Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. «Փաշինյանը, նաեւ՝ իր թիմը, Հայաստանի ոչ կոմպետենտ ղեկավար է, որը չի կարողանում լուծել վերը նշված խնդիրները՝ պաշտպանունակություն եւ երկրի կառավարում». «Հրապարակ»»

Նոյեմբեր 19,2020 11:57

Վլադիմիր Պուտինի՝ Россия-24-ին տված հարցազրույցը երկակի զգացողություններ առաջացրեց Հայաստանում։ Բոլոր նրանք, ովքեր պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ հեռանա, ՌԴ նախագահի այն հայտարարությունից, թե Հայաստանի վարչապետը դավաճան չէ, որ այնքան էլ ճիշտ չէ փողոցի միջոցով հարցեր լուծելը, տխրել են, բայց ոգեւորվել են այն հայտարարությունից, որ Շուշիի հանձնման հարցը քննարկվել է ռազմական գործողությունների արդյունքում, այլ ոչ թե ընթացքում: Եվ, հետեւաբար, Շուշիի անկումն իշխանությունների ապաշնորհության եւ կամ դավաճանության արդյունք է։ ՌԴ նախագահի հարցազրույցը խնդրեցինք մեկնաբանել ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինին։

– Վլադիմիր Պուտինը նշեց նաեւ, որ մինչեւ ղարաբաղյան այս պատերազմը երբեք Շուշիի հարց չի դրվել:

– Ուզում եմ եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել նրան, թե ինչ ասաց ՌԴ նախագահը։ Նա չհաստատեց մինչ այդ արված հայտարարությունները, թե հակամարտության սկզբից ի վեր՝ բոլոր փուլերում կարգավորման փորձերի ժամանակ խոսք է եղել այն մասին, որ ադրբեջանական կողմն ու միջնորդները պնդել են Շուշիի՝ Ադրբեջանին փոխանցման հարցում։ Եթե նկատեցիք՝ նա ասաց կոնկրետ ժամկետի մասին՝ հոկտեմբերի 19-20, եւ ասաց, որ Ադրբեջանի ղեկավարությունը պնդել է ադրբեջանական փախստականների վերադարձը Շուշի, այսինքն՝ արցախյան հակամարտությունից առաջ Շուշիում բնակվող ադրբեջանական բնակչության, բայց ո՛չ Շուշի քաղաքն Ադրբեջանի իրավասության ներքո հանձնելու։ Պուտինն ընդգծեց՝ «ադրբեջանական փախստականների վերադարձ», այսինքն, որ սա հայկական տարածք է։ Այ, իմ հայացքով՝ Հայաստանում իշխանության ոչ կոմպետենտությունն արտահայտվեց նրանում, որ ամբողջությամբ չտիրապետելով, թե ինչ է կատարվում, եւ իրեն հաշիվ չտալով՝ իշխանությունը մերժեց, եւ դրա արդյունքում ստիպված եղան համաձայնել շատ ավելի վատ տարբերակի։ Փաստացի՝ Շուշիի եւ այլ տարածքների կորստյան պայմաններում։ Չեմ ուզում օգտագործել տերմիններ, որոնք շատ են օգտագործվում Հայաստանում՝ «Փաշինյանի դավաճանություն» եւ այլն, քանի որ այնքան էլ չեմ հավատում, որ Փաշինյանը գիտակցաբար ինչ-որ դավաճանության է գնացել։ Ես, օրինակ, տեսնում եմ, ու սա ժամանակի ընթացքում ավելի պարզորոշ է դառնում, որ Փաշինյանը, նաեւ՝ իր թիմը, Հայաստանի ոչ կոմպետենտ ղեկավար է, որը չի կարողանում լուծել վերը նշված խնդիրները՝ պաշտպանունակություն եւ երկրի կառավարում։ Նա, որքանով ես տեղյակ եմ, այսօր հանդես է եկել ապագա՝ մինչեւ 2021 թ․ կեսերը գործողությունների ծրագրով, որոնց հետ կարելի է նաեւ համաձայնել։ Բայց ի՞նչ երաշխիք, որ Փաշինյանն ու իր թիմը կարող են այն ի կատար ածել։ Որտե՞ղ է երաշխիքը եւ, առհասարակ, վստահությունը, որ այդ թիմը դրան ունակ է։ Ես, օրինակ, չունեմ նման վստահություն, ավելին՝ միանգամայն վստահ եմ, որ նրանք դրան ունակ չեն։ Ունակ չեն կոնսոլիդացնել Հայաստանն ու անցնել այդ փորձությունների միջով։ Իսկ ինչ վերաբերում է նրան՝ պետք է, թե ոչ, հնարավոր է, թե ոչ վերադառնալ Շուշիի հարցին, ապա առաջարկում եմ հիմա ինձ նման հարցեր չտալ։ Հիմա պարզ է, որ Հայաստանը դիմադրելու ուժ չունի։ Եվ այդ իմաստով միանգամայն ճիշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ խոսում է այն մասին, որ հայտարարմամբ ստանձնած պարտավորություններից հրաժարումը հավասարազոր է ինքնասպանության։ Դա նշանակում է ռազմական գործողությունների վերսկսում։ Մենք էլ ենք մեր պատմության ընթացքում ունեցել ժամանակաշրջաններ, երբ չենք ունեցել դիմադրելու հնարավորություն։ Կարող եմ նշել՝ Բրեստի խաղաղության համաձայնագիրը։ Այն կնքել էին բոլշեւիկները Գերմանիայի հետ, եւ հետո եկան այլ ժամանակներ, ու ամեն ինչ այլկերպ լուծվեց։ Իսկ հիմա ակնհայտ է, որ պետք է կատարել այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Իսկ ում եւ ինչպես ընտրել՝ սա հայ ժողովրդի գործն է։ Եվ շատ տարօրինակ կլինի, եթե հայ ժողովուրդը երկրորդ անգամ ասի՝ լավ, թեպետ Նիկոլ Փաշինյանն այս ամենը տապալել է, բայց՝ ոչինչ, թող շարունակի ղեկավարել մեզ։ Կասի՞ հայ ժողովուրդը նման բան՝ Ձեզ եմ հարց ուղղում։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30