«Ռազմինֆո». «Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն». Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․
Razm.info-ն հերթով կներկայացնի, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։
Թիրախ №1
Թիրախ №2. Ադրբեջանի պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ
Ադրբեջանը վերջին տարիներին շատ լուրջ աշխատանք էր տարել ԶՈւ կառավարման որակը բարձրացնելու ուղղությամբ։ Պատերազմում բեկում մտցնելու համար անհրաժեշտ (բայց ոչ բավարար) քայլերից մեկը կլիներ հակառակորդի կառավարման բարձրագույն օղակների աշխատանքը խաթարելը։
Ադրբեջանական զինուժի ղեկավարման բարձրագույն օղակները գտնվում են Բաքվի արևմուտքում։ Արբանյակային լուսանկարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի համալիրներն են, ինչպես նաև արբանյակային կապի կայանը։ Հարևանությամբ պետական անվտանգության ծառայության շենքն է։
Կարդացեք նաև
Բանակի կառավարման ամենակարևոր օղակն Ադրբեջանում գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնն է, որը գտնվում է գլխավոր շտաբի շենքում։ Կենտրոնը բացվել էր 2018թ. աշնանը՝ արբանյակային կապի կայանի հետ միասին: Հենց այս կենտրոնում էր իրական ժամանակի ռեժիմում, այդ թվում՝ արբանյակային կապի միջոցով հավաքվում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին ողջ ինֆորմացիան, հենց այստեղ էին կայացվում որոշումներն ու զորքերին ուղարկվում համապատասխան հրամանները։