Անցած շաբաթ շարունակվել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս մասին այսօր հայտնեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հրավիրած ճեպազրույցում: Ըստ նրա Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ: ԱԳՆ խոսնակն ասաց, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են այս տարվա նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների գործնական ասպեկտները:
«Մեր երկրի ղեկավարությունը մշտական շփման մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների հետ: Կարեւոր է պայմանավորվածությունների կատարման ապահովումը: Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը թույլ տվեցին հասնել կրակի կայուն դադարեցման, որը հաստատվեց նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարությանը համապատասխան: Այդ ջանքերը թույլ տվեցին նաեւ կարեւոր քայլեր կատարել խաղաղ կյանքին վերադառնալու ուղղությամբ»,-ասաց Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ նրա իրանցի գործընկեր Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ղարաբաղի, ինչպես նաեւ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը. «Նոյեմբերի 23-ին Իրանի արտգործնախարարության ղեկավարը հերթական այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում նա բանակցություններ կվարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ակնկալվում է, որ կշարունակվի կարծիքների փոխանակում միջազգային մի շարք արդիական հարցերի շուրջ, այդ թվում` իրավիճակը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ