Եվրամիությունը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված ռազմական գործողությունների դադարեցումը: Նման հայտարարություն է տարածել Եվրամիությունը՝ կոչ անելով բոլոր կողմերին շարունակել խստորեն հետևել հրադադարին՝ կանխելու համար մարդկային կորուստները:
ԵՄ-ը նաև կոչ է արել տարածաշրջանային դերակատարներին զերծ մնալ ցանկացած գործողություններից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են կասկածի տակ դնել հրադադարը: ԵՄ-ը նաև կոչ է արել ամբողջությամբ և հապշտապ հետ քաշել օտարերկրացի կռվողներին տարածաշրջանից:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ը ուշիուշով կհետևի հրադադարի դրույթների պահպանմանը՝ հատկապես կապված մոնիթորինգի մեխանիզմների հետ:
«Ռազմական գործողությունները դադարեցումը միայն առաջին քայլն է՝ վերջ դնելու Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտությանը: ԵՄ-ը կարծում է, որ պետք է վերականգնվեն ջանքերը՝ հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն լուծման համար, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում: Ուստի, այդ նպատակին հասնելու համար ԵՄ-ը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափին, որը ղեկավարվում է համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից: ԵՄ-ը պատրաստակամ է արդյունավետ կերպով նպաստել՝ հակամարտության ամուր և բազմակողմանի կարգավորման համար, այդ թվում հնարավորության դեպքում կայունացման, հետպատերազմական վերականգման և վստահության կառուցման միջոցառումներին աջակցության միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
ԵՄ-ը հաստատուն կերպով իր անհամաձայնությունն է հայտնել ուժի կիրառմանը, հատկապես կլաստերային ռումբերի և հրակայուն զենքի օգտագործմանը՝ որպես վեճերի կարգավորման միջոց: ԵՄ-ը ընդգծում է, որ պետք է հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, և կոչ է անում կողմերին իրականացնել համաձայնագիրը՝ ռազմագերիների և զոհերի աճյունների փոխանակման հարցում: ԵՄ-ը ընդգծում է, որ անհրաժեշտ է ապահովել լավագույն հնարավոր պայմանները՝ Ղարաբաղում և դրա շուրջ տեղահանված բնակչության կամավոր, ապահով, արժանապատիվ և կայուն վերադարձի համար: Ընդգծվում է նաև Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ կրոնական և մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը: Ցանկացած պատերազմական հանցագործություն պետք է հետաքննվի:
«Եվրոպական Միությունը և իր անդամ երկրներն արդեն զգալի մարդասիրական աջակցություն են տրամադրում՝ հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչության կարիքներն անհապաղ հոգալու համար և պատրաստակամ են հետագայում էլ աջակցել»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ