«Մենք ժամանակին տարհանել ենք Արցախի թանգարանների արժեքավոր ժառանգությունը, դրա մեջ են մտնում Պատմաերկրագիտական թանգարանի նմուշները, Տիգրանակերտի թանգարանի արժեքավոր բոլոր իրեղենները, Կերենի դամբարանադաշտի այն նմուշները, որոնք պահվում էին Ստեփանակերտում: Լրիվ տարհանվել է Բերձորի երկրագիտական թանգարանը, Ծիծեռնավանքի խաչքարերը, մեկ խաչքար, որ գտնվում էր Քարվաճառում, տարհանել ենք նաեւ Շուշիի գորգերի մասնավոր թանգարանի էքսպոզիցիան: Միեւնույն ժամանակ, ցավոք սրտի, ունենք նաեւ թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներում խիստ արժեքավոր մշակութային ժառանգություն, որը թիրախավորված է եւ վտանգված »,-Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
Ինչ վերաբերվում է թշնամու վերահսկողության ներքո անցած տարածքներում արդեն իսկ պղծված հուշարձաններին, այս մասին էլ տիկին Ղարախանյանն ասաց. «Ցավոք, պետք է նշենք, որ գործ ունենք մեզ շատ հայտնի բարբարոս ձեռագրի հետ, եւ ժամանակը եւ պատմությունը ցույց են տվել, որ դասական բարբարոսությունը չի փոխվում:
Այո, Շուշիում պղծվել է եւ Ղազանչեցոց եկեղեցին, եւ Վազգեն Սարգսյանի հուշարձանը: Սա շատ վատ է, որովհետեւ մենք չենք կարողանում ազդել այս ամենի վրա: Այստեղ շատ կարեւոր է միջազգային հեղինակավոր այն կառույցների միջամտությունը, որոնք զբաղվում են մշակույթի պահպանության հարցերով»:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Արցախ վերադարձած դպրոցականների դասերը վերսկսելուն: Արցախի ԿԳՄ նախարարը հայտնեց, որ որոշ տեղերում դասերը վերսկսվել են. «Մասնավորապես Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի մասին է խոսքը, Հաթերքի շրջանի ուսուցիչներն են սկսելու պատրաստակամություն հայտնել: Որպես ավագ դպրոց նախնական պատրաստում ենք Ստեփանակերտի համար 8 դպրոցը, որ ավագ դպրոցի աշակերտները հավաքվեն: Վերադարձողներ իհարկե կան, բայց դինամիկան առայժմ մեծ չէ»:
Կարդացեք նաև
Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի ձեւակերպմամբ, հաճախ նախարարության հասցեին ոչ կոմպետենտ հայտարարություններ են անում. «Մենք իրականում ունենք Արցախի բոլոր հուշարձանների անձնագրայնացված ֆոնդը, բայց տարբեր մասնագետներ ասում են` պետք է դրանք լուսանկարել, անձնագրեր ստեղծել… Սրանք վիրավորական, նվաստացուցիչ հայտարարություններ են, որ անում են տարբեր կազմակերպությունների ղեկավարներ մեր հասցեին: Մասնագիտական խմբեր կան, որոնք աշխատել են եւ ամեն ինչը պրոֆեսիոնալ ու պատշաճ մակարդակով արխիվացրել են, իսկ ինչ թերացումներ էլ կան, այս պահին շտկվում են: Ուսուցի նման մեզ հրահանգում են` անձնագրեր ստեղծեք…Ինչպե՞ս կարող է Արցախի գիտության, կրթության, մշակույթի նախարարությունը հուշարձանների տվյալների բազա կամ անձնագրեր չունենալ, նման հայտարարություններ չի կարելի անել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսինե Ղարախանյանի լուսանկարը` ֆեյսբուքի իր էջից: