Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդգես Օվյան. «Չեմ կարող գնալ, երեխաներիս կյանքը վտանգել»

Նոյեմբեր 19,2020 14:00

Պարզվում է՝ նոյեմբերի 11-ին Արցախ վերադարձող 4 քաղաքացիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են

Մինչ այդ էլ՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը դիմեց Քաշաթաղի եւ Շահումյանի բնակիչներին՝ հորդորելով չշտապել սեփական գույքը չվնասված տներից հանել: Երկու օր առաջ Քաշաթաղը հոսանքազրկվեց վերջնականապես:

Համացանցում տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես են երբեմնի հպարտ բնակիչները հրաժեշտ տալիս իրենց հայրենի օջախներին…

Իսկ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է, որ Ստեփանակերտ մեկնելու նպատակով նախապես գրանցված քաղաքացիները վաղը 08։00-ին պետք է լինեն Երեւան քաղաքի Շահումյանի անվան հրապարակում՝ քաղաքապետարանի հարակից տարածքում: Ուղեւորափոխադրումները կիրականացվեն Երեւանի Շահումյանի անվան հրապարակից՝ առավոտյան ժամը 08։00-ից, Քարվաճառի ճանապարհով:

Օպերատիվ շտաբը հայտնում էր, որ Երեւան-Ստեփանակերտ անվճար ուղեւորափոխադրող միջոցներով Ստեփանակերտ մեկնելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում՝ այցելելով Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհ 23/1 հասցեով կամ զանգահարել 055 77 78 06 հեռախոսահամարով՝ ամեն օր, աշխատանքային ժամերի ընթացքում։

Արցախի օպերատիվ շտաբն էլ տեղեկացնում էր, որ հանրապետությունում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են: Այս օրերին մասնագետներն աշխատանքներ են իրականացնում Շուշի եւ Սղնախ ենթակայաններից սնուցվող բնակավայրերում էլեկտրականության ապահովման այլընտրանքային միջոցների կիրառման ուղղությամբ: Մարտունի քաղաքի եւ շրջանի մի քանի բնակավայրերի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ տարվում են ինտենսիվ աշխատանքներ: Մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանում եւ Ասկերանի շրջանում, բացի վերին ենթաշրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է:

Մայրաքաղաք Երեւանում էլ հադրութցիներն էլ բողոքի ցույց էին անում. «Աղջիկս Հադրութում է բնակվել, ավերվել է նրանց տունը, ես Ստեփանակերտում եմ բնակվում: Բայց ես էլ Ստեփանակերտում ապրել չեմ կարող, հոգեբանորեն էլ, եթե ամեն օր Շուշիից լսելու եմ նամազի եւ մուղամի ձայն»: Ըստ բողոքաբերների, բունկերներում կամ կաբինետներում հայտարարություններ անելով չէ, եւ այդ հայտարարություններն անողների ասածը չեն կարող ի գիտություն ընդունել:

Ստեփանակերտից չորս օր առաջ վերադարձած հրապարակախոս, լրագրող Վարդգես Օվյանին հարցրեցի, թե մտադի՞ր է ընտանիքն այս ձմեռնամուտին տանել Ստեփանակերտ, ուր թողել է իր բնակարանը, նա ասաց. «Եթե գնամ էլ, ապա երեխաներիս այլեւս չեմ տանելու: Չեմ կարող նրանց կյանքը վտանգել: Անկախ հաշվառում-մաշվառումներից, մենք, անկասկած, գնալու ենք, տեսնենք ինչ է սպասվում, ինչ կարող ենք անել, ինչպես պիտի այսուհետ ապրենք։ Ուղղակի երեխաներին չեմ ուզում տանել, երբ ամեն ինչ անորոշ է. Մայրս 84 տարեկան է, երեք երեխաներս՝ 12-15 տարեկան»:

Վարդգեսին հարցրի՝ հնարավո՞ր է ապրել Արցախում, իշխանություններն ասում են, որ մայրաքաղաքում աշխատանքներ են տարվում հոսանք, ջուր, գազ, տարրական կենսապայմաններ ապահովելու համար, նա ասաց. «Երբ Ստեփանակերտից ետ էի գալիս, նոր-նոր վերադառնում էին մարդիկ։ Բայց երբ այնտեղ էի, մեռյալ քաղաք էր` առանց գազ, գրեթե առանց լույս եւ առանց կապ։ Այս արայիկ-մարայիկների խոստումներին չի կարելի հավատալ։ Այս պատերազմից հետո, 10 հազար քառ. կմ թուրքին տալուց հետո ապրել 2 հազար քառ. կմ մի բուռ անկլավում, չորս կողմից թուրքերով շրջապատված, միջուկային զենք ունենալու դեպքում է միայն հնարավոր»:

Վարդգեսն ասում է, որ իր ողջ ունեցվածքը, տուն-տեղն այնտեղ է, հարազատների, նախնիների գերեզմաններն այնտեղ են. «Երեխաներիս այլեւս չեմ տանելու… Չեմ կարող նրանց կյանքը վտանգել։ Երբ այս օրերին այնտեղ էի, այնպիսի ցուրտ ու մառախուղ էր, որ երկու մետրից ոչինչ չէր երեւում։ Երեւի, հիմնական պատճառն այն էր, որ քաղաքը դատարկ ու սառն էր։ Գրեթե մարդ չկար։ Մեր տանը ցրտից սրթսրթում էինք։ Երբ մի կերպ հրաշքով կապվեցի քաղաքը մինչ այդ երբեք չլքած ընկերոջս, ով արդեն Երեւանում էր, զարմացավ, որ Ստեփանակերտում եմ։ Միայն մեր դուրս գալու պահին էր պարզվել եղանակը։ Մեքենայից վիդեոյով կադրեր արեցի եւ դրեցի էջումս։ Կարծես սովորական կադրեր են, բայց հայրենի քաղաքին կարոտած մարդկանց այնքա՜ն էր հուզել։ Արդեն 44 հազար մարդ է դիտել»։
Վարդգեսը ցույց է տալիս իրենց ստեփանակերտյան պատշգամբից արված նկարները. «Դեպի Շուշի նայող, մի հատն էլ դեպի քաղաք նայող։ Շուշիի ուղղությամբ նկարներում վերջինում բարձունքի աջ կողմում, ետեւում Շուշին է, որ արդեն թուրքինն է… առաջինում ակնարկածս մառախուղն է, հետո պարզվածը»,-ասում է նա:

Հարցնում եմ, Ստեփանակերտը պե՞տք է ապրի, չե՞ս կարծում, որ մարդիկ, որպեսզի չկորցնեն սրտի զարկերը, կամաց-կամաց պետք է գան, ասում է. «Քաղաքը կապրի անկասկած, ինչ-որ բաներ կվերականգնվեն, բայց ապագան, Արցախից մնացած այդ մի բուռ հողակտորի ապագան շատ մշուշոտ է լինելու։ Արդեն նախկին Ստեփանակերտը չի լինելու։ Արտագաղթ է սկսվելու ոչ միայն մայրաքաղաքից… »:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30