Լրահոս
Օրվա լրահոսը

Լեյլա Աբդուլաևայի հակասական դժգոհությունն ու Բորիս Նավասարդյանի փաստարկված արձագանքը. միջադեպ՝ Հարավկովկասյան 17-րդ մեդիա-համաժողովին

Նոյեմբեր 19,2020 23:35

«Մամուլի ազատություն և տեղեկատվության մատչելիությունը ճկուն հասարակություններում. մարտահրավերներ և առաջընթացի ուղիներ» խորագրով Հարավկովկասյան 17-րդ մեդիա-համաժողովի ընթացում նոյեմբերի 19-ին Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի՝ լրատվադաշտի ներկայացուցիչները ներկայացրին իրավիճակն իրենց երկրներում:

Ի տարբերություն պետական պաշտոնյաների, որոնք ներկայացնում էին իրավիճակը վարդագույն երանգներով, լրատվամիջոցների իրավունքների, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն արձանագրեցին մի շարք խնդիրներ:

Օրինակ՝ «Հանուն լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիայի համահիմնադիր Նինո Դանելիան մտահոգություն հայտնեց ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքների առիթով: Նա պատմեց, որ վրացական հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցչին սպառնացել են, թե խնդիրներ կունենա իր ու իր ընտանիքն անվտանգության հետ կապված, եթե չփոխի իր՝ կառավարությանը քննադատող քաղաքականությունը: Նա հորդորեց ԵԱՀԿ-ին հետևել իրավիճակին:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան վստահեցրեց՝ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում պաշտպանելու մամուլի ազատությունը և պայմաններ ստեղծում ազատ մամուլի գործունեության համար:

Յենի Նեսիլ լրագրողական կազմակերպության ղեկավար Արիֆ Ալիևն էլ հայտնեց, թե պատերազմական գործողությունների ժամանակ իրենց լրատվամիջոցները ոչ միայն պայքարել են հայկական ԶԼՄ-ների, այլև ռուսական և արևմտյան լրատվամիջոցներ, ֆեյքերի դեմ:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը ներկայացրեց հայաստանյան իրավիճակը՝ COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների իրավիճակում: Նա փաստեց՝ հայաստանյան լրատվադաշտը բազմազան է, բայց նշեց՝ դեռ կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. օրինակ՝ որոշ հեռուստաալիքների խմբագրական քաղաքականությունը, լրագրողների անկախությունը, լրագրողների դեմ ֆիզիկական բռնություն, ատելության խոսքը և այլն: Նա նաև մտահոգություն հայտնեց վերջին օրերին լրագրողների դեմ հարձակումների դեպքերի առիթով:

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը խոսեց իշխանությունների կողմից համավարակի ընթացքում լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների մասին, երբ ցանկացած ոչ պաշտոնական տեղեկատվության հրապարակման դեպքում լրատվամիջոցները հանդիպում էին մարդկանց հակազդեցությանը, ինչպես նաև իշխող էլիտայի ներկայացուցիչները լրատվամիջոցների դեմ սահմանափակումների և խոսքի ազատության սահմանափակումների հարցում չարաշահում էին իրենց լիազորությունները: Նա նաև նկատեց՝ տեղեկատվական դաշտի վերահսկման թեման ավելի արդիական դարձավ նաև պատերազմի առաջին փուլում:

Ելույթներից հետո համաժողովի մասնակիցներից ոմանք նշեցին՝ այնպիսի տպավորություն է կարծես այդ երկրներում ամեն բան իդեալական է, փաստեցին, որ միայն հայաստանյան ներկայացուցիչներն են ներկայացնում իրական պատկերը:

Արձագանքելով Լեյլա Աբդուլաևայի հայտարարություններին՝ ադրբեջանցի լրագրող եւ իրավապաշտպան Էմին Հուսեյնովը հայտարարեց. «Իրավիճակն Ադրբեջանում այն չէ, ինչ ներկայացնում են պաշտոնական մարմինների ներկայացուցիչները: Լեյլա Աբդուլաևան սուտ է խոսում: Նոյեմբերի իննին իրավապաշտպան Աբասովը չպարզված պայմաններում սպանվել է բանտում: Նրան գտել են երակները վնասված: Չկա հետաքննություն, որ պարզի, թե ինչ է տեղի ունեցել: Սա մենք որակում ենք որպես սպանություն: Ուզում են ցույց տալ, որ մենք բոլորս էլ այդ ճակատագրին ենք արժանանալու: Հորդորում եմ ԵԱՀԿ բյուրոյին հետաքննել այդ փաստը»:

Լեյլա Աբդուլաևան փորձեց իրավիճակը շեղել ու ինքն իրեն հակասելով՝ փորձեց մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին:

Նա մի կողմից դժգոհեց, թե տեսեք, փաստորեն ՀՀ-ում պատերազմի օրերին հավատարմագրումից զրկում էին արտասահմանցի լրագրողներին, մյուս կողմից էլ դժգոհեց, թե իբր ապօրինի հավատարմագրում և թույլ էին տալիս, որ արտասահմանցի լրագրողները գնան Արցախ, այդ վտանգավոր պայմաններում աշխատեն:

Բորիս Նավասարդյանն այս առիթով արձագանքեց. «Պատերազմական գործողությունները հիմնականում լուսաբանվում են պաշտոնական աղբուրների միջոցով , և անկախ լրատվամիջոցների ներկայությունը պարտադիր էր, ու սահմնափակումները չպետք է խանգարեին լուսաբանման բազմազանությանը: Այդ է պատճառը, որ միակ դեպքում արտասահմանյան մամուլի ներկայացուցիչը զրկվել է հավատարմագրումից: Բայց արտասահմանյան շատ լրագրողներ, գալով Հայաստան, դժգոհում էին, որ Ադրբեջանում հրաժարվել են իրենց հավատարմագրել և այդպիսով խոչընդոտել իրենց մասնագիտական գործունությանը: Այդ պատճառով էլ նրանք հավատարմագրում են խնդրում Հայաստանից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30