ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանին այսօրվա աղմկահարույց ասուլիսից հետո հրավիրել էին ՀՔԾ: Պարոն Հակոբյանը քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռ որեւէ մեղադրանք չկա, որեւէ կարգավիճակ չունի, իրեն հրավիրել են, հարցաքննել են ու ճանապարհել: Թե կոնկրետ ինչ հարցեր են ուղղել, նա պատասխանեց. «Այսօրվա հարցազրույցիս հետ կապված է: Բոլոր դրվագներով հարցեր էին տալիս, բոլորի վերաբերյալ, որոնք քննչական մարմինները գտել են անհրաժեշտ է, հարցրել են, ուզում էին ճշտել»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպես է արձագանքում ՊՆ-ի հայտարարությանը, որ ինքը պետական գաղտնիք է բացահայտել՝ հույժ գաղտնի՝ Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Վաղը կարձագանքեմ»: Նա ասաց, որ պատրաստվելու է պատասխան տալու: Ճշտեցինք՝ բայց համաձա՞յն եք, որ պետական գաղտնիք եք բացահայտել, ինչը քրեորեն պատժելի արարք է՝ Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Դա կորոշի իրավասու մարմինը, պաշտպանության նախարարն այդպիսի իրավասություն չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ