«Ովքեր այս սրբազան պայքարը ներկայացնում են որպես հների իշխանության համար պայքար, լկտիաբար ստում են. սա նիկոլական հերթական էժանագին մուտիլովկան է»,- Ազատության հրապարակում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն նպատակ չունի իշխանության գալու, որ պատրաստ են սատարել վաղվա իշխանությանը, որը պատրաստ է արժանապատիվ ներկայացնել Հայաստանի ու Արցախի շահերը: Բայց, իր գնահատմամբ, հայրենիքի փրկությունը պետք է սկսվի «այս հողատուի» հեռացումով. «Եթե Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնի ես եւ իմ շատ ընկերներ կարող ենք պաշտոնապես հայտարարել, որ չենք զբաղվի ակտիվ քաղաքականությամբ»:
«Այո, ես ունեցել եմ բազմաթիվ սխալներ, եղել եմ ՀՀԿ-ի սիմվոլներից մեկը, այսօր էլ չեմ հրաժարվում ու հպարտանում եմ դրանով: Գիտե՞ք ինչու, որովհետեւ Նիկոլի նման չեմ կզել թուրքի առաջ, որովհետեւ հողատու չեմ եղել: Մեր սխալներով, մեր թերություններով հանդերձ, իմ՝ միգուցե մեծամտությամբ հանդերձ, ձեզնից շատերը, մեր ժողովուրդը դժգոհ է եղել մեր կառավարումից: Ես որպես առաքելական մարդ, ձեր առջեւ ասում եմ՝ կներեք մեզ ժողովուրդ ջան մեր սխալների համար: Բայց ես այսօր կանգնած եմ այստեղ բաց ճակատով, որովհետեւ դավաճան չեմ, հող չեմ հանձնել, որովհետեւ իմ թիմակիցները ապրիլյան պատերազմի ժամանակ 4 օրում կանգնեցրել են պատերազմը: Որովհետեւ մեր ժամանակ Ալիեւն էր բողոքում, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը: Հիմարաբար ստում են, թե Սերժ Սարգսյանն ուզում է հետ գալ:
Այ ստախոսներ, Սերժ Սարգսյանն իր բոլոր սխալներով հանդերձ, երբ տեսավ, որ հայ ժողովուրդը չի ցանկանում իրեն տեսնել իշխանության ղեկին, ինքնակամ հեռացավ, առանց արյան հեռացավ, արժանապատիվ ու առանց պայմանավորվածությունների հեռացավ: Նա ապացուցեց, որ ի տարբերություն քեզ, աթոռը մեզ համար նպատակ չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն ու նրա մարտական ընկերները այսօր ապրում են իրենց կյանքի ամենաողբերգական ու ծանրագույն օրերը, որ ներկայիս իշխանության «ապիկար, սխալ քայլերի արդյունքում քանդվել է Հայաստանը, քանդվել է հայոց բանակը, մեկ գիշերվա ընթացքում թաքուն ստորագրվել է կապիտուլյացիայի ակտ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ