Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թե հաղթողը, թե պարտվողը դատապարտված են քաղել պատերազմի դառը պտուղները»

Նոյեմբեր 20,2020 12:00

Հարցազրույց Ապրիլյան եւ Արցախյան նորօրյա գոյապայքարի մասնակից Արամո Եգանյանի հետ:

Ապրիլյան պատերազմի եւ Արցախյան նորօրյա գոյապայքարի մարտիկ Արամո Եգանյանը ցավով, բայց հպարտության զգացումով է պատմում ողջ պատերազմական քրոնիկոնը, հիշում է անցած օրերն ու փառք տալիս զինակիցներին, ովքեր ընկել են հանուն հող հայրենիի: Արդեն երկու պատերազմի մեջ թրծված Արամոյի ոգին այս կենաց ու մահու կռվում ինչպես միշտ պայքարեց գոյության ու ապրելու իրավունքի համար: Նա ասում է, որ իր ոգին պայքարում է այն նույն համոզմամբ, որ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, որ կյանքում ինչ հաջողությունների էլ, որ հասնես, սեփական բնօրրանից դուրս անհնար է ունենալ փայլուն ապագա։ Նրա խոսքով, հայրենիք ասվածը, դա այլ բան չէ, քան յուրաքանչյուրիս քրտնաջան աշխատանքի արդյունքում վեր խոյացած խորանը, եւ ամեն մեկս, անկախ մեր գործունեության ոլորտից, պետք է մեր ներդրումը ունենանք պետականության կերտման ու պահպանման գործում։ Նաեւ կարեւորում է Նժդեհի այն պատգամը, որ հայրենիքները կանգուն են մնում հայրենասիրությամբ, եւ կործանվում՝ դրա պակասից:

– Արամո, քո մեջ ինչ֊որ բան փոխվել է այս օրերի ընթացքում։

– Չնայած նրան, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ առաջին հայացքից, կարծես թե, անհնար է դառնում պատկերացնել՝ բռնության, ֆաշիստական գաղափարախոսության առկայությունը, այդուամենայնիվ մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է քաղաքակիրթ աշխարհը որդեգրել այն.. Սակայն նման իրավիճակներում միշտ էլ հայտնվում են օտարազգի սկզբունքային անհատներ, որոնք անտարբեր չեն կարողանում անցնել ստեղծված իրավիճակի շուրջ, եւ պարտավորված են զգում բարձրաձայնել ճշմարտությունը, պայքարել հանուն դրա։ Եվ չնայած, որ աշխարհը չեզոք դիրք է պահպանում այս հակամարտության շուրջ, մենք պետք է չմոռանանք եւ շնորհակալ լինենք, այնպիսի վառ գործիչներից, ինչպիսիք են՝ Զատուլինը, Պեգովը, Սոլովյովը, եւ նմանները։ Հայի տառապանքն ու վիշտը այսօր կիսում են, տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր հետեւում են այն ամենին ինչ կատարվում է մեր տարածաշրջանում։ Հետեւաբար ինձ մոտ շատ բան է փոխվել եւ շարունակվում է փոխվել այս օրերի ընթացքում, բայց առաջնահերթը այդ բոլորից, դա կորցրածը վերականգնելու կամքն է, եւ Արցախի անկախության լուրը օր առաջ լսելու բաղձալի երազանքը:

– Մարտիկների տրամադրությունը պատերազմական օրերին ինչպե՞ս էր:

– Ուրախ եմ, որ մեր մարտիկների շրջանակում երբեք չեմ զգացել վախի, հուսալքվածության եւ պարտվող կողմին բնորոշ հատկանիշների առկայություն։ Դրա փոխարեն ականատեսն եմ եղել աննկարագրելի հերոսական դրվագների, երբ մեր 18-20 տարեկան տղաներն անհնարինը հնարավոր էին դարձնում, սեփական ես-ը երկրորդ պլան մղելով եւ հայրենիքն ամեն ինչից վեր դասելու օրինակով։

– Երբեւէ թշնամուն խղճացե՞լ եք։

– Այս հարցին հստակ պատասխանելու համար, նախ եւ առաջ անհրաժեշտ է պարզաբանել, թե արդյոք ովքե՞ր են հանդիսանում մեր թշնամիները։ Եթե խոսում ենք այս պատերազմի մասին, ապա պետք է հասկանանք, որ Ադրբեջանի իշխանությունը, որը Թուրքիայի հովանու ներքո գործող ահաբեկչական խմբավորումների միջոցով փորձում է խարխլել Արցախի պետականության հիմքերը, պետք է թշնամին լինի ոչ միայն հայ ժողովրդի, այլ ցանկացած քաղաքակիրթ պետության, որը խաղաղության եւ հակաահաբեկչական կոչեր է անում, եւ կողմ է ազգերի ինքնորոշմանն ու իրենց հետագա ճակատագիրը որոշելուն։ Այնպես, որ այդ առումով ամեն ինչ շատ պարզ է ու տրամաբանական, բոլոր նրանք, ովքեր զենք կվերցնեն եւ կշարժվեն մեր սահմանների ուղղությամբ, խղճալու զգացողություն չեն կարա առաջացնեն իրեն հայ համարող որեւիցե մարդու մոտ։ Այլ հարց է, երբ մարտական գործողությունների ընթացքում քննարկվի քաղաքացիական բնակչության ապրելու իրավունքն ու նրանց դերը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բնականաբար ինձ համար երբեք թիրախ չեն հանդիսացել եւ չեն էլ հանդիսանալու հակառակորդ կողմի կանայք, ծերերն ու երեխաները, որոնք իրենց կամքին հակառակ են հայտնվել ռազմական գործողությունների թատերաբեմում։ Հիշեցի Դուշման Վարդանի հետեւյալ պատասխանը նմանատիպ մի հարցի՝ «Իմ պատերազմում կանայք եեւ երեխաներ չպետք է զոհվեն, իսկ եթե ադրբեջանցու զավակը մեծանա եւ զենք վերցնի, ինչ է պատահել, որ, այդ ժամանակ էլ իմ որդին զենք կվերցնի»։

– Առաջնագծի կյանքից մի երկու խոսք… հաց ու ջուր կիսել, համախմբվածություն, տղաների քաջությունը։

– Առաջնագծում եւ մարտական գործողությունների եռուզեռում, հավատքն է դառնում քո միակ ապավենը յուրաքանչյուր դիմավորած արեւածագի եւ վաղվա սպասված հաղթանակի։
Եվ նման լարված իրավիճակում, երբ մեր հայրենի Արցախ աշխարհի յուրաքանչյուր թիզ հող պաշտպանելու ընթացքում կորցնում ենք մեր փայլուն տղերքին, կյանքը ինձ համար խամրած երանգներ է ստանում։ Սակայն արցախցու ապրելու տենչն ու անկոտրում տեսակը, որը նրան մղում է գաղափարական արդար պայքարի, որի հիմքում ընկած է մարդու ամենահարմար իրավունքը, այն է՝ ապրելու իրավունքը: Համախմբվածությունն ու գաղափարական պայքարն է մեր ազգային դիմագծի ֆանտաստիկ այն ուժը, որի շնորհիվ մեզ հաջողվում է կառչած մնալ այս սուրբ եւ դրախտային հողակտորի վրա, որը մեր Հայրենիքն է, այո, մերը. ահա այն ինչ անպարտելի է դարձնում մեզ՝ ադրբեջանցու, թուրք ոսոխի եւ վարձկան ահաբեկչի դեմ պայքարում։ Դա է իրականությունը:

– Ի՞նչ ես խոստանում քո բալիկին, ով կարոտով քեզ է սպասում։

– Պատերազմը դեռ ոչ մեկի չի երջանկացրել, թե հաղթողը եւ թե պարտվողը դատապարտված են քաղել պատերազմի դառը պտուղները։ Սակայն ինչպես լեգենդար Մոնթեն է ասել՝ պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք ու վերջ, խաղաղությունը պետք է լինի միայն մեր հաղթանակով։

Այդ նույն տրամաբանությամբ էլ պետք է խոստանամ ինչպես իմ, այնպես էլ Արցախ աշխարհի բոլոր բալիկներին, որ իրենց հայրերը մի օր հաղթանակով են տուն դառնալու եւ մենք բոլորս դեռ երկար ենք վայելելու այդ հաղթանակը, մեր հարազատ հողում ապրելու բերկրանքը։

Զրույցը` Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30