Կարիք չկա հերթական անգամ նշել, թե ինչ դաժան հանգրվանի է հասել Հայաստանն իր անկախության երրորդ տասնամյակի ավարտին․ Կատարվածը ձախողում է, անվերապահ և խայտառակ ձախողում։ Եվ ուրեմն՝ ավելի քան երբեք մեզ պետք է սառը գլխով ու առանց որևէ պաթոսի նայել ճշմարտության աչքերին, անել ցավոտ հետևություններ ու սկսել մաքուր էջից՝ ջնջելով և ուղղելով մեր բոլոր գլխավոր սխալները, հասկանալ անելիքներն ու սկսել աշխատել այդ ուղղությամբ հենց հիմա։
Որպեսզի պետության զարգացման նոր ռազմավարությունը լինի արդյունավետ, անհրաժեշտ է տարանջատել միֆերն ու իրականությունը, դադարել առաջնորդվել կեղծ օրակարգերով։ Իսկ այսօր, երբ մեր զոհված զինվորներից շատերի մարմինները դեռ հողին հանձնված չեն, կարծես Հայաստանի հանրային և քաղաքական օրակարգերը շարունակում են ծնել նոր միֆեր, որոնք շեղում են հանրության ուշադրությունն իրական խնդիրներից։ Փորձենք միասին ֆիքսել այդ միֆերը և սահմանել մեր գլխավոր անելիքները։
Միֆ համար 1․ Փաշինյանի հեռացումը կհանգեցնի քաղաքական անկայունության
Անհրաժեշտ է գիտակցել, որ այս պահին մենք արդեն գործ ունենք քաղաքական այնպիսի անկայունության հետ, որպիսին դեռ երբեք չի եղել նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Պետք չէ մարդկանց վախեցնել մի բանով, որն արդեն իրողություն է․ Պետական իշխանությունը փաստացի կաթվածահար վիճակում է, խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերը, երկրի նախագահը պահանջում են կառավարության հրաժարականը, բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարականներ են ներկայացնում, Արտաքին գործերի նախարարն ու իր տեղակալներն ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից, մինչդեռ տվյալ պահին Հայաստանը պիտի դրսևորեր դիվանագիտական ճիգեր ստորագրված եռակողմ հայտարարությանը վերաբերող բազմաթիվ նյուանսների հայանպաստ լուծումներ տալու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով Կրեմլի պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից հնչող ակնարկները՝ Հայաստանում արագ և անցնցում իշխանափոխությունը կարող էր գնահատվել դրական քայլ՝ Արցախին վերաբերող մի շարք հարցերում Հայաստանի դիրքերն ամրապնդելու կամ հայանպաստ լուծումներ ապահովելու տեսանկյունից։ Մինչդեռ Հայաստանի գործող կառավարության վարքագիծը ավելի է խորացնում պետության ճգնաժամը՝ փակելով Հայաստանի համար հնարավորությունների մի շարք դռներ։
Միֆ համար 2․ Նիկոլ Փաշինյանը դավաճան է
Մեր ամբողջ պատմության ընթացքում մենք զբաղված ենք եղել հիմնականում 2 բանով՝ կործանել Հայաստանի պետականությունն ու դրա համար դավաճաններ փնտրել․ հեշտ է պարտության մեղքը բարդել մեկ մարդու վրա ու անցնել առաջ, բայց դրանով հարցերը չեն լուծվում․ Մյուս կողմից, անհրաժեշտ է գիտակցել, որ պետական դավաճանությունն ամենածանր հանցագործությունն է, և որևէ մեկին նման բանում մեղադրելուց առաջ պետք է ունենալ հստակ ապացույցներ, այլ ոչ թե սեփական համոզմունքներ ու «ֆեյսբուքյան եզրահանգումներ»։
Նիկոլ Փաշինյանին կարելի է մեղադրել իր կողմից իրագործված հեղափոխության սկզբունքներին դավաճանելու մեջ, հռչակված սիրո և համերաշխության գաղափարների փոխարեն հասարակության մեջ մոլեռանդ ատելություն և անհանդուրժողականություն բորբոքելու մեջ։
Ակնհայտ է, որ Փաշինյանն իրեն դրսևորել է որպես խիստ ապաշնորհ և անհեռատես պետական գործիչ, նա պոպուլիստ է, ով այդպես էլ չկարողացավ տարանջատել անձնական ամբիցիաներն ու հաղթանակները պետության և հանրության շահից։ Պատերազմի շեմին գտնվող երկրի ներքին միասնությունը ջլատելով, քաղաքական էլիտաներին իրար դեմ տրամադրելով, հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելով և հանրության տգիտությունը սեփական իշխանության ամրապնդմանը ծառայեցնելով՝ նա կանաչ լույս վառեց Հայաստանի արտաքին թշնամիների համար, որոնք լավագույնս օգտվեցին ստեղծված իրադրությունից ու մեզ պարտադրեցին ստորացուցիչ կապիտուլյացիա։
Փաշինյանն իշխանության եկավ՝ ամբողջ հասարակությանը մոբիլիզացնելով մեկ անձի դեմ, մարդկանց կոնսոլիդացիայի գաղափար դարձրեց ատելությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր դեմ էին իր իշխանությանը և իրականացված հեղափոխությանը, մինչդեռ նա ուներ բացառիկ շանս այդ էներգիան ուղղելու նոր որակի պետություն ստեղծելու կարևոր նպատակին։
Նիկոլ Փաշինյանը, վստահաբար, չէր ցանկանա Հայոց պատմության մեջ մնալ որպես Արցախը կորցրած ղեկավար, քանի որ այդպիսի տրիումֆով իշխանության եկած ցանկացած ոք չէր ուզենա ավարտել այսպիսի ծանր պարտությամբ։ Այդուհանդերձ, Փաշինյանի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականությունը, կադրային նշանակումները, չհավասարակշռված վարքն ու կառավարման տաղանդի իսպառ բացակայությունը հանգեցրին պետության համար ողբերգական հետևանքների։
Միֆ համար 3․ Պարտվեցինք, որովհետև մարդիկ չգնացին կռվելու
Սա ամենասոսկալի և վտանգավոր մանիպուլյացիան է, որին դիմում են Հայաստանի և Արցախի գործող իշխանությունները՝ մեկնաբանելով հայկական պետությունների կատարյալ ձախողումն այս պատերազմում։ Առնվազն անխղճություն է հասարակությանը մեղադրել մի բանում, որը պետության խնդիրն է․ Եթե մարդիկ լինեին այնքան կազմակերպված և գիտակից, որ իրենց հանրային կյանքին վերաբերող բոլոր հարցերը կարողանային կազմակերպել ինքնուրույն, ապա պետություն ստեղծելու կարիք երբեք չէր լինի։ Մինչդեռ անցած 26 տարիների ընթացքում մենք ունեցել ենք զինված ուժեր, Պաշտպանության նախարարություն, զինվորական կոմիսարիատներ, պաշտպանության մասին օրենք, զինվորական ծառայություն անցած ու պահեստազորում գրանցված տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնց զորակոչելը, մարտական խնդիր տալը և առաջնորդելը պիտի արվեր հենց պետության կողմից։ 30 տարի պատերազմի նախապատրաստվող երկրում փաստացի ձախողվեց պահեստազորի մոբիլիզացիայի և կառավարման գործընթացը։ Սա պետական կառավարման հարց է, այլ ոչ թե կամավորականների սակավության խնդիր։ Մեղավոր են բոլոր այն անձինք, ովքեր անցած տարիների ընթացքում պատասխանատու են եղել այս գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։ Կարճ ասած՝ մարդկանց մեղադրելը պետական համակարգի անգործության համար առնվազն սրիկայություն է։
Միֆ համար 4․ Հայաստանի նախկին նախագահները «հող ծախող են»
Վստահաբար կարելի է պնդել, որ Հայաստանի 3-րդ հանրապետության ղեկավարներից ոչ մեկը Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում չի դավաճանել Հայ ժողովրդի շահը․ նրանք բոլորն ունեցել են տարբեր մոտեցումներ, գուցե ոչ այնքան արդյունավետ, սակայն թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը իրենց պատկերացումների սահմաններում փորձել են թույլ չտալ Արցախի վերադարձը Ադրբեջանի կազմ։ Մեղադրել նրանց դավաճանության և «հողերը ծախելու» մեջ կնշանակի կտրվել իրականությունից և տուրք տալ քարոզչական անառողջ թեզերին, որոնց նպատակն է ջլատել հասարակության միասնությունը և չհարգել սեփական անցյալը։
Միֆ համար 5․ Պարտվեցինք, որովհետև Նիկոլը հետ չբերեց օլիգարխների թալանածը
Թերևս միակ անբեկանելի ճշմարտությունն այն է, որ Հայաստանում ապրող և Հայաստանից արտագաղթած յուրաքանչյուր մարդ մեղավորության լումա ունի պատերազմում կրած այս դառը պարտության մեջ։ Եվ եթե մենք այդքան հետևողական ուզում ենք բռնել բոլոր գողերին ու հետ վերադարձնել նրանց թալանածը, ապա պիտի պատրաստ լինենք, որ արդարադատությունը նաև մեզ է հասնելու։ Հայաստանում ապրող հազարավոր երիտասարդ, առողջ տղամարդիկ ժամանակին ապօրինի ճանապարհներով ազատվել են զինվորական ծառայությունից և հաշմանդամության թոշակ են ստանում։ Նրանք դուրս են գալիս փողոց, գնում են աշխատանքի, հանրային կարծիք ու դիրքորոշում են հայտնում, բայց մակաբույծի պես ծծում են Հայաստանի արյունը։ Այդ մարդիկ եղել են 2018թ-ի «Թավշյա հեղափոխության» կերտողների թվում, այսօր նրանք նաև ընդդիմության շարքերում են։ Նրանք ևս այս հասարակության լիիրավ անդամներն են և ունեն կարծիք հայտնելու, բողոքելու, դժգոհելու իրավունք։ Մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ կերպ, ինչ-որ պահի գողացել է պետությունից կամ աչք է փակել գողի վրա։ Հետևաբար մեղավորներ փնտրելն անիմաստ է: Ավելի արդյունավետ է դարձի գալն ու նոր էջից սկսելը։
Միֆ համար 6․ Ռուսաստանը վատն է, Եվրոպան՝ լավը
Ռուսամետների և Արևմտամետների անհաշտ գզվռտոցը ֆեյսբուքում և նրա սահմաններից դուրս ապացուցում է, որ 3 հազար տարվա մեր պատմությունը որևէ բան մեզ չի սովորեցրել։ Ժամանակն է հասկանալ, որ փոքր, թույլ և սահմանափակ հնարավորություններով Հայաստանի համար ամոթաբեր չէ հզոր հարևանի ստվերի տակ գոյատևելը, հատկապես, երբ բոլոր կողմերից ցանկանում են մեզ հոշոտել։ 44 օրյա պատերազմը նորից ապացուցեց, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների բնօրրան Արևմուտքը որևէ գործուն քայլ չի անի մեզ հերթական կոտորածից փրկելու համար։ Ուստի մեր պաթետիկ հպարտությունն ավելի լավ է վերափոխենք տքնաջան աշխատանքի, որը մեզ թույլ կտա գոնե 20 տարի հետո վերանայել այս 6-րդ համարի միֆը և դառնալ ավելի ինքնաբավ, արդյունավետ պետություն։
Միֆ համար 7․Եթե Նիկոլը գնա, կգան նախկինները
Հասարակությունը նախկինների և նորերի բաժանելու մտածողությունը ամենամեծ վնասն է, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասցրել է մեր պետությանը։ Ժամանակն է հասկանալու, որ չկան մեր երկրում նախկիններ և ներկաներ։ Կան մարդիկ, որոնք մեր երկրի միակ ռեսուրսն են։ Մենք չունենք նավթ, գազ, չունենք ծով և այլ թանկարժեք ռեսուրսներ։ Մեր միակ ներուժը մարդն է, իսկ մարդկանց դասակարգել ներկաների և նախկինների, մերժել ու հեռացնել նրանց մի մասին, կնշանակի անդամահատել սեփական մարմինը։
Ի՞նչ է պետք անել
Պետք է սկսել նոր էջից։ Այդ էջում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տեղ չունի։
Հայաստանի նոր իշխանությունը դատապարտված է լինել տեխնոկրատների իշխանություն։ Կենսագրություն և պրոֆեսիոնալիզմ չունեցող մարդիկ այլևս տեղ չպետք է ունենան Հայաստանի կառավարման համակարգում․ Քաղաքական, գաղափարական ու անձնական հակասություններն այլևս դառնում են ժամանակավրեպ․ բոլոր փորձառու գործիչները, մասնագետները, պրոֆեսիոնալներն, ովքեր կարող են ամենաչնչին նպաստը բերել պետության առողջացմանը, պարտավոր են ներգրավվել այդ գործընթացում։
Կրթությունը՝ գլխավոր առաջնահերթություն
Նոր Հայաստանի թիվ մեկ խնդիրը պետք է դառնա նոր որակի հասարակության ձևավորումը․ դրա միակ բանալին կրթությունն է․ միլիարդավոր դոլարներ պետք է ուղղվեն կրթության ոլորտի արմատական վերափոխմանը, պիտի ձևավորվի վերլուծելու, քննադատական մտածողության ընդունակ հանրություն։ Հասարակության զոմբիացումն ու մանիպուլյացիան պիտի վճռականորեն մերժվի մեզանում։ Անիմաստ պաթետիզմից ու ռազմահայրենասիրությունից անհրաժեշտ է հրաժարվել անհապաղ։ Դրա փոխարեն պետք է ստեղծել նոր որակի պաշտպանական համակարգ, պրոֆեսիոնալ բանակ։
Անելիքները պիտի լինեն շատ հստակ․ առաջին քայլերը, բնականաբար, պիտի ուղղվեն պատերազմի հետևանքների, հասցված նյութական վնասների վերացմանը։ Գոյաբանական խնդիր է դառնում Արցախի հայաթափումը թույլ չտալը։ Սրանք խնդիրներ են, որոնց իրագործման համար ահռելի ջանքեր են պետք։ Մենք վատնել ենք հարաբերական կայունության 3 տասնամյակներ ու չենք կարողացել լուծել շատ կարևոր խնդիրներ, որոնք այսօր մեզ ապագայի երաշխիքներ կտային։ Ուստի հապաղելու ժամանակ այլևս չունենք։
Դանիել ՇԱՀՈՒՄՅԱՆ