Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ Հայկի քայլի մասին իմացել են՝ հրամանատարը փաթաթվել է, ոգեշնչել, շնորհակալություն հայտնել եւ համբուրել»

Նոյեմբեր 19,2020 14:30

Հայտնի լուսանկարի հրամանատարն ու Հայկը

«Երբ գնաց բանակ՝ ուրախ եւ լավ տրամադրությամբ ենք ճանապարհել։ Մեր մտքով չէր էլ անցնում, որ պատերազմ կսկսվի։ Մտածում էինք` կծառայի, կգա եւ ուսումը կշարունակի»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է 18-ամյա զինծառայող Հայկ Հովասափյանի մայրը՝ Հռիփսիմե Փոլադյանը։ Որդուն բնութագրելիս բառերը չեն բավականացնում, անչափ հպարտ է, որ մարդկային բարձր հատկանիշներով զինվոր որդի ունի։

«Հայկս հայրենասեր է, քաջ, անվախ։ Դեռ փոքր տարիքից, երբ լսում էր Հայաստանի հիմնը, կանգնում էր եւ սկսում հավասար երգել։ Շատ բարի է, խղճով, մեծերին հարգող։ Բակում էլ բոլորի կողմից սիրված է։ Հիշում եմ՝ 7-8 տարեկան երեխա էր, երբ տեսավ, որ մի տատիկ ծանր իրերով անցնում է, արագ գնաց ու օգնեց՝ տարեց կնոջ ձեռքից վերցնելով իրերը։ Մինչեւ այժմ էլ այդպիսին է՝ օգնում է բոլոր մեծերին։ Ամեն օր էլ նրանից հարցուփորձ են անում, շատ սիրում եւ անհանգստանում են նրա համար»,-ասում է մայրը։

Պատերազմի լուրը շոկային եւ անսպասելի է եղել Հայկի ընտանիքի համար: Կարծել են՝ 1-2 օրից ամեն բան կխաղաղվի, բայց երբ տեսել են իրադարձություններն ինչ ընթացքով են զարգանում, հասկացել են պահի լրջությունը։ Ասում են՝ ամեն օրն անցնում էր դժվար ու աղոթքներով։ «Ապրում էինք զանգից զանգ, ձայնը լսելուց անսահման ուրախանում էինք։ Հաճախակի չէր զանգում՝ 2-3 օրը մեկ, բայց ձայնը լսելուն պես՝ ամեն բան մոռանում էինք։ Ամեն առավոտ աշխատանքի գնալուց առաջ՝ գնում էի եկեղեցի եւ աղոթում։ Իսկ, երբ իմացանք վերջացել է՝ անձամբ ես շատ ուրախացա, որդիս՝ նույնպես։ Ցավալի է, բայց գոնե մնացածը ողջ մնացին»,- ասում է տիկին Հռիփսիմեն՝ պատմելով, որ պատերազմի սկսվելուց հետո երկու օր լուր չի ունեցել Հայկից. «Բոլոր լուրերը նայում էինք, ոչ-ոք հեռախոսազանգին չէր պատասխանում։ Շատ նեղված էիք, երբ երեկոյան ընտանիքով հավաքվել եւ հեռուստացույց էինք դիտում՝ մի լուրի ակնկալիքով, ռազմաճակատից առաջին կադրերն էին ցույց տալիս, երբ տեսա, որ մի տղա մոտենում է հրանոթին՝ շարժուձեւն էլ շատ նման էր Հայկինին։ Հետո էլ տեսա տղաս է, հարցազրույց է տալիս լրագրողին ու ասում՝ թող չմտածեն, ամեն ինչ շատ լավ կլինի, բոլորս կվերադառնանք տուն։ Էդտեղ աննկարագրելի էր ապրումներս, նույնիսկ ուրախությունից բղավել եմ։ Այդ օրն էլ շատ ուշ ժամի՝ լրագրողի հեռախոսով զանգեց տուն ու խոսեցինք»։

Ի դեպ, արդեն մեկ ամսից ավել Երեւանի փողոցներում լայն տարածում գտած լուսանկարներից մեկում Հայկն է՝ հրամանատարի հետ։ Տիկին Հռիփսիմեն մեզ հետ զրույցում պատմեց նկարի պատմությունը։

«Առաջին օրը, երբ սկսել են ռմբակոծել՝ նորակոչիկները փոքր ինչ վախեցել են, Հայկի մեքենան էլ հերթական ռմբակոծության տակ է հայտնվել, սակայն, երբ մի մասը հետ են կանգնել կռվելուց՝ գնացել եւ հարցրել է, թե ինչո՞վ օգնի։ Ասել են սնարյադները տար, որ շուտ կարողանան հրանոթով կրակել։ Երկու օր անընդմեջ՝ մեկ րոպե հանգիստ չեն ունեցել, հրանոթով անդադար կրակել են։ Դրանից հետո ասել են դիմանան՝ օգնություն է գալու։ Հադրութի կողմից ջոկատ է եկել՝ իր հրամանատարով, այդ ժամանակ էլ, երբ Հայկի քայլի մասին իմացել են՝ հրամանատարը փաթաթվել է, ոգեշնչել, շնորհակալություն հայտնել եւ համբուրել։ Լրագրողն էլ որսացել է պահն ու լուսանկարել։ Մեր անմահացած հերոս՝ Ալբերտ Հովհաննիսյանը, նույնպես իրենց հետ է եղել, Հայկի զինընկերն էր»,-պատմեց Հայկի մայրը։ Նրա խոսքով, մինչեւ պատերազմի սկսվելն էլ՝ չմկրտված զինվորների կնքման արարողությունն է տեղի ունեցել Ջեբրայիլի եկեղեցիներից մեկում։ Զինընկերներից մեկն այդ ժամանակ մոտեցել է Հայկին ու խնդրել, որ լինի իր կնքահայրը, նա էլ չի մերժել։ Մոր հետ խոսելիս ասել է, որ կնքահայր է դարձել, բոլորին փայտի խաչեր են բաժանել։ Պատմել է, որ պատերազմը սկսվելուց հետո՝ մինչեւ այժմ ոչ մի լուր չունի սանիկից։

Մայրն ասում է, որ պատերազմի ժամանակ քիչ բան է պատմել իրենց. «Ընկերների կորստի մասին սկզբում լռում էր, հետո քիչ-քիչ սկսեց ասել։ Մնացած զինվորներն էլ քաջեր են, որ 45 օր կարողացել են պայքարել։ Եղել են նաեւ մարդիկ, որոնք փախչել են մարտադաշտից, հիմնականում ուժեղ տղաներն են մնացել եւ դարձել մի ընտանիք։ Տղաս ասում է՝ որ գանք, այցելելու ենք մեր զոհված ընկերների շիրիմներին։ Պատերազմի օրերին շատ տխուր էր, ոչինչ չէր խոսում, հիմա սկսել է քիչ-քիչ խոսել»: Տիկին Հռիփսիմեն նկատել է, որ պատերազմը որդուն շատ է փոխել, նույնիսկ ձայնի տոնայնությունն առաջվանը չէ, բառերի մեջ էլ անգամ ընտրություն է անում, մինչդեռ նախկինում շատ կատակասեր էր։

Ասում է, երբ պատերազմը կանգ է առել, մի ցանկություն ունի՝ գրկել որդուն: Կարծում է, որ թեկուզ մի քանի օրով՝ տղան ու մյուս կռված զինվորները պետք է տուն վերադառնան, իսկ հետո կրկին անցնեն իրենց բնականոն ծառայությանը։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30