Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ծանրաբեռնվածությունը կրկնակի էր. մի կողմից Covid-ն էր, մյուս կողմից` պատերազմը»

Նոյեմբեր 19,2020 12:00

Ասում է Բժշկական համալսարանում սովորող եւ այս բախտորոշ շրջանում վիրավորների կողքին անցկացրած Տիգրան Ալեքսանյանը:

Կյանքն ամենատարբեր մարտահրավերներով է ներկայանում մարդուն, իսկ եթե մարդու ներսը ուժեղ եւ անվեհեր է, ապա ցանկացածին դիմակայում է, լավագույն դեպքում` դարձնում մի ուղի եւ շարունակում։ Իմ զրուցակիցը զուսպ եւ նպատակասլաց մի երիտասարդ է, որը սովորում է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում։ Ասել է թե` կյանքը գեղեցկանում է լավ ընկերներով, հարստանում` նրանց տված ջերմությամբ։ Իմ զրուցակիցը Տիգրան Ալեքսանյանն է։

– Տիգրան, այս օրերի գերծանրաբեռնված քրոնիկոնում  դու քո առաքելությանը հավատարիմ մնացիր: Մի քիչ պատմիր քո մասին, նախասիրություններիդ եւ այն ամենի, ինչի համար կյանքն արժեւորում ես:

– Նախասիրություններս հիմնականում կապված են մասնագիտությանս հետ, փոքրուց եմ երազել բժիշկ դառնալու մասին։ Կյանքս արժեւորում եմ ամեն ապրածս օրվա համար:

– Կա՞ր ընթացք, որ մտափոխվել էիր։

– Կար մի ընթացք, երբ մտափոխվել էի, բայց վերջում ընտրեցի ամենաազնվագույն մասնագիտությունը՝ բժշկությունը։

-Զինվոր եւ բժիշկ. պատերազմական օրերի երկու առաջնային դեմքերը: Ինչպես սկսվեց, ինչ ընթացք ունեցավ եւ ինչպես է շարունակվում այն ամենը, որին լծված ես նաեւ դու:

– Բժիշկների գործն այս օրերին պակաս կարեւոր չի եղել, բայց անհամեմատելի է առաջնագծում մեր տղերքի կատարած սխրանքների հետ։ Հիվանդանոցում հերթապահում եմ դեռ մարտ ամսից, երբ Covid-19-ը ներխուժեց մեր երկիր։ Պատերազմի օրերին ծանրաբեռնվածությունը կրկնակի էր… մի կողմից Covid-ն էր, մյուս կողմից` պատերազմը։

– Եղբայրդ հայրենիքի պաշտպան է: Տեսնում եմ, որ միշտ հպարտանում ես, ինչպես եւ մենք՝ մեր բոլոր հերոս զինվորներով: Կասե՞ս, թե ինչ է պատմում, իր եւ ընկերների մասին, ինչպես է իրենց ոգին ու էությունը:

– Այո, ճիշտ եք նկատել, երբ պատերազմը սկսեց` եղբայրս ժամկետային զինծառայող էր, առաջին օրվանից պատվով կատարեց իր սուրբ առաքելությունը եւ մինչ օրս էլ շարունակում է պատվով կատարել։ Ոգին տեղն է, քաջությունը` նույնպես։

– Մեր քաջարի հրամանատարներից լուսահոգի Սեւակ Ղուկասյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ հայ զինվորից լավ զինվոր չկա: Քո տեսակետը այս մտքի շուրջ:

–  Ամբողջությամբ կիսում եմ մեր հերոսի տեսակետը։ Այո,  հայ զինվորից լավ զինվոր չկա, մեր զինվորները կռվում են կյանքի իրավունքի համար, մեր զինվորների պայքարը արդար է, իսկ այսպիսի վեհ նպատակներ ունեցող զինվորը չի կարող վատը լինել որեւէ առումով։

– Շատ վիրավոր տղաներ այս օրերին ապաքինվում են: Դու կրկին քո դաշտում ես՝ վստահորեն կանգնած: Ինչպիսի  օրեր են։

– Միանշանակ օրերը ծանր էին, եւ լարված։ Բուժանձնակազմը, ուսանողները, կամավորներն  այս օրերին արեցին հնարավորն ու անհնարինը փրկելով հազարավոր կյանքեր: Կարծում եմ պատերազմից հետո յուրաքանչյուրս  պետք է վերարժեվորենք եւ  ավելի նպատակային օգտագործենք մեր կյանքի յուրաքանչյուր օրը։

Զրույցը` Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ

Հ.Գ. Բոլոր ճանապարհները բացվում են միայն հստակ նպատակ ու կյանքի հենասյուներն ունեցողի համար։ Տիգրանն այն եզակիներից է, որ գիտի` ինչ անել, երբ անել, երբ խոսել եւ ինչ խոսել։ Նա արդեն իսկ պատվով է կատարում իր առաքելությունը։

«Առավոտ» օրաթերթ
18.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30