Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ անձնավորել, հասարակությանը բաժանել հայրենասերների և դավաճանների»

Նոյեմբեր 19,2020 18:50

Գիտխորհրդի օրակարգային հարցերի սպառումից հետո գիտական խորհուրդն անցավ երկրում ստեղծված իրավիճակի քննարկմանը: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նշեց, որ երկիրն այսօր գտնվում է ծանր դրության մեջ: Նրա կարծիքով, հայ ժողովուրդն առաջին անգամ է հոգեկան նման ապրումների մեջ Ցեղասպանությունից հետո, և համալսարանն այն կառույցն է, որ պետք է իր խոսքն ասի և սթափության կոչ անի:

«Բանակը մեղավոր չէ, մեղավոր է քաղաքական ուժը, որը երկու տարվա ընթացքում չպատրաստեց բանակը և չկանխեց պատերազմը: Քաղաքական իշխանությունը պետք է ներողություն խնդրի և հեռանա»,- ասաց Մարատ Գրիգորյանը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը նշեց, որ ինքն արդեն հանդես է եկել բաց նամակով, և ըստ էության՝ իր դիրքորոշումը պարզ է. «ԵՊՀ-ն ազգային կառույց է, որը մշտապես կանգնած է եղել արցախյան գոյամարտի ակունքներում: Երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՊՀ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա, գնահատական տա գործող իշխանությունների, ինչպես նաև վարչապետի գործունեությանը: Բացի դրանից՝ ԵՊՀ-ն պետք է կոչով դիմի ժողովրդին»:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի կարծիքով ևս համալսարանն անպայման պետք է հայտարարությամբ հանդես գա և կրավորական կեցվածք չընդունի. «Հայտարարության կառուցվածքը պիտի լինի իրավիճակի սթափ գնահատում, պատճառներ և առաջարկ: Վերջինս պետք է բխի իրավիճակի գնահատականից»:

ԵՊՀ գիտխորհրդի անդամ Տաթևիկ Սողոյանի կարծիքով էլ հստակ է, որ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավարը պետք է հեռանա. «Դիվանագիտական դիլետանտիզմի և արկածախնդրության հետևանքներն ենք մենք հիմա քաղում»:

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն իր խոսքում նշեց, որ բոլորը համակարծիք են, որ իշխանությունը պետք է հեռանա, գոնե այն տեսանկյունից, որ պարտված ղեկավարը դժվար կարողանա հետագայում առաջնորդել. «Չնայած ես չեմ համարում, որ իշխանությունները հող են հանձնել, այդ հողը մեզնից խլել են: Խլել են պատերազմով, իսկ որ պատերազմում մենք պարտվել ենք, մեղավոր չեն միայն իշխանությունները, մեղավոր ենք բոլորս, մեղավոր ենք 30 տարվա մեր գործունեությամբ և անգործությամբ»:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այսօր տարբեր գիտնականների, մտավորականների և փորձագետների կողմից ձևավորվում են հարթակներ, որոնք ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծման տարբերակներ են առաջարկում. «Անխոս ԵՊՀ-ն ինքնին նման հարթակներից ամենաառաջնայինն է և ամենամեծ իրավունքը և պատասխանատվությունն ունի՝ արտահայտելու իր կարծիքը»:

Նա հիշտակեց 90-ականներին մամուլում տեղ գտած հայտարարության մասին, որով ԵՊՀ-ն կոչով դիմել է ժողովրդին՝ բարձրաձայնելով ժամանակի խնդիրները. «Այսօրվա իշխանության սխալների մասին ես, ի տարբերություն շատերի, բարձրաձայնել եմ այն ժամանակ, երբ այն դեռևս ուժեղ էր: Կարծում եմ՝ այս իշխանության սխալներից մեկը հայագիտական առարկաների շուրջ մշակված հարձակումն էր, որին մեր գիտխորհուրդը հավանություն տվեց»:

ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը փաստեց, որ ճիշտ կլինի դիտարկել երևույթը, այլ ոչ անձանց. «Միևնույն ժամանակ երևույթի քննարկումն ավելի կամրապնդի համալսարանի դերը հասարակության մեջ: Իմ խորին համոզմամբ, Հայաստանի տնտեսության զարգացումը հիմնված է լինելու ռազմարդյունաբերության վրա: Հետևաբար պիտի հասկանանք մեր անելիքը, համապատասխան քայլերի ձեռնարկումը»:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանն ասաց, որ հայտարարության մեջ պետք է շեշտվի, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է կայունություն:

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի կարծիքով նույնպես ԵՊՀ գիտխորհուրդը չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակի շուրջ, բայց և պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել՝ չբևեռվելով մի անձի, մի իշխանության, մի մտածելակերպի վրա. «Մեր հիմնական կորուստը, իմ համոզմամբ, մեր զոհերն են: Աշխարհում ամեն ինչ ունի իր գինը: Այս գինը, որ մենք վճարեցինք, արժե՞ր, դեռ ինչքա՞ն կարող էինք վճարել, մինչև վերջին հա՞յը»:

Նրա համոզմամբ, պետք է պատասխան պահանջել բոլոր իշխանություններից, թե ինչ է արվել պատերազմը կանխելու համար. «Իմ կարծիքով, այս ամենը հետևանք է 1994 թ. Բիշքեկյան համաձայնագրի հաջորդ օրվանից սկսած: Արցախյան պատերազմը հարկադրված էր, որը մենք հաղթեցինք: Հաղթանակից հետո, իմ կարծիքով, մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմը նորից սկսի: Ի դեպ, մենք՝ համալսարանն ընդհանուր առմամբ, ևս ոչինչ չարեց, որ պատերազմ չլինի»:

Վահրամ Դումանյանի փաստմամբ, այսօրվա գերխնդիրը պետք է լինի հասարակության համախմբումը: Նրա կարծիքով, ցանկացած հեղափոխական իշխանություն դատապարտված է. «Այժմ պետք չէ անձնավորել, հասարակությանը բաժանել հայրենասերների և դավաճանների»:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշեց, որ այսօր երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, որովհետև ԱԺ-ում աշխատանքներ են իրականցվում առանց ընդդիմության. «Ճգնաժամն ընթանում է նաև հասարակության մեջ: Առճակատման, հնարավոր բախումների մթնոլորտում համալսարանի հայտարարությունը պետք է ուրվագծի որոշակի ճանապարհային քարտեզ»:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փաստեց, որ մենք տասնամյակներ շարունակ հպարտացել ենք 90-ականների սկզբի հաղթանակով և շատ թեթև ենք վերաբերվել շատ քաղաքական գործիչների, ավելի կոնկրետ առաջին նախագահի զգուշացմանը, շատ թեթև ենք վերաբերվել Ադրբեջանի հոխորտանքներին, անտարբեր ենք եղել Թուրքիայի առաջ քաշած «մի ժողովուրդ, երկու պետություն» արտահայտությանը, անլուրջ ենք վերաբերվել փաստին, որ որևէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը:

«Այս պատերազմն անսպասելի էր գուցե օրվա իմաստով, բայց որ այս պատերազմը պիտի լիներ, կամ զիջումները պետք է լինեին առանց պատերազմի, կամաց-կամաց ակնհայտ էր դառնում: Երբ շատ երկար ես վայելում հաղթանակի պտուղները, և չես պատրաստվում հաջորդ պատերազմին, ընդ որում՝ պատրաստվելն աշխատանքով, նյութական, ի վերջո պարտվում ես»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Նրա կարծիքով, անցյալ և ներկա իշխանությունները շատ թեթևամտորեն են վերաբերվել կրթության հարցերին, բոլորն արհամարհանքով են վերաբերվել գիտությանը: Նրա հավաստմամբ, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը պատերազմին ձգտել չի նշանակում միայն, բոլոր առաջավոր տեխնոլոգիաներն առաջացել են այդ համալիրում: Այնտեղ են ծնվում նոր գաղափարները. «Պետք է ստեղծվեին ենթակառուցվածքներ, նյութական արտադրություն, անհրաժեշտ էին արդյունաբերական հզորություններ»:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի համոզմամբ, եթե պիտի գա նոր իշխանություն և շարունակի նույն գործունեությունը, ապա ոչինչ չի փոխվի. «Եթե գալու է նոր իշխանություն, որը մտածելու է իր իշխանությունը պահելու մասին կամ զարգացման խնդիրներ չի դնելու, էլի նույն փոսի մեջ ենք լինելու»:

Ներկայիս իշխանությունը, Գեղամ Գևորգյանի կարծիքով, ունի մեղքի իր բաժինը. «Ես չէի ասի՝ միայն նրանք են մեղավոր, բայց նրանց օրոք է գրանցվել այս վիճակը: Ելքը մեկն է. կառավարության հրաժարական: ԱԺ-ն կձևավորի նոր կառավարություն: Ճիշտ կլինի առաջիկա կես տարում իրականացնել արտահերթ ընտրություն, ոչ այս պահին»:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանն էլ դիտարկում արեց՝ նշելով, որ երկրի հիմնական հաջողությունները գրանցվել են այն ժամանակ, երբ եղել է տեխնոկրատ կառավարություն. «Կարծում եմ՝ այդ հանգամանքը պետք է ինչ-որ կերպ նշվի մեր հայտարարության մեջ»:

Քննարկումների ավարտին որոշվեց կազմել հանձնաժողով, որը կներկայացնի հայտարարության տեքստի նախագիծ: Հանձնաժողովում ընդգրված են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ աստվածաբության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

Երևանի պետական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30