Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ վերջնական որոշումը կայացրել եմ վարչապետի գիշերվա լայվից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և իր խոսքերով վնգստացողներին դուրս մղել հրապարակից». Մովսես Հակոբյանը փակագծեր բացեց

Նոյեմբեր 19,2020 14:43

«Հրամանն ինչպես հրապարակվել է՝ չի համապատասխանում իմ զեկուցագրի էությանը»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին նա ազատման դիմում է ներկայացրել:

Մովսես Հակոբյանն ասաց՝ նախարարին խնդրել է, որ հրաման արձակի այնպես, ինչպես գրված է իր զեկուցագրի մեջ, նա չի համաձայնել. «Կարծում եմ՝ առանձին փորձենք շտկել, եթե ոչ, կբողոքարկենք, և հրամանը կգրվի այնպես, ինչպես ազատման դիմումում: Իմ զեկուցագրի մեջ գրված է իմ զորացրման պատճառը, ճշմարտությունը»:

Մովսես Հակոբյանն ասաց՝ իրեն վիրավորում է նախկին-ներկա պաշտոնյա բառերը. «Այդ տեմպով շարունակելով՝ մենք ասելու ենք, որ նախկին կամ ներկա իշխանության ժամանակ այս մարդը ծնվել է, ուրեմն կամ պիտանի է, կամ ոչ: Կամ այս ծառը տնկվել է այս կամ այն իշխանության ժամանակ, ուրեմն սրա հովը լավն է, թե ոչ: Ամեն ինչ պետք է դնես թվերով, թե ինչ է կատարվել բանակում»:

Մովսես Հակոբյանը ներկայացրեց նաև իր պաշտոնից ազատվելու պատմությունը. «Երբ ես ազատվել եմ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ես հեշտ չեմ ազատվել, քանի որ վարչապետն իրավասու չէ ինձ ազատելու այդ պաշտոնից: Այդպիսի որոշում կայացրել է, ես ասել եմ, եթե հրամանը գրեք, ես բողոքարկելու եմ. պիտի հիմնավորեք: ԳՇ պետին հանելու հիմքեր պիտի լինեն, նա նախարար չէ, վարչապետ չէ, դա ավելի լուրջ պաշտոն է: Կարող է որևէ քաղաքական պաշտոնյայի վիրավորեցի: Ես այդպես եմ գտնում, ես հիմնավորում եմ պահանջել վարչապետից ինձ պաշտոնից ազատելու համար: Դա տևել է հինգ օր, հինգ օր անընդմեջ մտել եմ, պահանջել եմ հիմնավորում: Եթե գիտեք՝ ես ազատման դիմում չեմ գրել, հիմնավորում բերել է, որն ինձ բավարարել է, և ես ասել եմ՝ իրավունք ունեք հրաման գրեք, ես չեմ բողոքարկելու: Նաև առաջարկել եմ պաշտոնյա, ով կարող է ինձ փոխարինել: Եվ պատրաստ եմ եղել նրա կողքին կանգնել: Ես չեմ ակնկալել, որ վարչապետն ինձ հետ այդ հարցում պիտի խորհրդակցի, բայց կառավարության նիստում հայտարարել է, որ նոր ԳՇ պետի հարցը կքննարկի ինձ հետ, և ես հասկացել եմ, որ վարչապետն այդ քանի օրվա զրույցներից հետո ինձ հասկացել է: Երբ այդ օրը երեկոյան հինգերորդ բանակային կորպուսի հարցով գնացել եմ աշխատանքներ կատարելու, իմացել եմ, որ ԳՇ պետ է նշանակվել, մինչդեռ այդ օրը ժամը 19,00-ին վարչապետի մոտ պիտի մտնեի: Երբ իմացա՝ ում է նշանակել, այսպիսի արտահայտություն եմ արել՝ Դուք նշանակել եք ԳՇ պետին ամենից անպատրաստ գեներալին: Այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթացը»: Հիշեցնենք, որ նրանից հետո գլխավոր շտաբը ղեկավարեց Արտակ Դավթյանը:

Մովսես Հակոբյանն ասաց՝ որոշումը վաղուց է կայացրել, որպեսզի զորացրվի բանակից՝ դեռ հոկտեմբերի 5-ին. «Այն ժամանակ չեմ գրել դիմում, քանի որ հաշվի եմ առել, որ պատերազմի ընթացքում իմ որոշումը վնաս է հասցնելու զինված ուժերին և որոշել եմ սպասել մինչև պատերազմի ավարտը: Չնայած այդ ընթացքում ես այդ որոշումը կայացրել եմ, բայց շարունակել եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել բանակին, իմ խորհուրդներով, ինչպես նաև միջնորդների միջոցով նաև ռազմաքաղաքական իշխանությանը»:

Մովսես Հակոբյանը հայտնեց՝ իր վերջնական որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գիշերվա գրառումից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և իր խոսքերով վնգստացողներին դուրս մղել հրապարակից:

Մովսես Հակոբյանը հիշեցրեց՝ զինվորականներն առանց համապատասխան թույլտվության չեն կարող լրատվամիջոցներին տալ տեղեկություններ, և այդ որոշման հեղինակներից մեկն էլ ինքն է եղել: Մովսես Հակոբյանն ասաց՝ դա ճիշտ է: Հենց դա է պատճառը, որ ինքը ոչ մի լրատվամիջոցի այդ տեղեկությունը չի հայտնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30