Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ հանձնված տարածքների կեսից ավելին մենք հանձնում ենք առանց պատերազմի, խոսքը Քարվաճառի, Բերձորի՝ Լաչինի շրջանի եւ Աղդամի մասին է. «Ժամանակին առավելագույն ջանքեր չեն գործադրվել»:
Հարցին՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինը հայտարարել է, որ իրենց տեղեկություններով՝ որոշ արեւմտյան երկրներ իրենց խողովակներով սադրում են հայ եւ ադրբեջանցի ազգայնականներին, որպեսզի վարկաբեկեն կրակի դադարեցման պայմանագիրը, հայերին փորձում են համոզել, որ կրակի դադարեցումը Ղարաբաղում Երեւանի պարտությունն է, այդ թեզը նաեւ դուք եք առաջ տանում, հետեւաբար Նարիշկինի հայտարարությունը կարո՞ղ ենք ասել, որ ձեզ է վերաբերում՝ Մելքումյանը պատասխանեց. «Մեզ ուղղված չի, մենք ասում ենք, որ եղել է պարտություն, ընդամենը դա ենք արձանագրում: Եղել է պարտություն, դա պետք է պարզ ճակատով, զգոն եւ սառնասիրտ ասենք»:
ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն էլ պատասխանեց, որ վստահաբար դա ուղղված չէ ոչ իրենց, ոչ էլ 17 կուսակցություններին. «Ճիշտ հակառակը, ուղղված է այն ուժերին, որոնք սպասարկել են արեւմտյան երկրների շահը, դավաճանեցին հայկական շահը եւ ստորագրեցին կապիտուլյացիայի պայմանագիրը»:
Նա ասաց, որ երեկվանից փորձում են թեզեր տանել այն ուղղությամբ, որ սեպ խրեն ԲՀԿ-ի ու ՌԴ-ի միջեւ, բայց դա չի ստացվի. «Մենք տեղեկատվության ենք տիրապետում շատ ավելին, որ այս պահին մեզ թույլ չենք տալիս ասել…Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել իրավիճակին, կամ տիրապետելով՝ սպասարկել է որոշ արեւմտյան ուժերին: Ես կարծում եմ, որ սպասարկելով որոշ ուժերի, դավաճանել է հայի շահը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ