ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ հոկտեմբերի 19-ին, 20-ին ավելի լավ առաջարկ է եղել, Նիկոլ Փաշինյանը մերժել է: Ըստ այդ առաջարկի, Շուշին կլիներ հայկական կողմի վերահսկողության տակ:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանն ասաց. «Այդ պահի դրությամբ՝ հոկտեմբերի 19-20-ին ռազմաճակատի գիծն անցնում էր Մարտունի, Ճարտար, Կարմիր շուկա, Թաղավարդ գծով: Իրենք դեռ չէին էլ մոտեցել Շուշիին, մոտ 20 կմ հեռավորության վրա էին գտնվում Շուշիից: Պայման էր դրված, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի, հարց էր՝ ոնց են վերադառնալու, ինչ ճանապարհ են ունենալու դեպի Շուշի: Վերջին հաշվով, պատկերացնենք ապագան, Շուշիի քաղաքապետը լինելու էր ադրբեջանցի, որովհետեւ քաղաքի 80 տոկոսը լինելու էր ադրբեջանցի, ենթադրում եմ, որ քաղաքում հայ ընդհանրապես կարող է չմնար: Այդ պայմաններում ես չեմ պատկերացնում, թե մենք ոնց կարող ենք ասել, թե Շուշին գտնվում էր մեր վերահսկողության տակ, եթե 80 տոկոսը ադրբեջանցի է, քաղաքապետը ադրբեջանցի է հետեւաբար, նաեւ իրենք ճանապարհի հարց պետք է բարձրացնեին: Մոտավորապես նույն իրավիճակն է, ինչ հիմա, այն տարբերությամբ, որ Շուշին ոչ թե հանձնվել է, այլ կորսվել է մարտում»:
Մեր դիտարկմանը, որ Պուտինն ասաց՝ հայկական կողմի վերահսկողությունն էր լինելու այդ ժամանակ՝ Եղոյանը պատասխանեց. «Իրավաբանորեն այո, բայց մի բան է թղթի վրա գրվածը, բայց փաստացի 100 տոկոսանոց ադրբեջանցի բնակչությամբ քաղաքում հայկական ուժերը ի՞նչ վերահսկողություն պետք է ունենայինք»:
Հայտարարության 9-րդ կետը վերաբերում էր Մեղրիով միջանցքի ապահովմանը՝ Նախիջեւանից դեպի Ադրբեջան, ուստի լրագրողները խնդրեցին հստակեցնել՝ ինչպես են դա պատկերացնում, ով է ապահովելու, կառուցելու, մեղրեցիների վիճակը ոնց են պատկերացնում: Իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը պատասխանեց, որ նույն 9-րդ կետում գրված է, որ եթե խոսքը ինչ-որ բան կառուցելու մասին է, պետք է լինի կողմերի համաձայնությամբ. «Որտեղ կառուցել, նոր ճանապարհ կառուցել, թե չկառուցել, ապագայում դա տեղի է ունենալու կողմերի համաձայնությամբ, այս պահին քաղաքացիական բեռների տեղափոխման թույլտվության մասին է: Սա նույնիսկ սուվերեն միջանցք էլ չի, կհիշեք դրա գաղափարը նախորդ 20 տարի առաջվա բանակցություններից: Սա սուվերեն միջանցք չի, մեր տարածքն է, ոչ մի սանտիմետր հողի սուվերենություն չի զիջվել այդ հատվածում՝ ՀՀ Սյունիքի մարզից, ընդամենը տրվել է թույլտվություն անցնել մեր տարածքով իրենց քաղաքացիական բեռների: Բացի այդ, գրված է, որ բոլոր ենթակառուցվածքները կարող են բացվել, այսինքն, նույն ձեւով մենք կարող ենք հարց դնել ապաշրջափակման, ապագա բանակցությունների հարց է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Երազել ոչ մեկին չես կարող արգելել….