Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալները շարունակում են ահազանգել, որ պատժի կրումից ՝ պայմանական վաղաժամկետ ազատման նիստերը կրկին անընդհատ հետաձգվում են։ Դեռեւս այս տարվա մայիսից ոստիկանության ուղեկցող գումարտակը դատապարտյալներին չէր ուղեկցում դատարաններ՝ մեջբերելով օրենսդրական այն բացը, որ իրենց գործառույթը ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցելն է ։
Մեր բազմաթիվ հրապարակումներից , «Հանուն ազատության» նախաձեռնող խմբի բողոքներից հետո, դիմեցինք արդարադատության նախարարությանը, որտեղից հոկտեմբերի 1-ին պատասխանեցին, որ ՀՀ վարչապետը հանձնարարել է կատարել ուսումնասիրություն՝ դատապարտյալների ուղեկցումների գործընթացի մասով՝ ներկայացնելով համապատասխան առաջարկներ։ Միաժամանակ որոշվել է դատապարտյալներին ՝ դատերին ուղեկցելը պետք է շարունակի կատարվել ՀՀ ոստիկանության կողմից, մինչեւ վարչապետի հանձնարարականի կատարումը։
Հունիսից «Արմավիր» ՔԿՀ–ի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա մի քանի դատապարտյալներ գործեր Արմավիրի մարզի ընդհանուր դատարանի իրավասության դատավոր Արմեն Հովհաննիսյանի վարույթում էին։ Ճիշտ է, վերջինս սկզբունքային որոշումներ կայացնելու համբավ ուներ, բայց տարբեր պատճառներով հետաձգում էր նիստերը։ Հետո՝ արձակուրդ ու քանի որ ճամպրուկային տրամադրություն ուներ (հոկտեմբերի 19–ին նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ) նիստերը չէր նշանակում։ Հիմա նրա վարույթի գործերի մի մասը փոխանցվել է դատավոր Վահե Ջիվանյանի վարույթ։
Վերջինս դատական նիստեր նշանակեց ու հետաձգեց, քանի որ դատախազները չեն ներկայանում նիստերին։ «Սեպտեմբերից սպասում եմ նիստին, անընդհատ հետաձգում էր նախկին դատավորը, հիմա էլ ասում են՝ դատախազները զբաղված են, չեն կարող մասնակցել նիստերին»,–մեր հեռախոսազրույցում ասաց «Արմավիր» ՔԿՀ–ի դատապարտյալ Դավիթ Մանուկյանը։ Վերջինս սպասում է, որպեսզի դատարանը քննի պատժի կրումից իրեն պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը։
Կարդացեք նաև
«Նոյեմբերի 6-ին դատական նիստ էր նշանակված, բայց դատախազը չկար, հաջորդը նիստը նշանակվեց դեկտեմբերի 17-ին»,–ասաց Դավիթը։ Ըստ մեր զրուցակցի, ասում էին դատախազներն առաջնագծում են։ «Բայց հիմա հո՞ առաջնագծում չեն, էլի նիստեր են հետաձգվում՝ իրենց պատճառով»,–նշեց մեր զրուցակիցը։
Նշեմ, որ պարզաբանումների համար դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազություն․ պատասխանը ստանալուն պես կներկայացնենք նաեւ նրանց տեսակետը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ