Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չափերդ ճանաչի». Արման Բաբաջանյանը բղավեց Գաբրիել Բալայանի վրա, նա էլ ակնարկեց, որ Բաբաջանյանի նկրտումների մասին կխոսի

Նոյեմբեր 19,2020 13:13

ԱԺ արտահերթ նիստում այսօր գերեվարված զինծառայողներին առնչվող օրինագծի քննարկման ժամանակ, որի ընթացքում կառավարության կողմից զեկուցող էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, անկուսակցական պատգամավոր Արմանն Բաբաջանյանը մատնանշեց, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզում նշված էր, այդ թվում՝ զինված ուժերին վերաբերող բարեփոխումների մասին:

«Պաշտպանական գերատեսչությունը թերեւս ամենամեծ մեղսակցությունն ունի տեղի ունեցածում եւ այս կազմով չի կարող ձեռնամուխ լինել այդ աշխատանքին: Կարծում եմ՝ որպես ԱԺ պետք է հետամուտ լինենք, որ համապատասխան հետեւություններ արվեն: Պաշտպանական գերատեսչությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ անվտանգության խորհուրդը պատասխանատու մարմիններ են, որոնք ժամ առաջ պետք է խիզախություն ունենան իրենց պաշտոնները լքելու եւ թույլ տան, որ նոր, առողջ, պրոֆեսիոնալ, պետությանն ու պետականությանը նվիրված մարդիկ նվիրվեն առողջ աշխատանքի: Կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված պետական կարեւոր պաշտոններ զբաղեցնողները չեն կարող զբաղվել այս կարեւոր աշխատանքներով»,-համոզմունք հայտնեց Արման Բաբաջանյանը:

Ապա ասաց, որ Մարտակերտի շրջանում հինգ գյուղի բնակիչների հրահանգել են լքել տները, բայց պարզաբանում չկա. «Պետություն, ըստ երեւույթին, չկա, որը հետեւողականորեն այս հարցերը կպահեր դիտակետում եւ անմիջապես կպարզաբաներ: Բազմաթիվ հարցեր են կուտակվել: Գործընկերներիս խնդրում եմ, որ թափ տան իրենց, հատկապես՝ իշխող խմբակցությանը, եւ հետեւողական լինեն այս աշխատանքներում»:

Մարտակերտի շրջանի գյուղերի առնչությամբ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց. «Կարելի էր քարտեզը նայել եւ տեսնել, որ դրանք Աղդամի շրջանի գյուղեր են եղել, որոնք վերջին վարչատարածքային բաժանմամբ՝ Արցախի հանրապետությունում ներառվել են Մարտակերտի շրջանում: Պետք չի չհիմնավորված հայտարարություններ անել»:

Բալայանը շարունակեց. «Ինչ վերաբերում է ձեր որակումներին, կխնդրեի մնալ ավելի էթիկայի կանոնների շրջանակում, իսկ մեղադրանք հնչեցնելիս հստակ (եթե իրավաբանական գիտելիք չունեք, ես ձեզ խոստանում եմ օժանդակել) հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահներին՝ կոնկրետ անձանց մասին մեղադրանքներով՝ մաֆիոզ, կլանային եւ այլն: Ամպագոռգոռ բառեր հնչեցնելը…»:

Այստեղ Բալայանի խոսքն ընդհատվեց Արման Բաբաջանյանի տեղից բղավոցով: «Կարո՞ղ է գաք այստեղ խոսեք»,-հարցրեց Բալայանը: «Պետք լինի՝ կխոսեմ»,-բղավեց Արման Բաբաջանյանը: «Դե եկեք խոսեք, ես կսպասեմ, կարձագանքեմ»,-պատասխանեց փոխնախարարը: Ապա նիստը վարող փոխխոսնակ Լենա Նազարյանին խնդրեց. «Կարգի հրավիրեք պատգամավորին»: Բաբաջանյանը բղավեց՝ «չափերդ ճանաչի»:

Գաբրիել Բալայանը շարունակեց. «Կարծում եմ՝ այստեղ պետք չէ խոսել իմ չափը ճանաչելու մասին, դուք ձեր չափը ճանաչեք: Եթե ես սկսեմ ձեր նկրտումների մասին խոս…»: Բալայանի խոսքը նորից ընդհատվեց դահլիճից: Ապա Բալայանը դահլիճի մեկ այլ կողմը նայելով՝ հարցրեց. «Ես եմ սկսել ընդհատե՞լ: Ինչի՞ մասին է խոսքը»: Լենա Նազարյանը խնդրեց լռություն պահպանել: «Ինձ չի թվում, ընդհատում է, պարոն Իգիթյան, ես բավականաչափ բարոյակրթություն ունեմ հարգելու պատգամավորներին: Եվս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում եւ ծառայությունս առաջարկում՝ օժանդակելու իրավապահ մարմիններին ներկայացնելու հաղորդում հանցագործության մասին՝ անվճար»,-եզրափակեց Գաբրիել Բալայանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30