Լրահոս
Օրվա լրահոսը

««Քաջ Նազարը», «Կիկոսի մահը» եւ «Մկների ժողովը» մեր երկրում են գրվել»

Նոյեմբեր 19,2020 13:00

Հարցազրույց սցենարիստ, կինովավերագրող, արցախյան պատերազմների մասնակից Սամվել Թադեւոսյանի հետ

– Լրացավ ձեր ստեղծագործական գործունեության 30 ամյակը, բայց չգիտես ինչու արվեստասեր հասարակայնությունը ձեր այցեքարտը համարում է «Չկրակված փամփուշտներ» ֆիլմը (2006թ.)՝ նվիրված արցախյան պատերազմում զոհված բանաստեղծ Աղվան Մինասյանին։

– «Այցեքարտ» որակումը իմ գործունեության հետ ոչ մի աղերս չի կարող ունենալ։ Իմ ստեղծագործական գործունեությունն ընդհանրապես միտված է փրկել հայոց հաղթական տարեգրության ճշմարտությունը եւ հաղթանակը կերտողներին։
2000թ. Հ1-ում սկսեցի «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը, որի յուրաքանչյուր ֆիլմ նվիրված է Արցախում նահատակված հերոսներից մեկին՝ Աշոտ Ղուլյանին, Վարդան Ստեփանյանին, Հրազդանի Աբոյին, Տողի Վիգենին եւ մյուսներին, թվով 30 ֆիլմ։ 2003թ. Թուրքիայի TV-ներից մեկը ցուցադրեցին Լաչինում նկարահանած իմ կադրերը՝ Լաչինի մուտքի ցուցանակին նստած Դուշման Վարդանի հետ հարցազրույց վարելիս ու ծաղրում էին, թե տեսեք՝ Դուշմանը մտել է մեր հողը ու ծաղրում է մեզ… 1992թ. մայիսի 18-ին Լաչինում մասնակցել եմ քաղաքի ազատագրմանը դաշնակցական Վարդան Ստեփանյանի վաշտում։ Իսկ վերը նշված շարքի առաջին ֆիլմը նվիրված է ընկերոջս՝ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանին, որի հետ ուսանել եմ թատերական ինստիտուտում, Արման Մանարյանի արվեստանոցում։ Իսկ ընդհանրապես պատերազմը վավերացնել սկսել եմ 1990-ից՝ հանրահավաքներ, վիշտ, ողբ, ավերածություն… եւ, իհարկե, հաղթանակներ։ «Խոնարհ հերոսները» ֆիլմաշարը 2004-ից շարունակեցի եւ սկսեց հեռարձակվել «Երկիր մեդիայով»։ Այդ ֆիլմաշարից հետո հեղինակել եմ «Արդարության մարտիկներ» շարքը (2010թ.), ներկայացնելով արցախյան պատերազմի տարեգրությունը, առանձին անդրադառնալով պատերազմին մասնակից ջոկատներին։ Արդյունքում ստեղծվեց 12 ֆիլմ։ Զուգահեռ ստեղծեցի ավելի կարճ՝ 8-10 րոպեանոց ֆիլմեր, որոնք դարձյալ նվիրված էին արցախյան պատերազմում զոհվածներին, ներառելով նաեւ 2016թ. ապրիլյանի նահատակներին։

– Նկարահանել եք նաեւ խաղարկային ֆիլմեր…

– Այո, «Տղերք, մենք եկանք…», «Տաք արահետներ», «Վերադարձի նոթեր», «Չկրակված փամփուշտներ»…

– Ի դեպ, «Չկրակված փամփուշտներից» ստանում ենք «մեսիջ», որ հայի պատերազմը երբեք չի ավարտվելու։

– Իրավացի եք։ Իսկ գիտե՞ք ինչու, որովհետեւ մենք գործ ունենք երբեւէ մարդ դառնալու հավակնություն չունեցող բարբարոսի հետ, որը, ցավոք, դարեր շարունակ եղել է եւ կմնա հայերիս անցանկալի հարեւանը։

– Օրերս Հայաստանի մշակույթի, արվեստի եւ գիտության գործիչները ուղերձ հղեցին Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին եւ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Ջո Բայդենին՝ զգուշացնելով Արցախի զավթված տարածքներում հայկական պատմամշակութային կոթողների վտանգված լինելու մասին։ Ուղերձը ստորագրողների մեջ չկա ձեր անունը։

– Իրենց ուժեղ հռչակած պետություններին ուղերձներով, խնդրանքներով ու նման ճանապարհով մենք ոչնչի չենք հասնի։ Ապացույցը Արցախյան պատերազմի սկիզբն էր, երբ ազգովի գիտակցեցինք նման վարքագծի ամլությունը եւ զենք վերցնելով ազատագրեցինք Արցախ աշխարհը։ Ի վերջո, աշխարհը ուժեղի հետ է հաշվի նստում։ Ցավոք, մեզանում կարծես աշխատաոճ է դարձել անդադար հնչեցնել այն, որ մենք քրիստոնյա ու հանդուրժող ազգ ենք, մինչդեռ աշխարհին հայտնի է, որ անկախություն ու պետություն ձեռք է բերվում մեկ ճանապարհով՝ զենքով եւ նվիրվածությամբ։

– Մենք ազատագրել էինք Արցախը…

– Ազատագրելը առաջին փուլն էր, այն անհրաժեշտ էր հզորացնել ու փայփայել։

– Կարծիք կա, որ քաղաքակիրթ երկրները 21-րդ դարում չեն պատերազմում։

– Ես դեմ եմ նման կարծիքին եւ վստահ եմ, որ Երկիր մոլորակում պատերազմները երբեք չեն դադարելու, պարզապես դրանց ձեւերն են փոխվում։
Աստվածահաճո նախաստեղծ հորդորներով պայմանը մեկն է եղել. որպեսզի մարդը, որպես բանական էակ՝ նմանս Աստծո կամ Արարչի կերպարին, շենացնի ու պահպանի այն հրաշքը՝ Երկիր մոլորակը, որը սիրով տրվել է Արարչի կողմից մարդու պահպանմանն ու զարգացմանը։ Սակայն մարդկությունը շատ վաղուց հեռացել է այս արարչատուր պատգամներից եւ ինքնասիրահարված սրա-նրա կոկորդն է պատռում՝ բավարարելու իր ընչաքաղց ու ողորմելի կրքերը, ցանկությունները։ Ահա այստեղից են ծնվում պատերազմները, միմյանց չհանդուրժելու տենդագին մոլուցքն ու մարդկային ողբերգությունները։ Ցավոք, մենք երբեք զերծ չենք մնացել պատերազմներից՝ երբեւէ չլինելով նախահարձակ։ Եվ զենք ենք բարձրացրել միայն այն դեպքում, երբ ստիպված ենք եղել պաշտպանելու մեր հողը, հայրենիքը, հավատը։

– Նախահարձակ չենք եղել, ստիպված ենք եղել, բայց այնուամենայնիվ, պատերազմական գործողություններում ունեցել ենք, չէ՞, թերացումներ, սխալներ…

– Իհարկե եղել են ու կան։ Պարտակելով սեփական թերացումները, կարծես ինքներս մեզ համար ճանապարհ ենք հարթում դեպի նոր մեղքեր… Որպեսզի փիլիսոփայորեն չընկալվի միտքս, ընդամենը երեք դիպված ներկայացնեմ. «Քաջ Նազարը» գրվել է մեր երկրում, որտեղ ոչինչը դառնում է գահակալ, «Կիկոսի մահ»-ն էլ գրվել է մեր երկրում, որտեղ փառաբանվում է ոչնչից ողբերգություն ստեղծելու թշվառ հայեցակետը։ «Մկների ժողովը»-ն էլ է գրվել այս երկրում, որտեղ անպտուղ ժողովին լծվածներին կուլ է տալիս զենքին ու դավին ապավինող թշնամին։

– Վերադառնանք ձեր արվեստին՝ կինովավերագրությանը։ 45 օր տեւած պատերազմին, վստահ ենք, անդրադառնալու եք։

– Ես էլ եմ վստահ ու վստահեցնում եմ, որ այս պատերազմում կուտակված նյութերի շնորհիվ մի օր, մոտ ապագայում կծնվի հերթական ֆիլմս։ Իսկ շուտով կհանրայնացնեմ 2016թ. պատերազմին նվիրված «Հարատեւ կռիվ» փաստավավերագրական ֆիլմս։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30