագրող Արթուր Հովհաննիսյանը 2018թ. դեկտեմբերի 11-ին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում հանդես է եկել ասուլիսով՝ կապված նախորդ օրը իրեն հայտնի դարձած մի փաստի մասին՝ Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցում մարդու պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութը տասներեքամյա աշակերտուհիներին պատվաստելու ձախողված փորձ է տեղի ունեցել, ծնողները «դպրոցից դուրս» են հրավիրել բուժաշխատողներին: «Առավոտի» «մեղքն» այն էր, որ լուսաբանել ենք ասուլիսը: Լրագրողի հայցն, ըստ էության, ուղղված էր պաշտոնական կայքի դեմ:

Այո, Արթուր Հովհաննիսյանը չի հասցրել ճշտել տեղեկությունը, քանի որ, ըստ նրա, ծնողներից փոխանցված տեղեկությունը ստացվել էր կեսգիշերին: Լրագրողը ասուլիսի ժամանակ ասել էր. «Ես այդ տեղեկությունը գիշերն եմ ստացել, դեռ չեմ հասցրել ճշտել, կպարզենք: Ես ուղղակի որպես ահազանգ եմ հնչեցնում այստեղ եւ եթե պարզվեց, որ այդ լուրը համապատասխանում է իրականությանը, ապա Շիրակի մարզի Այգաբաց գյուղի պոլիկլինիկայի բժշկուհիները դրա համար (եւ ղեկավարությունը) խստորեն պատասխան են տալու: Ես խոստանում եմ լրագրողական հետաքննություն սկսել եւ ավարտին հասցնել, պարզել այս իրականությունը, թե ինչ է իրականում կատարվել, եթե նման բան չկա, մենք, իհարկե, կտեղեկացնենք, որ այդ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, բայց վա՜յ այդ բժշկուհիներին, այստեղից ես հայտարարում եմ իրենց ի գիտություն»:

ՀՀ առողջապահության նախարարությունը ժամեր անց իր պաշտոնական կայքում «Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» վերնագրով տպագրել է պաշտոնական պատասխան: Մասնավորապես. «Իսկ այսօր լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել է, թե իբր Շիրակի մարզի Այգաբաց համայնքում ծրագրի մեկնարկից առաջ փորձել են պատվաստումն իրականացնել դպրոցում: Եվ իբր ծնողները վռնդել են բժիշկներ կոչեցյալներին: Բանախոսն իրեն ապահովագրելու համար դիմել է լրագրողական հնարքի՝ նշելով, թե չի հասցրել ճշտել ստացված տեղեկատվությունը: Նախարարությունը խոսել է Այգաբացի դպրոցի տնօրենի հետ եւ պարզել, այնտեղ որեւէ մեկը չի պատրաստվում պատվաստում կատարել: Պարզապես սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը եւ բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ եւ ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը: Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել, եւ որեւէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել: Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին: Ժամանակն է սթափվելու»:
Արթուր Հովհաննիսյանը խնդրում է, որպեսզի ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում հերքի եւ իրենից՝ լրագրողից ներողություն խնդրի պաշտոնական տեղեկության համար, եւ պարտավորեցնի նաեւ վճռի պատճառաբանական եւ եզրափակիչ մասերը տպագրել «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի www.aravot.am կայքում:

«Առավոտը» այս գործով ներգրավված է, որպես երրորդ անձ:
«Առավոտը» պաշտոնական ներկայացուցիչ դեռ չունի դատարանում, քանի որ երկրորդ դատավորն է փոխվել, երկրորդ առողջապահության նախարարը, դատական նիստերի հեռավար լինելը նույնպես պատճառներից մեկն է:

Հիշեցնեմ, որ այս գործում կա երկու առարկություն կա. առաջինը ներկայացրել էր նախկին նախարար Լեւոն Ալթունյանը, մեկն էլ գործող նախարարը՝ Արսեն Թորոսյանը:

Հայցվոր լրագրողը հղում էր կատարել «Դե Հաեսը եւ Գիյսելեսն ընդդեմ Ավստրիայի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, որում մասնավորապես այն միտքն է, որ մամուլի վրա դրված է նման տեղեկատվության եւ գաղափարների տարածման խնդիր, հակառակ դեպքում, «մամուլը չի կարող կատարել «ժողովրդավարության պահակի» իր դերը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30