«Ես այնտեղ Արցախում էի առաջին օրվանից, կամավորականները գալիս էին, որոնք փայլուն տղերք էին, բոլորին պետք է հարգել, պատվել: Գալիս էին այնտեղ, որևէ սպառազինություն, հանդերձանք չունեին, զորամիավորումներում նրանց համար նախատեսված որևէ հանդերձանք և սպառազինություն չկար: Նախատեսված էր միայն համապատասխան զորահավաքի, լրահամալրման համար»,- մամուլի ասուլիսում պատերազմի օրերին Արցախում իրավիճակն այսպես ներկայացրեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:
Նա պատմեց՝ կամավորականները գալիս էին երկրի նախագահի մոտ, երկու-երեք ժամ պատմում իրենց հայրենասիրության մասին, հետո ուղղորդում էին նրանց բանակի հրամանատարի մոտ, գնում, նրան էին զբաղեցնում: Մովսես Հակոբյանն ասաց՝ հրամանատարը պիտի մտածեր՝ որտեղից ինչ հանի, բերի նրանց հագցնի, սպառազինի և ուղարկի. ինչ-որ մի ձև հարցը լուծել են:
Մովսես Հակոբյանն ասաց, որ ջոկատների մի մասն ասում էր, թե ես 5-րդ պաշտպանական չեմ գնում, ուզում ենք գնալ Ասկերանում կռվել, մինչդեռ մեզ Ասկերանում զորք պետք չէր: Մովսես Հակոբյանը հայտնեց՝ մարդիկ գալիս էին, որոնք կապի համակարգ չունեին գործող կռվող անձանց հետ, նրանց հետ ներդաշնակված չէին: Այդ պատճառով էլ փախուստի իրավիճակներ են եղել: Այս մասին Մովսես Հակոբյանը պատմեց. «Առաջին իսկ մարտի ժամանակ այդ մարդիկ մի մասը կոտորվում էին մարտի դաշտում, մի մասը խուճապահար փախչում են: Պատերազմի հինգերորդ օրն Արցախում արդեն 1500 հոգի մարդ ունեիք փախած, որոնք իզոլացվել են տարբեր տեղերում, որ չվերադառնան Հայաստան, խուճապ չառաջացնեն: Եվ այդքան մարդկանց վրա մարդ է նշանակվել, զորքից կտրվել, որ նրանց պահեն, կերակրեն բանակի զինվորի սնունդով: Մեր հարգարժան գեներալ, գնդապետ Սեյրան Օհանյանը, գնդապետ Բալասանյանը, գեներալ Ալեքսանյանը և տարբեր զինվորականներ բացատրական աշխատանքներ են նրանց հետ տարել, որ մի մասին վերադարձնեն բանակի շարքեր»:
Հարցին՝ փախչողները բոլորը կամավորականնե՞ր են եղել, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Փախչելու սկիզբը դրել են կամավորականները, այնտեղ չես կարող տարբերել կամավորական և կցագրված անձնակազմ: Դրանց միացել են կցագրված անձնակազմից մարդիկ: Պատերազմի ժամանակ հրամանատարը նայում է դեպի առաջ, ոչ դեպի թիկունք: Ում հարցնում ես, բոլորը կամավորականներ են, բայց ես ինքս վստահ եմ, որ դրանց մեծ մասը ոչ կամավորականներ են եղել. օգտվելով այդ խառնաշփոթից՝ նաև իրենք են այսպիսի քայլ իրականացրել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ