Նոյեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Իզմիրլյան» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններում և ծանոթացել Արցախի պաշտպանության ընթացքում վիրավորված զինվորների բուժման ու կազդուրման գործընթացին:
Բուժհաստատությունների ղեկավարները ներկայացրել են մինչ այժմ կատարված աշխատանքները և հետագա գործողությունները: Նրանց ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են բուժման գործընթացին, հիվանդանոցային պայմաններին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում, շփվել վիրավոր զինծառայողների հետ և հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Փոխվարչապետը տեսակցել է նաև Շուշիում վիրավորում ստացած իր արարողակարգի պատասխանատուին:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել վիրավոր զինվորներին՝ կատարած սխրանքների ու անձնուրաց ծառայության համար, և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում: Նա ընդգծել է հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին առավել որակյալ և բարձր մակարդակի բժշկական ծառայությունների մատուցման կարևորությունը:
Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել նաև բուժաշխատողներին ու Առողջապահության նախարարությանը անցած օրերին բացառիկ նվիրվածությամբ ու պրոֆեսիոնալիզմով աշխատելու համար:
Կարդացեք նաև
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ