Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչ Ադրբեջանը խոստանում էր վերականգնել մայր տաճարը, ի հայտ եկան մասունքների, արձանների պղծման և քաղաքի սրբագույն խորհրդանշի նկատմամբ ծաղրի մասին փաստող լուսանկարներ. դեսպան

Նոյեմբեր 19,2020 17:00

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդես է եկել ելույթով Կրոնական ազատության միջազգային դաշինքի հանդիպմանը

Նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ելույթով է հանդես եկել Կրոնական ազատության միջազգային դաշինքի առցանց նախարարական հանդիպմանը։

Ընդգծելով սեփական պատմական փորձի հիման վրա Հայաստանի համար կրոնական և էթնիկական հանդուրժողականության կարևորությունը՝ դեսպան Ներսեսյանն իր ելույթում մտահոգություն է հայտնել կրոնական համատեքստում Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի կապակցությամբ։ Դեսպանը նշել է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մի շարք շրջանների վերահսկողության անցումն Ադրբեջանին, առանձնակի կարևորություն են ստանում հայ կրոնական և պաշտամունքային վայրերի ոչնչացման կանխման նպատակով միջազգային հանրության կողմից դրա բարձրաձայնումն ու խիստ միջոցների ձեռնարկմանն ուղղված կոչերը։ Վարուժան Ներսեսյանը հավելել է․ «Վերջին պատերազմի ընթացքում արձանագրվել են կրոնական և պաշտամունքային վայրերի դիտավորյալ թիրախավորման և ոչնչացման դեպքեր, ներառյալ՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։ Մինչ Ադրբեջանի ղեկավարությունը խոստանում էր վերականգնել քանիցս ռմբակոծված մայր տաճարը, վերջին հանգստյան օրերին ի հայտ եկան մասունքների, արձանների պղծման և քաղաքի սրբագույն խորհրդանշի նկատմամբ բացահայտ կերպով ծաղրի մասին փաստող լուսանկարներ»։

Առցանց հանդիպմանը հաջորդած լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ընթացքում հայկական քրիստոնեական մշակութային արժեքների ճակատագրի վերաբերյալ հարցին է անդրադարձել նաև Կրոնական ազատությունների հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմյուել Բրաունբեքը` պատրաստակամություն հայտնելով Ադրբեջանին և ներգրավված ցանկացած այլ կողմին այդ կրոնական վայրերը պաշտպանելու աներկբա կոչ անել:

Տեղեկանք Հանդիպման ընթացքում Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ պաշտամունքի ապահով վայրերի վերաբերյալ հայտարարությանը։ Ընդգծելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում և այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված մտքի, խղճի և կրոնի ազատության կարևորությունը` հայտարարությանը միացած կողմերը նշում են, որ խորը մտահոգություն են հայտնում, մասնավորապես ռազմական հակամարտությունների ընթացքում, պաշտամունքի վայրերի նկատմամբ իրականացվող հարձակումների, այդ թվում՝ ազգային, ռասայական և կրոնական ատելության հողի վրա իրականացվող մասունքների և հուշարձանների միտումնավոր ոչնչացման առնչությամբ՝ ի խախտումն միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների:

2020 թվականի փետրվարի 5-ին ստեղծված Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանը միացել է հունիսի 12-ին։ «Կրոնական ազատության միջազգային դաշինք» կոչվող ԱՄՆ Պետքարտուղարության նախաձեռնության նպատակն է բարելավել համագործակցությունն ու միավորել ջանքերը կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, կրոնի կամ հավատքի հիմքով խտրականության և հետապնդման դեմ պայքարի, հավատքը փոխելու ազատության ապահովման, հանցագործների միջազգայնորեն պատասխանատվության ենթարկման և այլ հարցերում։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30