«Լեռնային Ղարաբաղում սրբավայրերի պահպանման հարցին հատուկ նշանակություն է տրվում, դա Լեռնային Ղարաբաղում շահագրգիռ կողմերի հետ Ռուսաստանի շփումների մի մասն է»,- այսօր այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, այդ հարցը հատուկ արդիականություն ունի եւ գտնվում է կողմերի հետ իրենց շփումների օրակարգում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ եռակողմ համաձայնագրով Ադրբեջանի տարածքներում կան հայկական եկեղեցիներ ու վանքեր՝ ընդգծելով այդ սրբավայրերում եկեղեցական կենսագործունեության բնականոն պահպանման կարեւորությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ