Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կարող է մարդկանց խիղճը տանջել

Նոյեմբեր 19,2020 21:15

Երբ մեղավորը գիտակցում է իր մեղքը, փրկում է միակը, ինչն իրապես արժի փրկել` խիղճը:

Վիկտոր Հյուգո

Բացակայողները միշտ մեղավոր են, ներկաները միշտ ունեն արդարանալու հնարավորություն:

 Բենջամին Ֆրանկլին

Յուրաքանչյուր ոք մեղավոր է այն լավի համար, որ երբեւէ չի գործել:

Վոլտեր

Ուղղվելու գլխավոր պայմանը նախ եւ առաջ սեփական մեղքի գիտակցումն է:

Սենեկա

Էշի մեղքի համար, չպետք է թամբին պատժել

Միգել Սերվանտես

Սրանք մեջբերումներ են հայտնի մարդկանց մտքերից:

Ըստ հոգեբանների, խղճի խայթը եւ մեղքի գիտակցումը ոմանց օգնում է ուղղվել, չկրկնել նախկին սխալները, սակայն ոմանց էլ կարող է տանել ինքնաոչնչացման: Խոսքը հատկապես զղջումից հետո ներման չարժանանալու մասին է: Մեղքը գիտակցումը՝ առանց ներման, մարդուն կարող է հասցնել նեւրոզի, քայքայել առողջությունը, դրա համար հարկ է դիմել մասնագետների:

Ըստ հոգեբանների, մեղքի զգացումը բացասական հույզեր է առաջացնում, ինչի հիմքում վախն է: Մարդը մեղքի զգացում է ունենում, երբ գիտակցում է, որ բարոյական եւ էթիկական նորմերին հակասող արարքներ է գործել: Օրինակ, հարբած մարդիկ, խումհարից դուրս գալուց հետո հիշելով իրենց՝ հարբած ժամանակ կատարած արարքները, ամաչում են: Նույն զգացումը կարող են ունենալ բարկության պահին իրենց ոչ պատշաճ պահած մարդիկ եւ հետո երկար ժամանակ նեղսրտել, որ վիրավորել են ինչ-որ մեկին կամ ամոթալի արտահայտություն ու արարք թույլ տվել:

«Երեւակայական եւ իրական մեղք» գրքում հոգեբան Մարինա Սուլդինան օրինակներ է բերում: Նշում է, որ դիցուք, երբ մարդ ուշանում է շատ կարեւոր գործնական հանդիպումից, որն իր ղեկավարն ու գործընկերները չեն կարող սկսել առանց իր ներկայության, այդ պահին ունենում է վախի, անհարմարության, մեղքի զգացում եւ սթրես: Իսկ մեկ այլ իրավիճակում, երբ մարդն ուշանում է ծնողների, սիրելի մարդկանց հետ հանդիպումից, որոնք առավոտից անհամբեր սպասել են իրեն, կրկին մեղքի զգացում է ունենում, սակայն, հոգեբանի կարծիքով, առաջին եւ երկրորդ իրավիճակներում ապրած զգացումները տարբեր են:

Առաջին դեպքում մարդը մտածում է իր մասին, որ գործընկերները եւ ղեկավարը հանկարծ չկարծեն, թե վատ դաստիարակություն ունի կամ անպարտաճանաչ է, իսկ երկրորդ դեպքում մարդը նեղսրտում է ոչ թե իր, այլ ծնողների, հարազատների համար: Հոգեբանը նշում է, որ երբ ուրիշներին ենք ցավ պատճառում, մեղքի զգացումը իրական է, իսկ երբ մեզ համար ենք տանջվում, այն երեւակայական է, նեւրոտիկ:

Հայ գրականության մեջ մեղքի գիտակցման եւ խղճի դատաստանի ամենատպավորիչ օրինակներից մեկը Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքում է բերված: Հերոսը՝ Հաճի աղան, թուրքերի գալու լուրը լսելով, առաջին բանը, որ մտածում է, իր տունը, ընտանիքը և հարստությունը փրկելն էր, իսկ եթե դա չհաջողվի, ինքն իրեն գոնե փրկի: Փախչելիս Հաճի աղայի սահմանքի վրա տեղ չի գտնվում նրա անդամալույծ քրոջ՝ Սրբունի համար, քանի որ նրան վերցնելու պարագայում ավելի քիչ տեղ կմնար հարստությունը տեղափոխելու համար:

Վերադառնալուց հետո աղան կորցրած է լինում ոչ միայն քրոջը, այլեւ իր հոգեկան հանգիստն ու խաղաղությունը: Խիղճը մինչեւ մահվան վերջին օրը տանջում է նրան, խղճի դատաստանն ավելի դաժան է մարդկային դադաստանից: Մահից առաջ նա «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին՝ աղքատներին բաժանելու համար: Ի դեպ, ապաշխարությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու յոթ խորհուրդներից երրորդն է:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարում՝ Ալբրեխտ Դյուրեր «Ադամ եւ Եվա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30