Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պատերազմից հետո բոլոր պետք է փոխվեն և ավելի հոգատար դառնան միմյանց հանդեպ»․ արցախցիները վստահ են՝ իրենք ոտքի կկանգնեն

Նոյեմբեր 19,2020 19:10

Դիլիջանի «Պապանինո հաուս» ռեստորանում արդեն մի քանի շաբաթ է՝ արցախցի մի խումբ կանայք մանթի, պելմենի, գաթա և փախլավա են պատրաստում վաճառքի համար։

Նաիրա Միրզոյանը, որն Արցախի Մարտունու շրջանի բնակիչ է, իր հինգ հոգանոց ընտանիքով արդեն մեկ ամիս է՝ Դիլիջան է տեղափոխվել, Արցախում մնացել է միայն որդին՝ ծառայության։

Տիկին Նաիրան պատմում է, որ իրենց տունը մնացել է թշնամու տիրապետության տակ, և Դիլիջանում իրենք համբերատար սպասում են, որ Եղնիկներում ծառայող իր հրամանատար որդին վերադառնա ու որոշեն իրենց ապագան։

Չնայած նրան, որ միշտ իր հարազատ Արցախում է ապրել, հիմա արդեն երկմտում են վերադառնալու հարցում։

«Սիրտս մի տեսակ կախ ա, էլ չգիտեմ ինձ ապահով կզգամ այնտեղ։ Մենք մեր ամբողջ ունեցվածքը թողել ու մի շապիկով դուրս ենք եկել։

Չնայած տղայիս աշխատանքով է պայմանավորված, թե որտեղ կապրենք, բայց ես ավելի շատ կցանկանի մնալ Դիլիջանում, քան վերադառնալ»,- նշում է տիկին Նաիրան։

Ի տարբերություն Նաիրայի, տիկին Աիդան, որը Ստեփանակերտից է, շտապում է վերադառնալ. «Ես իմ մոր ու երեք աղջիկներիս հետ որոշել ենք՝ մի քանի օրից վերադառնալու ենք Ստեփանակերտի մեր տունը։ Դա մեր հայրենիքն է, մեր հողն է, ինչ էլ լինի պետք է ապրենք»։

Տիկին Աիդան վստահ է՝ այս պատերազմից հետո բոլոր պետք է փոխվեն և ավելի հոգատար դառնան միմյանց հանդեպ․ «Այլ կերպ անհնար է վերականգնել կորցրածը։ Հիմա բոլորս պետք է մեկս մյուսին թև ու թիկունք լինենք»։

Չնայած նրան, որ Ստեփանակերտի ավերածությունը պատկերացնելիս հուզվում է, վստահ է՝ Ստեփանակերտից դուրս ապրել չի ուզում․ «Մեր հողը ձգում է։ Հուսով եմ էլ ոչ մի պատերազմ չենք տեսնի»։

Սակայն վերադառնալու դեպքում էլ գիտի՝ կյանքն այլևս առաջվա պես չի լինելու. «Հիմա արդեն թուրքը դռանդ մոտ է։ Մենք վստահ ենք, որ թշնամին միշտ փորձելու է վնասի։ էն ժամանակ, որ երեխաները խաղում էին, սաղ գիշեր էլ դրսում մնային, չէինք անհանգստանում, իսկ հիմա, որ մութ ընգնի, մի քիչ ուշանան՝ արդեն վախը սրտումդ կլինի, թե մի բան կարող է լինել»։

Կանայք նշում են՝ ռեստորանում աշխատանքը միակ միջոցն է եղել, պատերազմի ժամանակ անհանգստությունը մեղմելու համար. «Մենք անչափ շնորհակալ ենք Անահիտին, որ այս աշխատանքով մեզ ապահովեց։ Սա օգնեց մեզ, որ ցրվենք ու համ էլ մեզ օգտակար զգանք»։

Անահիտ Սաֆարյանն արդեն վեց տարի է՝ ընտանիքով Դիլիջանում է ապրում։

Ընտանեկան բիզնեսը հիմնելու հիմնական նպատակը եղել է ընկերների ու Դիլիջան եկող մարդկանց համար ընտանեկան միջավայր ստեղծելը։

Արցախում ծավալված պատերազմի առաջին օրերից Կենտրոնական բանկի աշխատակից ընկերներով համախմբվել են` օգնության իրենց ներդրումն ունենալու համար։

«Քանի որ Դիլիջանում շատ են հյուրանոցներն ու հյուրատները, բազմաթիվ արցախցիներ ապաստանեցին այստեղ։ Սկզբում ընկերներով ու կոլեգաներով ինքնակազմակերպվում էինք ու արցախցիներին ապահովում էինք սննդով, հիգիենայի և առաջին անհրաժեշտության պարագաներով։Սակայն մարդկանց հոսքը շատանում էր և մի քանի հոգու ռեսուրսը չէր բավականացնում և ստեղծեցինք արցախցիներին աջակցելու ֆոնդ, որով այս պահին օգնում ենք 730 մարդու»։

Անահիտի խոսքով` արցախցիների հետ շփումից ակնհայտ էր, որ նրանց նաև պետք է հոգեբանական օգնություն` ընկճված և հուսահատ վիճակից դուրս բերելու համար. «Քանի որ ինձ մոտ համապատասխան վայր կար, որոշեցի որոշ բնակիչների համար աշխատանքային միջավայր ստեղծել, որտեղ իրենք կկարողանան պատրաստել այն, ինչ իրենք կարող են, իսկ վաճառքից ստացած հասույթը ուղղորդեցինք ֆոնդին, որը կաջակցեր նաև մյուս արցախցիներին»։

Անահիտի փոխանցմամբ՝ այս ընթացքում այնքան են հարազատացել իր ռեստորանում աշխատանքի անցած կանանց հետ, որ արդեն մտադրություններ նմանատիպ գործունեություն սկսել նաև Արցախում. «Ինչ-որ չափով մեզ հաջողվեց իրականացնել մեր նպատակը, քանի որ, եթե նրանք սկզբում շատ ընկճված էին և տխուր, հիմա իրենք արդեն ինտեգրվել են անձնակազմին, արդեն ժպտում են և կարողանում են կատակել։

Այս առումով ես իմ նպատակին հասել եմ, որովհետև այդ մարդկանց մոտ ապրելու և արարելու ցանկություն է առաջացել։ Մենք այնքան ենք հարազատացել, որ խոստացել եմ նրանց, որ գուցե ինչ-որ նախաձեռնություն լինի Արցախում, քանի որ արդեն անձնակազմ ունենք։ Դա շատ կարևոր քայլ է, որը պետք է շատ ձեռներեցները կողմից նախաձեռնություն լինի, քանի որ մենք պետք է ցույց տանք, որ Արցախը պետք է նորից բնակեցվի, ու արցախցիներն էլ զգան, որ իրենք մենակ չեն, և մենք ուզում ենք իրենց հետ կիսել այդ պատասխանատվությունը»։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30