Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները նամակ փոխանցեցին ՌԴ դեսպանությանը

Նոյեմբեր 19,2020 16:40

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը հրապարակվելուց հետո Երեւանում տարբեր բուհերի ուսանողների մի խումբ նախաձեռնություն է հանդես բերել եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին իրենց վերլուծություններով նամակ- դիմումներ է փոխանցում մեր տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող երկրների դեսպանություններին: Այսօր ուսանողական խումբը եկել էր Հայաստանում ՌԴ դեսպանատուն:

Ցույցի համակազմակերպիչ Դավիթ Զաքարյանն Aravot.am-ին ասաց. «Մենք քաղաքական ոչ մի ուժի, կուսակցության եւ ՀԿ-ի չենք անդամակցում ու դրա համար առավելագույն չափով «լուռ» ենք գործում՝ հաշվի առնելով նաեւ երկրում ռազմական դրությունը: Եռակողմ հայտարարության դրույթների հետ կապված մենք մեր մտահոգություններն ենք արտահայտում այն պետություններին, որոնք առնչություն ունեն այս փաստաթղթի հետ կապված կամ դրա հետեւանքները կարող են կիսել Հայաստանի Հանրապետության հետ: Նկատի ունենք Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը:

Մասնավորապես, այսօր ՌԴ դեսպանատանը հանձնելիք երկլեզու (հայերեն եւ ռուսերեն) նամակում մենք մեր մտահոգություններն ենք հայտնում այն հեռանկարային վտանգներին, որոնք կարող է ունենալ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլեւ տարածաշրջանը եւ հենց Ռուսաստանի դաշնությունը:

Առաջինն անդրադարձել ենք Թուրքիային, որը միակողմանի եւ ագրեսորի աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին ոչ միայն խոսքով, այլեւ գործողություններով: Թուրքիայի ամրապնդումը տարածաշրջանում, նրա դերի մեծացումը վնաս է ինչպես Հայաստանի Հանրապետությանը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությանը:

Անդրադարձել ենք ահաբեկիչների գործոնին, քանի որ բազմաթիվ փաստեր կան, որ հենց Թուրքիայի հովանավորությամբ են Ադրբեջանի զինված ուժերը դրանք կիրառել: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւս նշել է, որ ահաբեկիչները տարածաշրջանից չեն վերացել: Հետեւաբար, մենք փաստում ենք, որ այս փաստաթղթով Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը չի վերացնում  Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ահաբեկիչների օգտագործումը:

Հաջորդ կետով անդրադարձել ենք այն փաստաթղթին, որով գրեթե երկու անգամ կրճատվում է նախկին ԼՂԻՄ տարածքը, իսկ երեկ էլ հրապարակվեց, որ Մարտակերտի շրջանի եւս յոթ գյուղ անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Դա նշանակում է, որ հայ բնակիչների համար կրկնակի կրճատված տարածք հետ վերադառնալը ավելի բարդ է իրականացնել, երբ այդ տարածքը փաստացի նաեւ բոլոր կողմերից  ընկնում է ադրբեջանական շրջափակման մեջ: Սրա հետ կապված՝ խաղաղապահների առաքելությունը ավելի իրատեսական կլիներ, եթե ավելի շատ բնակիչների անվտանգություն հնարավոր լիներ ապահովել: Սակայն ներկա փաստաթղթով այս փոքր տարածք շատ հայեր չեն ցանկանալու վերադառնալ: Մենք կարծում ենք, որ հետագա փաստաթղթով, որը վերջնական ձեւակերպում պետք է ստանա, պետք է գոնե ԼՂԻՄ տարածքի ինչ-որ հատվածներ կրկին միանան»:

Դավիթ Զաքարյանը նաեւ նշեց, որ իրենց նպատակն է նաեւ նշված երկրներին ցույց տալ, թե մեր հանրությունը  իրենց նկատմամբ ինչպիսի վերաբերմունք եւ ակնկալիք ունի: Նրա խոսքով, վերջերս Ռուսաստանը սոցհարցման միջոցով պարզել էր, որ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը որպես գործընկեր տեսնում եւ սատարում է Ռուսաստանին, այնուհետեւ՝ Ֆրանսիային, Իրանին եւ ԱՄՆ-ին: Իրենք նամակ-դիմումներ են հղել բոլոր այդ երկրներին՝ փորձելով ցույց տալ, թե ինչպիսի հասարակական տրամադրություններ կան, որպեսզի իմանան, որ իրենց գործողություններին Հայաստանի հասարակության մի մեծ հատված իրոք սպասում է եւ հետագա երկարաժամկետ խաղաղության համար փաստաթուղթը պետք է ձեւակերպումներում անպայման փոփոխություններ ունենա:

ՌԴ դեսպանությունում ասացին, որ խմբին ոչ ոք հանդիպել կամ ընդունել չի կարող եւ խորհուրդ տվեցին նամակը գցել հատուկ դրա համար նախատեսված փոստարկղ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30