Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Խնդրեցի՝ տիկի′ն Աննա, նպատակահարմար է, որ Դուք դուրս գաք. չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան». Մովսես Հակոբյանը՝ իր և Աննա Հակոբյանի հետ կապված լուրերի մասին

Նոյեմբեր 19,2020 17:10

«Երկրի ղեկավարը հինգերորդ օրը զանգել է ԱՀ բանակի հրամանատարին: Ասեմ, որ դա առաջին զանգն է եղել: Նա ասել է, որ իրեն տեղեկություններ են հասնում, որ բանակի հրամանատարական կետ տարբեր մարդիկ են մտնում, ինքը արգելել է՝ որևէ մարդ մտնի»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցածի մասին պատմեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խորհրդակցություն է անցկացրել, երբ հարցրել է՝ ովքեր են հրամանատարական կետում, Արցախի նախագահն ասել է՝ ոչ մեկը, ինքը դուրս է եկել, որպեսզի չստացվի, որ երկրի նախագահը սուտ է ասում: Հետո վերադարձել է, քանի որ երբ սահմանափակել են բոլորի մուտքը հրամանատարական կետ, ինքը Արայիկ Հարությունյանին հարցրել է՝ նա ասել է՝ մնա:

Իր՝ Երևան գալու պատմության հետ կապված ևս որոշ մանրամասներ ներկայացրեց. «Մեկ օրով եկել եմ Երևան, Արայիկ Հարությունյանը խնդրել է, որ ինչ-որ զինվորական միտք իր մոտ մնա: Սեյրան Օհանյանին ենք խնդրել: Խորհրդակցության ժամանակ գեներալ Հարությունյանը վարչապետին խնդրել է, որ թույլ տա՝ ես մնամ հրամանատարական կետում: Վարչապետը հարցրել է՝ միայն ինքը, ասել է՝ այո, վարչապետն ասել է՝ իրեն թույլատրում եմ»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ կատարվածի մասին՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Քանի որ արգելված է եղել կողմնակի մարդկանց մուտքը հրամանատարական կետ, բարձրացել եմ վերև ճաշելու, իջել, տեսել եմ՝ էկրանի առաջ նստած է տիկին Աննան՝ կողքին կանգնած Սամվել Բաբայանը: Էկրանին երևում են մարտական գործողություններ, բարևել, նստել եմ սեղանի շուրջ: Էկրանին դիտարժան մարտական գործողություններ էին. հակառակորդի մուտքն էր դեպի Մատաղիս, երբ մեր զորքերը ջախջախում էին: Տիկին Աննան նստած դիտարկում էր. որևէ գործի չէր խառնվում, ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր՝ ինչ է կատարվում մարտի դաշտում… Ես մոտեցա, խնդրեցի՝ տիկի′ն Աննա, այսպիսի տեսարժան բաներ չեն լինելու. մնացած ուղղություններով ընթանում են մարտեր: Նպատակահարմար է, որ Դուք գնաք, քանի որ տղաները խոսում են, գոռում, կարող են նաև հայհոյել: Մի քանի րոպե նստեց, գնաց: Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան»:

Մովսես Հակոբյանը պատմեց՝ եկել է ՀՀ ՊՆ մեծ ակնկալիքով, որ պիտի հետ դառնա, այն էլ ՊՆ նախարարն ասել է՝ ինձ հրամայել են, որ Դուք այլևս չգնաք այնտեղ. «Ասում եմ՝ պատճառն ի՞նչն է: Նախարարն ասում է՝ չգիտեմ: Ո՞վ է ասել վարչապետին: Ինչո՞ւ եք ինձ հանում այնտեղից, ասում եմ՝ հիմնավոր ասեք, թե չէ այսպես չի ստացվելու: Ու այդ ժամանակ ես վարչապետի համարին հաղորդագրություն եմ ուղարկում, հեռախոսիս մեջ էլ կա: Գրել եմ՝ չեմ կարողանում մնալ այստեղ, ուղարկեք ինձ Արցախ. սիրտս պայթում է: Բայց այդ հաղորդագրությունը չի էլ բացել: Ես զանգում եմ Արայիկ Հարությունյանին, ասում եմ՝ պարո′ն նախագահ, վարչապետը Ձեզ մոտ է, թող նամակս կարդա: Եվ խնդրում եմ բացատրել, որ ինձ հետ ուղարկի Արցախ: Առժամանակից զանգեցին, ասացին՝, որ ժամը 11-ին կընդունի ինձ վարչապետը, ու հետ կգնամ Արցախ: Սակայն չորս օր անցավ, ու այդպես էլ ինձ չընդունեց»:

Այն շահարկումներին, թե Մովսես Հակոբյանը եղել է COVID-19-ով վարակված, դրա համար նրան թույլ չեն տվել գնալ Արցախ, այս առիթով ևս որոշ պարզաբանումներ ներկայացրեց. «Արցախից ահագին մարդ կար մեր տանը: Մեկի ջերմությունը բարձրացել է, տարել ենք հիվանդանոց, ես էլ տիկինիս ասացի՝ քանի այստեղ ենք, մենք էլ նկարվենք: Այդ պահին նախարարն է զանգում, թե շտապ ներկայացի նախարարություն, վարչապետն է այստեղ: Գնում եմ, ասում են՝ խորհրդակցություն է, չեն թողնում ներս, ավարտվում է: Նախարարն ասում է՝ գնա, Օնիկ Գասպարյանը քեզ խնդիր կդնի: Մտնում եմ նրա մոտ, ասում է՝ Բաբայան Սամվելն ասում է, որ դու գաս, կոորդինացնես գործողությունը: Կոորդինացնել, նշանակում է ղեկավարել: Ես ասացի՝ դա քո գործառույթն է: Մյուս կողմից ասացի՝ Բաբայան Սամվելը, որ ասում է, ես չեմ անի, որովհետև իմ վերաբերմունքը Բաբայան Սամոյի նկատմամբ առանձնահատուկ է: Հարգանքով եմ վերաբերվում իր արածին, բայց պատերազմի ղեկավարումն այս պահին իր խելքի գործը չէ: Իսկ երկրի ղեկավարը ղեկավարել է Բաբայան Սամոյի միջոցով: Ինձ հանելու պատճառը չգիտեմ ինչն էր. Բաբայան Սամոյին խանգարե՞լը, թե՞ տիկին Աննային խնդրելը՝ հրամանատարական կետից դուրս գալ»:

Մովսես Հակոբյանն ասաց՝ ինքը կորոնավիրուսով հիվանդ չի եղել, թեստի պատասխանը բացասական է եղել: Թոքերի նկարը ցույց է տվել մեկ տոկոս թոքաբորբ, որը չեն էլ բուժում: Երբ ուզել է մտնել հրամանատարական կետ, իրեն թույլ չեն տվել՝ ասելով, թե թոքաբորբ է: Ասել է՝ նորից թեստ հանձնեմ, ասել են հաց ես կերել, կարող է ցույց չտա: Մինչդեռ Մովսես Հակոբյանն ասում է՝ արյան անալիզով էլ է հաստատվել, որ ինքը վարակ չի տարել: Եվ այդպես գնացել է Արցախ: Նա նշեց, որ իր զեկուցագրում ինքը գրել է, որ իրեն զրկել են իր պարտականությունների կատարումով դրական ազդեցություն ունենալուց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30