Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին բերման ենթարկեցին, մեկն էլ վրաերթի ենթարկվեց

Նոյեմբեր 19,2020 17:37

Մայրաքաղաք Երեւանում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր էին, քաղաքի տարբեր հատվածներում մարդիկ փողոցներ են փակել։ Մի խումբ երիտասարդներ փակել էին դեպի Հանրապետության հրապարակ տանող Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը։

Այստեղ, երբ ցուցարարները պատ էին կազմել, 88FU988 համարանիշով ավտոմեքենան փորձեց ճանապարհը շարունակել՝ ճեղքելով ցուցարարների կազմած պատը,եւ վրաերթի ենթարկեց ցույցի մասնակից մի երիտասարդ աղջկա։ Նա մեքենայի հարվածից վայր ընկավ գետնին: Մի քանի վայրկյան հետո ոտքի կանգնեց եւ շարունակեց ցույցը։ Աղջիկը հայտնեց, որ իրեն լավ է զգում եւ չի ուզում բժշկի դիմել․ «Բուժօգնության կարիք չկա, ոչ մի սարսափելի բան չկա, հանուն հայրենիքի եմ ցույց անում, հանուն իմ Արցախի եմ անում։ Ես արցախցի եմ, ես իմ տունն եմ ուզում Արցախում, քանի մեքենա ուզում է՝ ինձ տակը գցի, ես իմ տունը դավաճան Նիկոլից ուզում եմ»։

Ոստիկանությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է։ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․«Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երեւում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։ Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է եւ գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ փակել էին նաեւ Մյասնիկյան պողոտան, այստեղ նրանք ամենագնաց մեքենա էին կանգնեցրել՝ թույլ չտալով մեքենաների երթեւեկը։ Ցույցի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ, դավաճա՛ն»։ Այս քաղաքացիներն իրենց դժգոհությունն ու ցասումն էին արտահայտում ՀՀ-ՌԴ-Ադրբեջան կնքած՝ Արցախում պատերազմն ավարտելու մասին համաձայնությունը։

Որոշ ժամանակ հետո ցույցի մասնակիցները բացեցին փողոցը, նրանք ցույցը շարունակում էին մայթերին։ Այստեղ ժամանեցին ոստիկաններ, որոնք վեց քաղաքացու բերման ենթարկեցին եւ ցրեցին խաղաղ ցույցը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30