«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց, երբ նա հուլիսին կոշտ քննադատեց գործող կառավարությանը, անգործության համար:
Այնուհետեւ հետեւեց նրան պատգամավորության անձեռնմխելությունից զրկելու գործընթացը, իսկ վարույթ իրականացնող մարմինը որոշում կայացրեց նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Գ.Ծառուկյանը մեղադրվում է 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընթացքում, «Ծառուկյան եւ կուսակցություններ» դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար Գեղարքունիքի մարզում ընտրողներին կաշառելու համար, կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու, այն ղեկավարելու, եւ ընտրողներին կաշառք տալու համար, քրօր 154-2 հոդված, 2-րդ մաս:
Նկատենք, որ հիշյալ հանցագործության կատարման համար վարույթ իրականացնող մարմնի միջնորդությամբ դատարանը Գ.Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը, այնուհետեւ կիրառվել է գրավը, եւ Ծառուկյանը այժմ գտնվում է ազատության մեջ:
Կարդացեք նաև
Ներկայումս նախատեսված է ԱԺ նիստում քննարկել Ծառուկյանին պատգամավորության մանդատից զրկելու հարցը:
Հիմա փորձենք դիտարկել Ծառուկյանին վերագրված մեղադրանքները՝ կազմակերպված խումբ ստեղծելու, այն ղեկավարելու, եւ ընտրողներին կաշառք տալու հանգամանքները հիմնավորվա՞ծ են, թե՞ ոչ:
1.Կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելը եւ ղեկավարելը
Հանցագործությունը ճանաչվում է կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված, եթե նախապես համաձայնությամբ, համախմբվել են մեկ կամ մի քանի հանցագործություններ կատարելու համար:
Կազմակերպված հանցավոր խումբը բնութագրող հատկանիշներն են
ա. Նախապես համաձայնությունը
բ.Կազմակերպված խմբի կայունությունը:
Նախապես համաձայնությունը կամ պայմանավորվածությունը նշանակում է, որ համաձայնությունը պետք է կայացված լինի մինչեւ հանցագործության օբյեկտիվ կողմը կամ գործողությունը կատարելը:
Կազմակերպված խմբի կայունության հատկանիշներն են`համախմբված խմբի միջեւ սերտ կապը, գործողության մանրամասներին տիրապետելու համար նրանց բազմաթիվ հաղորդակցումը, նրանց միջեւ դերերի բաժանումը, եւ այլն:
Կազմակերպված խումբը կարող է բաղկացած լինել համակատարողներից, եւ ընդգրկված լինեն այլ մասնակիցներ:
Դիտարկենք նաեւ Գլխավոր դատախազի միջնորդությունում շեշտադրված ապացույցները;
«Երեւանշին» ՓԲԸ-ում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են «հաշվետվություն» վերտառությամբ գրառումներ` Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատարածքներում 2017 թվականի կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում ԲՀԿ կողմից ընտրողներին կաշառք բաժանելու մասին:
Ըստ այդմ՝ մեկ ձայնի համար վճարվել է 10 հազար դրամ, իսկ 17 194 քվեի համար 171 միլիոն 140 հազար ՀՀ դրամ:
Այդ առնչությամբ ընկերության տնօրենը՝ Վազգեն Պողոսյանը, հայտնել է, որ ընտրություններից առաջ հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գ.Ծառուկյանին, եւ պայմանավորվել են, որ ինքը «Ծառուկյան եւ կուսակցություններ» դաշինքի կողմից առաջադրվելու է պատգամավորության թեկնածու Գեղարքունիքի մարզում եւ ընտրողներին կաշառք է բաժանվելու: Այնուհետեւ, գումար է ստացել Սեդրակ Առուշանյանից եւ Աբրահամ Մանուկյանից, գնացել է Մարտունի քաղաք, հավաքել է ԲՀԿ անդամներին, նրանց հայտնել է, որ ԲՀԿ-ի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք են բաժանելու, եւ գումարը տվել է նրանց:
Այս հանգամանքն իրենց ցուցմունքներում հաստատել են նաեւ ժողովի մասնակիցներ Կիրակոսյանը, եւ մյուսները եւ ընդունել են, որ այդ գումարները բաժանել են ընտրություններին մասնակցող իրենց ծանոթներին եւ բարեկամներին:
Հիշյալ ապացույցների համադրումից նկատվում է, որ տեղի ունեցած օբյեկտիվ կողմի գործողությունները չեն համապատասխանում «կազմակերպված հանցավոր խումբ» հասկացությամբ քրեաիրավական էությանը կամ նրան առանձնահատուկ հատկանիշներին:
Ըստ որում, գրասենյակում ժողով անցկացնելը եւ ընտրողներին կաշառելու մասին համաձայնության գալը կամ Վ.Պողոսյանի կողմից կազմված հաշվետվություն վերտառությամբ գրառումները «կազմակերպված հանցավոր խումբ» բնորոշվող գործողություններ չեն:
Դա ապացուցված է նաեւ ընտրողներին կաշառք բաժանող անձանց կամ մասնակիցների ցուցմունքներով, որ գործողությունները կատարելուց առաջ նախապես համաձայնություն չեն ունեցել Գ.Ծառուկյանի հետ եւ նրանից որեւէ առաջադրանք չեն ստացել:
2. Ծառուկյանը ընտրողներին կաշառել է
«Կաշառք տալ» հանցագործության օբյեկտիվ կողմը կայանում է նրանում, որ կաշառք տվողը ընտրողին տրամադրում է կամ տալիս է գույքային շահ`բնեղեն, դրամական արտահայտությամբ կամ խոստանում է տալ, որպեսզի ընտրողը քվեարկի իրեն կամ այլ անձի օգտին:
Եվ եթե քրեական գործով քննությամբ չկան հավաստող ապացույցներ, որ Գ.Ծառուկյանը անձամբ կաշառք է տվել ընտրողին, ապա բացակայում է հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը կամ պայմանը: Այսինքն, հանցագործության կազմը կամ քրեական օրենսգրքի 154-2 հոդվածի 2-րդ մասով հանցագործությունը, Գ.Ծառուկյանը չի կատարել:
Բացի այդ, միջնորդագրի համաձայն, ապացուցված չէ կաշառքի առարկա գրառումներում նշված 191 միլիոն 900 հազար դրամի ծագումը կամ պատկանելությունը:
Սերգեյ ԱԲՈՎՅԱՆ
իրավաբան
«Առավոտ» օրաթերթ
19.11.2020