Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերության մեջ հայտնված զինծառայողի ընտանիքը կշարունակի ստանալ սահմանված գումարը. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Նոյեմբեր 19,2020 12:43

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումների օրինագծով սահմանվում է, որ գերության մեջ հայտնված զինծառայողների ընտանիքները շարունակելու են ստանալ զինծառայողի համար նախատեսված գումարները: «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած այս օրենսդրական փոփոխությունն ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվեց առաջին ընթերցմամբ:

Հեղինակ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց. «Գործող օրենքով գերության մեջ հայտնվելու դեպքում զինծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից եւ թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման մեջ: Նույն օրենքի այլ հոդվածով սահմանվում են հիմքերը, որոնց դեպքում զինծառայողը պահպանում է պաշտոնի դրույքաչափը՝ մնալով կադրային ստորաբաժանման մեջ: Այստեղ ցավոք 61-րդ հոդվածում կա օրենսդրական բաց: Բացակայում են այն հիմքերը, ըստ որոնց՝ զինծառայողը գերության մեջ հայտնվելու դեպքում հնարավորություն կունենա պահպանել պաշտոնային դրույքաչափը: Պայմանագրային զինծառայողները, պահեստազորի զինվորականները՝ ՄՈԲ ռեսուրսը, մարտական գործողությունների ժամանակ գերեվարության մեջ հայտնվելու դեպքում, երբ վերջինս հետեւանք կամ պատճառ չէ ոչ իրավաչափ գործողությունների, այսինքն՝ ապացուցվում է, որ նա հայտնվել է գերության մեջ, այլ ոչ թե ինքնակամ է լքել դիրքը/զորամասը, ապա նրանց ընտանիքները այս օրենսդրական լրացմամբ գերեվարության մեջ գտնվելու ընթացքում շարունակելու են ստանալ այն գումարները, որոնք ստանում էին: Բանն այն է, որ օրենսդրական բացի հետեւանքով լրջագույն խնդիր է առաջանում ընտանիքների համար: Մեր կարծիքով՝ գործող օրենքը չի համապատասխանում զինծառայողի իրավական եւ սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությանը: Քանի դեռ չկա քրեական գործ, որ զինծառայողի գործողությունների իրավաչափությունը կասկածի տակ է, ընտանիքը շարունակում է ստանալ գումարը»:

Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ այս փոփոխությունը հետադարձ ուժ ունի:

«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ կարծում եմ, որ հիմա պետական գաղտնիք չկա ասելու, թե որքան գերի ունենք այս պահին, մյուս կողմից՝ գերության հանգամանքները պարզելը բարդ գործընթաց է. «Կա՞ն հստակ մեխանիզմներ պարզելու, թե ինչ գործողությունների հետեւանքով են զինվորականները հայտնվել գերեվարության մեջ»:

Հայրապետյանը պատասխանեց. «ՊՆ-ն տիրապետում է դրան: Ինչ վերաբերում է թվին, հարցում եմ արել ՊՆ-ին եւ ստացել պատասխան, որ թիվն այս պահին ճշգրտվում է: Փոխնախարար Գաբրիել Բալայանը հստակ կասի»:

Անդրանիկ Քոչարյանը պնդեց, որ այս նախաձեռնությամբ հանդերձ գալուց առաջ ՊՆ-ն պարտավոր էր ներկայացնել ճշտված թիվ. «Նորից հարց է առաջանում՝ ի՞նչ ունենք հրադադարից առաջ եւ հետո»:

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ հանդես է եկել դեռեւս հուլիսյան էսկալացիայից հետո եւ այդ ժամանակ ՊՆ-ն տրամադրել էր գերության մեջ գտնվողների թիվը. «Այս պահին այն նպատակահարմար չէ նշել, որովհետեւ պատերազմից հետո թիվը փոխվել է»:

RA National Assembly Extraordinary session took place

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն էր իր հերթին նշեց, իրենց դիրքորոշումն օրինագծի վերաբերյալ դրական է: Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30