Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը՝ զոհված զինծառայողների իրական թվի ու իր ապրած էմոցիոնալ շոկի մասին. մոտ 250 չճանաչված դիակ կա

Նոյեմբեր 19,2020 09:31

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե նույնիսկ հրաժարական տա, կմնա թիմի անդամ:

Նա ասաց. «Հրաժարական չեմ պատրաստվում տալ: Եթե ցանկություն ունենայի, կտայի, ինչպես որոշ մեր գործընկերներ»:

Քանի որ Թորոսյանը նաեւ ՔՊ վարչության անդամ է, հարցրեցին՝ հասարակության մի հատված կա, որ այս իշխանությանը համարում է հող հանձնող, ինչպե՞ս եք վերաբերվում դրան՝ նա պատասխանեց. «Այդ կլիշեներին չանդրադառնամ, հարցին բազմիցս է անդրադարձվել, թե ինչպես է ստացվել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքն այսպես է ստացվել՝ նման բազմապատիկ անհավասար պայմաններով, ու ստորագրված հայտարարությունը ինչ հնարավորություն է թողել մեզ՝ ՀՀ-ին ու Արցախին զարգանալու, քանի հազար՝ նույնիսկ տասնյակ հազար կյանքեր է փրկել: Կարծում եմ, այն էմոցիոնալ շոկը, որ մենք բոլորս, այդ թվում ես՝ ապրել ենք, տրանսֆորմացվելու է այն ուժի եւ եռանդի, որով մենք պետք է շենացնենք մեր երկիրը, որպեսզի ավելի հզոր դառնանք եւ դիմակայենք բոլոր մարտահրավերներին»:

Ըստ Արսեն Թորոսյանի, «անցումային ներքաղաքական ճգնաժամը, որն ավելի շատ երկրում անկայունություն սերմանելու միտում ուներ, աստիճանաբար կմեղմվի նաեւ մեր կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի եւ ներկայացման, եւ իրականացման ժամանակ եւ հանրությունը պարբերաբար ընտրությունների միջոցով հնարավորություն ունի վերահաստատելու այս կամ այն ուժին վստահությունը կամ չեղարկելու այդ վստահությունը»:

Այս օրերին, նաեւ պատերազմի շրջանում մեր զոհերի թվի հետ կապված տարբեր լուրեր էին շրջանառվում, եղավ գրառում, որ մոտ 4700 զոհ ունենք: Արսեն Թորոսյանն ասաց, որ եթե խոսեն զինծառայողների դիակների մասին, որոնք անցել են դատաբժշկական փորձաքննություն, ապա այդ թիվը նախօրեի դրությամբ 2425 է եղել: Չճանաչված դիակները մոտ 250-ն են, մեծ մասն արդեն հուղարկավորված են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30