Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակության պառակտման պատմությունը

Նոյեմբեր 19,2020 10:00

Այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ էության, անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, դա, իհարկե, լավ նշան չի: Բայց պարզ է, որ իշխանության անհեռատես քաղաքականության պատճառով մենք ունեցանք աղետալի պարտություն, եւ այդ պահին միակ փրկությունն էր ռուս խաղաղապահների մուտքը, որի հետեւանքով մենք զիջեցինք մեր ինքնիշխանության զգալի մասը: Ահա թե ինչու Պուտինը «տեղ ունի» այդպես խոսելու:

Չեմ ուզում անդրադառնալ ՌԴ նախագահի բոլոր ասածներին՝ որը ճիշտ է, որը՝ սխալ: Փորձառու քաղաքական գործիչ է, հսկայական երկրի ղեկավար, որը խոսում է իր երկրի շահերից ելնելով:

Այնուամենայնիվ, կցանկանայի անդրադառնալ Պուտինի մի գնահատականի, որն, իմ կարծիքով, արդար է եւ որի մասին արժե մտորել: «Պատերազմող կամ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի տակ գտնվող երկիրը`ինչպես միշտ եղել է նախորդ տարիներին, չի կարող իրեն թույլ տալ նման վարքագիծ դրսեւորել, այդ թվում՝ իշխանության կազմակերպման ոլորտում, հասարակությունը ներսից պառակտելու համար: Սա, ինձ թվում է, բացարձակապես անընդունելի է, հակաարդյունավետ է և ծայրաստիճան վտանգավոր»:

Նախ՝ եկեք ինքներս մեզ հարց տանք, կա՞ր արդյոք մեզանում այն գիտակցությունը, որ մենք պատերազմող կամ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի առաջ կանգնած երկիր ենք: Ես խիստ կասկածում եմ: 1994 թվականից հետո այդ զգոնությունը մեզանում բթացել էր, եւ մեզ թվում էր, որ համեմատաբար խաղաղ վիճակը տեւելու է հավերժ: Այս ընթացքում, երբ հայտնվում էին մարդիկ, որոնք փորձում էին հիշեցնել, որ պատերազմը չի ավարտվել, նրանց ձայնը շատ հեշտ կտրում էին հետեւյալ դեմագոգիայով՝ «ուրեմն դուք ուզում եք, որ Լեւոնը (Ռոբերտը, Սերժը) հավերժ իշխեն»:

Երկրորդ՝ Հայաստանի վերնախավի՝ հասարակության պառակտմանն ուղղված քայլերը սկսվեցին 2008 թվականից, երբ մի կողմից իշխանությունը հերթական անգամ կեղծեց ընտրությունները եւ արյուն թափելով վերարտադրվեց, իսկ ընդդիմությունը առաջ քաշեց՝ «ով մեզ հետ չէ, նա սրիկա է» կարգախոսը: Իհարկե, 2018 թվականը հասարակության պառակտման եւ ատելության քարոզի բարձրակետն էր: Գրագետ կազմակերպված տեխնոլոգիաներով անսահման ատելություն բորբոքելու միջոցով տեղի ունեցավ «թավշյա հեղափոխություն», որն, ընդհանուր առմամբ, դրական երեւույթ էր, որովհետեւ ազատեց մեր հասարակությունը փտած ու ոչ կենսունակ իշխանությունից:

Բայց մի բան է լինել հեղափոխական ընդդիմություն, մեկ այլ բան՝ պատասխանատվություն ստանձնել պետության համար: Պետության կառավարումը ամենօրյա կազմակերպչական, կառուցողական աշխատանք է, ոչ թե ամբողջ օրը ֆեյսբուքում նստելն է եւ ճարտար լեզվական հնարքներով սրան-նրան «ջախջախելն» ու «բարոյապես ոչնչացնելը»: Հասարակության պառակտումը, գործ անելու փոխարեն ագրեսիվ հռետորաբանությունը իշխող թիմի «ֆիշկան» է, կարելի է ասել՝ քարոզչական պրեսինգի ձեւը, որը տվել է եւ տալիս իր դիվիդենտները՝ վարկանիշի տեսքով, իսկ մյուս կողմից բերում է աղետալի հետեւանքների: Անգամ հիմա՝ պատմական այս ողբերգությունից հետո, հասարակության զգալի մասը գտնվում է այդ քարոզչական «նարկոզի» տակ:

…Հիշեցնեմ, որ պատերազմից ընդամենը կես տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հասարակությունը պառակտող՝ իրենց հատուկ բառապաշարով «այո» քարոզարշավ էր սկսել՝ պետության համար չորրորդական նշանակություն ունեցող հարցով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30