Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այսօրվա հայտարարությունը, թե համահայկական հիմնադրամին փոխանցված գումարների մի մասը փոխանցվել է կառավարությանը՝ քննադատությունների տեղիք տվեց:
Համացանցում քննարկվում էր, որ գումար փոխանցողներն այդ նպատակով չէին կատարել փոխանցումները:
«Հայաստանի համահայկական հիմնադրամը պետք է գործի իր կանոնադրության սահմաններում: Իր հռչակած նպատակներին պետք է ծառայեն բոլոր այն գումարները, որոնք հավաքագրվել են, բացի այդ, եթե հայտարարվել է դրամահավաք ու նշվել է այդ դրամահավաքի նպատակը, հիմնադրամը իրավունք չունի այլ ուղղություններով ծախսել հավաքված գումարները: Ոչ մեկ հիմնադրամին այդ իրավունքը չի տվել, հատկապես այն անձինք, որոնք մասնակցել են:
Հստակ նշված է՝ այդ ուղղությամբ էլ պետք է ծախսվի: Եթե հնարավորություն ունենանք այդ գործարքի մանրամասներին երբեւէ ծանոթանալ, ապա չեմ բացառում՝ այս ամենի մեջ խարդախության տարրերը. այսինքն՝ ուրիշ բանի պատրվակով գումարը հավաքվի և ուրիշ նպատակով ծախսվի»,-նման կարծիք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ նախնական, առաջին հայացքից հիմնադրամի նկատմամբ հայց ներկայացնելու բոլոր հիմքերը կան, բայց դեռ պետք է ուսումնասիրվի հիմնադրամի կանոնադրությունը, հայտարարությունները բառ առ բառ:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախին աջակցելու համար դրամահավաք էր սկսել պատերազմի հենց առաջին օրից:
«Այսօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։
Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):
Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց անհարժեշտ համահայկական ձեռնարկին»,- այս տեղեկությունը հայտնել էր հիմնադրամի facebook-ի էջը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ