Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագա բժիշկը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, տանկ խոցելուց հետո. Մերօրյա հերոսները. Դավիթ Բադալյան

Նոյեմբեր 19,2020 12:07

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառումը
Մերօրյա հերոսները. Դավիթ Բադալյան

Դավիթը ցավոք համալրեց անմահության ճանապարհը բռնած մեր Հերոսների շարքը… Ապագա բժիշկը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, տանկ խոցելուց հետո:

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ուժերի սանձազերծած պատերազմն իրողություն է, որը հայ ժողովրդից խլեց հայրենի հողի համար մարտնչող քաջ հայորդիների:

Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Դավիթ Բադալյանը Մասիս քաղաքից էր: Որոշել էր որպես նեղ մասնագիտություն ընտրել պլաստիկ վիրաբուժությունը:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը խորը ցավ է ապրում սիրելի ուսանողների մասին անցյալով խոսելիս: «Դավիթին բնութագրելու համար ոչ թե դեկան, այլ որպես դասախոս պետք է նշեմ, որ յուրահատուկ սովորող էր: Գիրքը ձեռքից չէր դնում. միշտ ուսանողի կեցվածքով, պատրաստակամ, բոլորին լսելու, օգնելու կամքով»,-ընդգծում է դեկանը:

Համակուրսեցիները ևս կարոտով են հիշում կուրսընկերոջ հետ անցկացրած օրերը: Համակուրսեցու՝ Տաթևիկ Զուռնաչյանի խոսքով՝ Դավիթը հասակակից տղաներից տարբերվում էր նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ, պլանավորած քայլերով. հստակ գիտեր, թե ինչ պետք է անի բանակից վերադառնալուց հետո: «Միշտ ժամանակ էր գտնում զանգելու, երբեք չէր մոռանում խմբեցիների ու դասախոսների մասին. հարցնում էր ու բարևներ փոխանցում, նույնիսկ հիշում էր բոլորի տարեդարձները: Ձմռանը (մինչև իր բանակ գնալը) միասին ենք պարապել բոլոր քննությունները, վաղ առավոտից մինչև ուշ գիշեր ընկերներով միասին պարապում էինք գրադարանում: Դավիթի ներկայությունից արդեն մեզ պաշտպանված էինք զգում, որովհետև գիտեինք, որ ցանկացած հարցում կաջակցի ու մենակ չի թողնի մեզ»,- նշում է Տաթևիկ Զուռնաչյանը՝ հավելելով, որ երբևէ չի հանդիպել տղայի, ով այդքան դաստիարակված լիներ և նվիրված ընտանիքին ու սիրելի մարդկանց:

Տաթևիկը կարոտով հիշում է, որ Դավիթը քաղցրակեր էր. «Իր բանակ գնալուց մեկ ամիս անց խմբով Դավիթի համար իր սիրելի քաղցրավենիքներից էինք ուղարկել, ինչը շատ էր ուրախացել նրան: Նա անկեղծ ու կյանքով լի անհատականություն էր»,-հիշում է ուսանողուհին՝ ընդգծելով՝ անսահման ուրախ է և հպարտ, որ իր կյանքում ունեցել է Դավիթի նման ընկեր և «մեծ» եղբայր:

Ապագա բժիշկը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, տանկ խոցելուց հետո:

«Փամփուշտը մտել է սրտը: Ընկերները տեսել են նրան արդեն գետնին ընկած, նա հասցրել է չորս բառ ասել՝ «Մենակ եղբորս բան չլինի»»,-պատմում է համակուրսեցին՝ հավելելով, որ Դավիթի եղբայրը ևս ծառայության մեջ է. երկուսն էլ եղել են առաջնագծի տարբեր մասերում:

Հավերժ փառք և խոնարհում…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30