Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետդարձի մեքենա փնտրող զորացրվածներ, թալան, անտեր թողնված ռազմամթերք. պաշտոնյաների պարզաբանումներն ահազանգի հետքով

Նոյեմբեր 19,2020 15:26

Քաղաքացի Հրաչ Ասլանյանն ահազանգում է ռազմական գործողությունների դադարից հետո կամավորներին առնչվող մի շարք խնդիրների մասին: «Պատերազմի առաջին օրերից անհատ վարորդների եւ մեքենաներ, ավտոբուսներ ունեցող զգոսաշրջային կազմակերպությունների աջակցությամբ սպասարկել ենք կամավորների տեղափոխումն Արցախի տարբեր հատվածներ: Հերթափոխի ժամանակ էլ հետ ենք բերել կամավորներին: Զինադադարից հետո արձանագրել ենք՝ ծառայությունն ավարտած եւ զորացրված կամավորներն ունեն ՀՀ տեղափոխման խնդիր: Որեւէ մարմին տեղում չի զբաղվում դրանով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Ասլանյանը:

Նա պատմեց. «Ստեփանակերտում եթե մեկ-երկու պտույտ անեք, կհանդիպեք մարդկանց, խմբերի, որոնք զենքը հանձնել են եւ սպասում են հետդարձի, սակայն նրանց ասում են՝ դուք ձեր գլխի ճարը տեսեք, կամ ձեր միջոցներով, կամ մեկ ուրիշին խնդրեք, որ տանի իր հետ: Ամսի 16-ին Ստեփանակերտում «Եվրոպա» հյուրանոցի մոտ հանդիպեցի մի ջոկատի, որը փոխադրամիջոց էր փնտրում: Բոլոր ավտոբուսներին կանգնեցնում էին եւ խնդրում իրենց Երեւան տանել: Մեր մեքենան այդ ժամանակ անսարք էր, նորոգում էինք: Նորոգելուց հետո գիշերը վերադառնում էինք Հայաստան եւ նույն պատկերը տեսնում ողջ ճանապարհին: Օրինակ, Դրմբոն-Մարտակերտ խաչմերուկի մոտ շատ զինվորներ կային, որ մեքենա էին կանգնեցնում: Գիշերվա 3-ին խարույկ էին վառել, շուրջը տաքանում, մի մասը՝ գետնին, ծառերի տակ պառկած-քնած: Այսպիսի պատկեր էր»:

Այդ 22 հոգանոց խմբին, Հրաչյա Ասլանյանի խոսքով, փոխադրել են մինչեւ ՀՀ տարածք. «Ճանապարհին շատ նման խմբերի կարելի է հանդիպել: Ասածս այն է, որ պետք է փորձել համակարգել, կազմակերպել եւ տղաներին այդ վիճակում չթողնել: Տանելուց կազմակերպված էին տանում, իսկ հիմա, երբ ամեն ինչ վերջացել է, կարծես այդ մարդկանց թողել են սեփական միջոցների եւ հնարավորությունների հույսին: Ի դեպ, հենց զինադադարի գիշերը մեզ խնդրեցին, որ ոստիկանության զորքերին փոխադրենք: Պարզ է, որ հանրապետությունում կարգուկանոն հաստատելու համար էր: Բայց ոստիկանների կարիքը, կարծում եմ, ավելի շատ Արցախում կար՝ պայքարելու թալանի դեմ: Որովհետեւ եթե ձեր մեքենան փչանա, հինգ րոպեով հեռանաք, հետ գալուց կտեսնեք, որ մեքենան քանդած է, անիվները՝ գողացած: Շատ են թալանի դեպքերը, եւ ոստիկանությունն Արցախում ավելի պետք կլիներ, քան հավաքների ժամանակ»:

Մեր զրուցակիցը նաեւ նշեց՝ Երեւանի քաղաքապետարանի այն ավտոբուսները, որոնք այս օրերին Արցախի բնակիչներին փոխադրում են դեպի Ստեփանակերտ, հետդարձի ճանապարհին հիմնականում դատարկ են եղել. «Դա այն դեպքում, երբ կարելի էր համակարգել՝ տանել-իջեցնել Ստեփանակերտի որեւէ վայրում, կամավորներն էլ դրանցով հետ գան: Ափսոս, որ այս դժվար օրերին համապատասխան մարմինները չեն կարողանում պատշաճ համակարգում անել: Մինչեւ ամսի 25-ը գործելու է Սոթքի ճանապարհը, որով մարդիկ տարհանվում են եւ իրերը փոխադրում: Գոնե հետեւեն, որ այդ ճանապարհը չփակվի: Նախորդ գիշերը ձյուն էր, որի պատճառով ճանապարհը բավականին դժվարանցանելի էր, բայց մաքրող չկար: Գոնե «ճանշին»-ներն այս օրերին տեղը տեղին անեն այն աշխատանքը, որի համար վարձատրվում են»:

Հրաչ Ասլանյանը մեկ այլ խնդրի մասին էլ բարձրաձայնեց՝ Արցախի տարբեր հատվածներում (կոնկրետ վայրերը չենք հրապարակում) անտեր վիճակում ռազմամթերք է թողնված (լուսանկարներում):

Երեւանի քաղաքապետարանի դիմացից արցախցիներին Ստեփանակերտ փոխադրող ավտոբուսների առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանից հետաքրքրվեցինք՝ որեւէ գործողություն ձեռնարկվե՞լ է, որպեսզի դրանք դատարկ չվերադառնան Երեւան: Պարոն Կուբատյանն ասաց. «Ստեփանակերտի քաղաքապետարանի եւ պաշտպանության բանակի միջեւ կոմունիկացիայի խնդիր կար: Խնդրել եմ, որ իրար հետ կոմունիկացիա անեն, որպեսզի ծառայությունն ավարտածներին տեղեկացվի, թե որ ժամին, որտեղից եւ որ ավտոբուսն է հետ գալիս Երեւան: Քանի որ այստեղից արցախցիները տեղափոխվում են Ստեփանակերտ, միշտ չէ, որ լիքը վիճակում են ավտոբուսները հետ գալիս: Որքան ես գիտեմ՝ խնդիրն արդեն համակարգվել է, եւ Երեւան գալ պատրաստվողները կարող են տեղեկանալ, որ այդ ավտոբուսները կան: Ես խնդրել եմ Ստեփանակերտի մեր գործընկերներին, որպեսզի աշխատեն ՊԲ-ի հետ, որպեսզի մարդիկ էլ տեղեկանան այդ մասին»:

Առանց վերահսկողության մնացած ռազմամթերքի առնչությամբ էլ Արցախի պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը մեզ հետ զրույցում ասաց. «Պետք է նկատի ունենալ, որ ինտենսիվ մարտական գործողություններ են ընթացել, եւ որոշ վայրերում կան չպայթած զինամթերք եւ այլն: Բայց այդ ամենը հավաքվում է եւ ամբողջացվում, կամ ուղարկվում նախանշման: Դրա համար ժամանակ է պետք: Մի օրում դա հնարավոր չի անել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30