Դավիթ Գալստյանի կուսակցական ընկերը՝ «Արդարության» պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը, համակարգում է կուսակցության աշխատանքը Քաշաթաղի շրջանում: Այն ձգվում է Արաքսի ափից մինչեւ Քարվաճառ: Բերձորը՝ որպես Քաշաթաղի շրջանի կենտրոնական քաղաք, անցումային կետ է դարձել: «Գալիս, թալանում են, հայը հայի տուն է թալանում, անիշխանության վիճակ է»,- պատմում է Կարեն Հովհաննիսյանը: Թալանված են Բերձորի վարչական շենքերը, դպրոցը:
Կարեն Հովհաննիսյանը փորձում է անձնական, նաեւ իր կուսակիցների կապերով, ռեսուրսներով տարհանվողներին օգնել տեղափոխվել, կացարան գտնել: Հարցնում ենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Աննա Հակոբյանի հիմնադրամները փախստականներին չե՞ն օգնում: «Օգնում են երեւի, ես տեղյակ չեմ: Ես այդ մանկապարտեզի հետ ժամանակ ու ներվեր չունեմ վատնելու: Ես իմ ազգաբնակչության, իմ Քաշաթաղի շրջանի ժողովրդի հետ առարկայական, մեկս մյուսին օգնելով ենք ապրել: Մի 20 տարի քաշաթաղցիներով, վերաբնակեցման առաջին օրվանից, մեկս մյուսի վրա ենք հույս դրել, առաջ շարժվել: Աննա կլինի, Սիմոն կլինի, Սորոս կլինի, թե Լենին պապիկ՝ մեզ համար երկրորդական ա: Այս պահի համար են այդ գումարները պետք, եթե կառավարություն կա, եթե գոյություն ունի նման կառույց, այդքանը պետք է հասկանան: Հաշվարկ չի արվել, թե քանի կարիքավոր կա: Դեռ ո՞նց կարանք հաշվարկ անել, դեռ հասկանում ենք՝ որս ենք կենդանի մնացել, ում երեխան է զոհվել, ով ինչ է կորցրել»: Կարեն Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել մեզ հասած լուրը, թե որ ռուս զինվորները տեղացիների տներն են զբաղեցնում, եւ բնակիչները մնում են դրսում։ «Նման բան չկա, բայց գողություն կա, իսկ գողություն անողը ոչ թե զինվորն է, որը գտնվում է իր զորամիավորման տարածքում ու եթե մի բաժակ սուրճ է առնում, սուս-փուս գնում է, խանութից առնում է, հետ է գալիս իր տեղը: Գողությունը մեր հայերի ձեռքի աշխատանքն է, մի այլ կարգի գողություն»:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: