Արվեստագետը կոչ է անում համախմբվել նախագահի շուրջ
Օրերս Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին եւ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Ջո Բայդենին Հայաստանի մշակույթի, արվեստի եւ գիտության գործիչների կողմից հղված ուղերձը ստորագրածների թվում բացակայում է տասնամյակներ շարունակ աշխարհին հայկական երաժշտարվեստը ներկայացրած, ՀՀ ազգային հերոսի տիտղոսին արժանացած նվիրյալի անունը։ Խորին հարգանք ունենալով արվեստագետի վաստակի հանդեպ` իր ցանկությամբ չենք հրապարակում նրա անունը, քանի որ մեծանուն արվեստագետը կարեւորում է ասելիքը եւ հավաստիացնում, որ կշիռ ունեցող շատ այլ արվեստագետներ եւս չեն միացել ուղերձին։
Նա գտնում է, որ Արցախի զավթված տարածքներում հայկական պատմամշակութային կոթողների վտանգված լինելը մեր խնդիրն է, մեր դիվանագետներինը եւ հատկապես մեր Ազգային Ժողովինը։
«Խորին հարգանք ունեմ մեր նախագահ Արմեն Սարգսյանի հանդեպ, որն օրերս հայտարարեց, թե անխուսափելի են ԱԺ արտահերթ ընտրությունները, իսկ մինչ այդ կառավարումը պետք է հանձնվի բարձր որակավորում ունեցող ազգային համաձայնության կառավարությանը։ Աշխարհի տարբեր երկրների պառլամենտները տարբեր կերպ են կանոնակարգում մշակութային ոլորտի գործունեությունը, այն նկատառումով, որ մշակույթի ոլորտը, ըստ էության, ինքնուրույն լինելով հանդերձ, համենայնդեպս ինքնահոսի չմատնվի եւ չհանձնվի շուկայի խիստ ազատ քմահաճույքներին։ Ախր ազատ շուկան շատ անգամ կործանարար դեր է խաղում հատկապես դասական արվեստի ոլորտում։ Գուցե հայտնի ճշմարտություն եմ ասում, բայց գալիք Ազգային ժողովի պատգամավորները հատուկ հոգածության կենտրոնում պետք է պահեն մշակույթը»,-ասաց պատկառելի տարիքի ու վաստակ ունեցող մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Նրան փոխանցեցինք, որ գոնե վերջին 20 տարիների ընթացքում մեր թերթի էջերում բազմիցս ԱԺ-ին ենք «փոխանցել» անվանի արվեստագետների մտահոգությունները, որտեղ հարց են բարձրացնում, թե, օրինակ, ո՞վ է տեսել, որ բալետի արտիստը կամ ընդհանրապես պարողը թոշակի անցնի ընդհանուր հիմունքներով, կամ այն, որ պարարվեստի պետական կոլեկտիվների ղեկավարները հոգնել են բարձրաձայնելով, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահի, Մայր թատրոնի եւ Ազգային օպերային թատրոնի բեմերը նախատեսված չեն պարային անսամբլների համար։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ երաժիշտն ասաց, որ ինքը տեղյակ եւ համամիտ է ասվածին ու հավելեց, որ թեեւ հայաստանցի արվեստագետները մեծ հաշվով էնտուզիաստներ են, բայց գնահատել է պետք արվեստագետին, հենց թեկուզ աշխատավարձի տեսքով։
«Շուրջ 30 տարի բոլորս, նաեւ ես, քննադատում ենք այն արվեստագետներին, որոնք արտագաղթել են եւ արտասահմանում են իրենց արվեստն «իրացնում»…
Այսօր մեր երկիրը խոր ճգնաժամի մեջ է եւ պետք է համախմբվենք նախագահի շուրջ, առաջին հերթին տուրք չտանք հասարակության պառակտմանը։
Եվ ինչպես նախագահն իր խոսքում նշեց՝ ստեղծված իրավիճակում հայ ժողովրդի համար այլընտրանք չկա, քան լինել միասնական եւ համախմբված, միայն միասնականությամբ կկարողանանք պարտության բեռի տակ ճկված վիճակից ուղղել մեր մեջքը եւ թե մեզ, թե ապագա սերունդներին ու համաշխարհային հանրությանը ներկայանալ որպես զավակներն այն ժողովրդի, որին հաղթելն անհնարին է։ Իսկ ես կավելացնեի՝ համախմբված մշակույթի շուրջ»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2020