«Ես առավել քան համոզված եմ, որ Սերգեյ Լավրովն իր ղեկավարման օրոք կտեսնի, թե ինչպե՞ս է Թուրքիան Ուկրաինայի միջոցով պահանջներ ներկայացնելու Ռուսաստանին». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արբակ Խաչատրյանը:
– Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՌԴ, Ադրբեջանի նախագահների եւ ՀՀ վարչապետի ստորագրած համաձայնությունը Հայաստանում շատերի համար էր անակնկալ: Պարոն Խաչատրյան, դեպքերի նման ընթացք հնարավո՞ր էր կանխատեսել: Ստեղծված իրավիճակը Դուք ինչպես կմեկնաբանեք:
– Եթե հակիրճ, ապա հարկ է խոստովանել, որ հակառակորդի բազմաքայլ ու բազմավեկտոր գործունեության արդյունքում Հայաստանը հայտնվել է ցուգցվանգում: Շախմատում սա այն իրավիճակն է, երբ կողմերից մեկը սպառում է օգտակար քայլ անելու ուզած հնարավորություն, երբ ուզած շարունակություն հանգեցնում է մատի: Անձամբ ինձ, սա նաեւ՝ փոքր-ինչ ուշացումով վերադարձող բումերանգ է հիշեցնում: Այո, Հայաստանն իրապես հայտնվել է խիստ աղետալի իրավիճակում: Իրավիճակ, որն ամենեւին էլ մեկ օրում չէ, որ ստեղծվել է: Եթե պատճառահետեւանքային հերթագայությանը հավելեք նաեւ աշխարհաքաղաքական շահերը, դուք կստանաք Ձեր տված հարցի պատասխանը: Ըստ իս, սա ռազմականից առավել, դիվանագիտական պարտություն է: Ի տարբերություն պատերազմի դաշտում ռազմատեխնիկայով ու մարդաքանակով հայկական զորքերին տասնապատիկ գերազանցող հակառակորդի դեմ հերոսաբար մարտնչող զինվորների՝ դիվանագիտական ճակատում կրած պարտությունն առավել քան ակնառու է: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ հայկական դիվանագիտությունը ցույց տվեց իր իմպոտենտությունը: Հասկանում եք, հաջողության երաշխիքը ոչ թե «ուռա» հայրենասիրական կոչերն ու մերկապարանոց հայտարարություններն են, այլ աշխարհի տարբեր կողմերում ու տարբեր ոլորտներում իրականացվելիք ամենօրյա, հետեւողական աշխատանքը: Նաեւ լոբբիստական աշխատանքը, որում ահռելի դերակատարություն պիտի վերապահվի նաեւ հայկական սփյուռքին: Հակառակ դեպքում, մշտապես ունենալու ենք նույն տխուր արդյունքը:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշացումով խոստովանեց, որ ավելի ուշ են գիտակցել ռազմական դիմակայության անհնարինությունը, որ չարաբաստիկ այս հայտարարությունը ստորագրվել է՝ է՛լ ավելի խայտառակ իրավիճակ չունենալու եւ 20-30 հազար զինվորի կյանք փրկելու համար: Որոշում, որը հանրության ստվար հատվածի կողմից որակվում է որպես դավաճանական: Այս մասին ի՞նչ կասեք:
– Վաղուց եմ նկատել, որ Հայաստանում, չգիտես ինչու, մանանեխը մշտապես ճաշից հետո է մատուցվում: Նկատել եմ նաեւ, որ որպես կանոն «խելացի» մտքերն ու վերլուծություններն արվում են պոստֆակտում, երբ այլեւս ամեն ինչ ավարտված է լինում: Դուք ինձ կարո՞ղ եք բացատրել, թե ինչպե՞ս է լինում, որ պատերազմի մեջ գտնվող երկիրը անտեղյակ լինի հակառակորդի տիրապետած զենքից, ու ինչպես Մեծ Հայրենականի առաջին օրերին Բուդյոննին՝ տանկերի դեմ հեծելազորով ու սուսերով դուրս գա պայքարի: Համամիտ եմ բարձրաձայնվող այն տեսակետին, որ սա 21-րդ դարի բանակի հաղթանակն էր 20-րդի հանդեպ: Որ սա՝ առաջին հերթին պարտություն էր կազմակերպչական տեսանկյունից:
Կարդացեք նաև
– Հայկական բանակն իր սպառազինությունը համալրում է ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի օժանդակությամբ: Դուք է՞լ եք այն համոզմանը, որ սա նաեւ Ռուսաստանի պարտությունն էր: Ի դեպ, ակտիվորեն քննարկվում է նաեւ վարկած, որ ՌԴ-ն ոչ միայն ռազմական, այլ նաեւ ռազմավարական պարտություն է կրել, քանի որ Ադրբեջանի հովանավորյալ Թուրքիան Հարավկովկասյան տարածաշրջանում արդեն լիարժեք ներկայություն ունի: Իբրեւ սրա հաստատում, վկայաբերվում է ռուսական զորքի հետ համատեղ՝ թուրքական զորքի մասնակցությունը Լաչինի միջանցքում իրականացվելիք խաղաղապահ գործունեությանն ու Մեծ Թուրանի համար արգելք հանդիսացող, Ադրբեջանը Թուրքիային կապող ճանապարհի գործունեության ապահովումը:
– Եթե անկեղծ, ապա նշեմ, որ այն՝ ինչ կատարվում է, ինձ բազմապլան ֆիլմ է հիշեցնում: Այնպիսի ֆիլմ, որի գլխավոր գործողությունները ոչ թե առաջին, այլ հետին պլանում են նշմարվում: Այս պարագայում միանշանակ պատասխան տալը, ըստ իս, անիմաստ է: Որ Հայաստանը, ի դեմս պատմական Արցախի, հայտնվել է դժվարագույն կացության մեջ, անհերքելի իրողություն է: Կացություն, որը քաղաքագետներից ոմանց դիպուկ բնորոշմամբ նման է կարթին ամրացված որդի կարգավիճակին: Որ ռեւանշի հասած Ադրբեջանն ու նրան դրանում մեծապես օժանդակած Թուրքիան հայտնվել են խիստ նպաստավոր ու շահեկան դիրքերում, միանշանակ է: Բայց որքան էլ տարօրինակ հնչի, ամենից առավել շահեկան դիրքում է հայտնվել՝ բնույթով նախադեպը չունեցող գործողություն ու հեռահար նպատակի միտված նախագիծ իրականացնող Ռուսաստանը: Համավարակի պայմաններում եւ, ըստ էության, օրենքների ու դրանց իրագործմանը կոչված կազմակերպությունների չգոյության պայմաններում հենց նրան հաջողվեց հանդես գալ խաղաղապահի դերում ու ֆիզիկական ներկայություն ապահովել մուսուլմանական երկրում, որի նախադեպը մինչ այս չէր եղել: Թուրքիայի հետ ընդհանուր հայտարարի գալուց հետո միայն այս մասին տեղյակ պահվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին: Թե այս քայլով ի՞նչ հեռահար խնդիր է լուծելու Ռուսաստանը՝ ժամանակը ցույց կտա: Փաստն այն է, սակայն, որ գերազանցապես արեւմտամետ դիրքորոշում ունեցող Փաշինյանին ուղղված «դաստիարակչական ապտակը» խիստ թանկ արժեցավ ոչ միայն նրան, այլեւ Հայաստանին: Այս առումով, երիտասարդ հազարավոր զինվորականների մահը նաեւ նրանց խղճին է մնում: Որքան էլ ցավալի, բայց Հայաստանում արդեն կարծիք է ձեւավորվում, որ ռազմավարական գործընկերոջ օգնությունը որպես կանոն առնվազն երեք (այս դեպքում՝ քառասունչորս օր) ուշացումով է ցուցաբերվում: Այս առումով անգամ բուն Ռուսաստանում են տարակուսում, թե ինչպե՞ս կարելի է թվաքանակով ու գերժամանակակից ռազմատեխնիկայով գերազանցող հակառակորդի դեմ միայնակ թողնել ամենահավատարիմ դաշնակցին, Ռուսաստանին երբեւիցե չդավաճանած Հայաստանին: Թշնամուն հերոսաբար դիմակայող «300 սպարտացիների» պատմությունը, նրանց խորին համոզմամբ, մտորելու լրջագույն տեղիք է տալիս: Հասկանո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել, երբ Ադրբեջանի կողմից ապօրինաբար կիրառած, ՆԱՏՕ-ի զինանոցի պարունակությունը «ճաշակած», Թուրքիայի գործուն մասնակցությամբ տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչների դեմ պայքարող քրիստոնյա երկիրը նույնպես՝ ճարահատությունից դրդված, «ակն ընդ ական» սկզբունքով բռնի ահաբեկչության ճանապարհը: Չէ՞ որ, սա կարող է ստեղծել խիստ անցանկալի նախադեպ աշխարհում: Մեկ այլ հարցի մասին եւս: Հետաքրքիր է, աշխարհում գոյություն ունի՞ սահմանների անխախտելիության իրավական սահմանում: Հետաքրքիր է, աշխարհում կա՞ն գրաված հողերը կամովին վերադարձրած երկրներ: Եթե կան, թող այդ մասին բարձրաձայնեն:
– Պարոն Խաչատրյան, մեր վերջին զրույցում խոսել էիք անպատժելիության պայմաններում Թուրքիայի կողմից օրըստօրե մեծացող ախորժակի մասին: Հիշատակել էիք նաեւ, որ իրեն սուլթան երեւակայող Էրդողանը Արցախյան ֆրոնտում արձանագրած հաջողությունից որոշ ժամանակ անց հավակնելու է տեր կանգնել նաեւ պատմականորեն Թուրքիայի տարածքը դիտարկվող Բաթումիին եւ Ղրիմին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր վերջին ելույթում այս կարգի հիշատակումները սադրանք էր որակել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Իբրեւ պրոֆեսիոնալ՝ Սերգեյ Լավրովը հարգանքի է արժանի: Ես առավել քան համոզված եմ, որ նա իր ղեկավարման օրոք կտեսնի, թե ինչպես է Թուրքիան Ուկրաինայի միջոցով պահանջներ ներկայացնելու Ռուսաստանին: Վրաստանում ծնված, հայկական ծագում ունեցող Լավրովն, ըստ իս, դեռ շատ անելիք ունի: Նրա՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարման տարիներին են էապես տուժել դարերի պատմություն ունեցող ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները, նրա օրոք Հայաստանը կորցրեց Արցախն, ու ռուս խաղաղապահները մտան տարածաշրջան:
– Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞: Կարծիք կա, որ նրա հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների շարքում շատ են ռեւանշի ցանկություն ունեցող նախկինները, որոնց Փաշինյանը մեղադրում է զանազան պատճառներով ռազմի դաշտ մեկնելուց խուսափելու եւ հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով Փաշինյանի կառավարության տապալումը լիակատար դարձնելու մեջ: Այս հարցում, ըստ Ձեզ, ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Փաշինյանի հանդեպ Ռուսաստանը:
– Պարադոքսալ կարող է հնչել, բայց իմ խորին համոզմամբ, ՌԴ-ն իր իսկ շահերից ելնելով կարող է կողմ լինել արեւմտամետ դիրքորոշմամբ հայտնի Փաշինյանի հետագա կառավարմանը: Միտքս պարզաբանեմ. բուն Հայաստանի տարածքում Ադրբեջանի (իրականում Թուրքիայի ) կողմից ռուսական ուղղաթիռի խոցումը հանդուրժող Ռուսաստանը, ըստ իս, աչք է փակելու նաեւ «էն գլխից» խախտումներով իշխանության եկած ու Արեւմուտքի առջեւ ռեւերանսներ անող, անհավասարակշիռ վարքով հայտնի Փաշինյանին, մեն մի բանի համար՝ օրինականացնելու համար իր ներկայությունը տարածաշրջանում… Թեպետ, ցանկությունը կարող է եւ չհամընկնել զարգացումների հետագա տրամաբանությանը:
-Նախօրեին, ՌԴ նախագահի հայտարարություններից հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանին «պահելու» են Հայաստանում իշխանության, ավելին, Նիկոլ Փաշինյանը երեկ վեց ամսվա ճանապարհային քարտեզ է հրապարակել: Սրան ի՞նչ կասեք:
-Հարավկովկասյան տարածաշրջանը դարձել է աշխարհաքաղաքական շատ վտանգավոր հատված եւ այս իրավիճակում ասել՝ կզինվենք, կհզորանանք, դա այժմ առնվազն հեքիաթի ժանրից է, դա պետք էր ավելի վաղ անել: Այս պարագայում անհրաժեշտ է գերհզոր դիվանագիտական աշխատանք: Բայց քանի որ Հայաստանը դեռ ղեկավարվում է քաղաքական դիակ դարձած ուժի եւ նրա ղեկավարի կողմից՝ մենք կանգնած ենք պետությունն ու պետականությունը կորցնելու վտանգի առջեւ: Այստեղ մեղքի իրենց բաժինն ունեն Հայաստանի բոլոր իշխանությունները:
Զրույցը վարեց
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2020