Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում Ադրբեջանի խորհրդարանում սկսվի գործընթաց՝ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում տալու». Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբեր 18,2020 23:25

«Նիկոլ Փաշինյանը համառ է, նա չունի հայրենիքի ու պատասխանատվության զգացողություն»,- Ազատության հրապարակում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Առավոտյան ժամը 6-ից սկսած տարբեր երկրներից ինձ զանգահարում են ու հարցնում՝ ո՞նց եմ: Փորձեցի հասկանալ, թե ինչո՞ւ են հետաքրքրվում իմ որպիսությամբ: Քույրս ասաց՝ չե՞ս տեսել, Նիկոլի վկա աղանդն ինչ է տարածում սոցցանցերում։ Այդ տականքները «Նաիրի»  կլինիկայի անունից տարածել են կեղծ մի հայտարարություն, թե Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ծանր կաթվածով տեղափոխվել է կլինիկա։ Բնականաբար, ֆեյքերը մեծ գոհունակությամբ տարածում էին։ Իսկ նրանք, որոնք գրել էին՝ թող մեռնի եւ այլն, բոլորիդ մաղթում եմ ձեր գրածը»,- ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձան ԱԺ չկայացած նիստին, որը հրավիրում էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը քննարկելու համար. «2 օր առաջ դուք մեզ գործուղեցիք ԱԺ, վերջին հնարավորությունը տալով «Իմ քայլի» պատգամավորներին, խոսելու իրենց հետ, որպեսզի օրինական ճանապարհով ԱԺ-ում քննարկենք Արցախը թուրքի առաջ ծնկի բերած Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բնականաբար, խոսակցություն չստացվեց։ Պարզվեց, որ ԱԺ «Իմ քայլի»  պատգամավորներից մեկին Արցախից, Շուշիից ավելի շատ հետաքրքրում է Ազգային ժողովի կոտրված բռնակը։ Նրանք կանգնեցին ու պաշտպանեցին դավաճանությունը. ի՞նչ տարբերություն իրենց համար՝ սելֆին Շուշիում կանե՞ն, թե՞ Թուրքիայում»:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցին եւ Նիկոլ Փաշինյանի դավաճան լինել-չլինելուն էլ նա ասաց. «ՌԴ նախագահի հարցազրույցը իրենց պատճառում է մի անասելի հրճվանք, հարցազրույցից պոկում են մեկ բառ, որ Նիկոլը դավաճան չէ եւ դրանով հրճվում են։ Ի՞նչ եք կարծում՝ ՌԴ նախագահը պիտի ասեր՝ Նիկոլը դավաճա՞ն է։ Գուցե Ալիեւի համար Նիկոլն Ադրբեջանի ազգային հերոս է։ Չեմ բացառում, որ Ադրբեջանի խորհրդարանում սկսվի գործընթաց Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում տալու համար, որովհետեւ այն ինչը Ալիեւն ուզում էր 30 տարի, Նիկոլ Փաշինյանը տարավ ու մատաղ արեց»։

Նաիրա Զոհրաբյանը կարեւոր է համարում ՌԴ նախագահի այն հայտարարությունը, որ բանակցային գործընթացի որեւէ փուլում Շուշիի փոխանակման հարց չի եղել, Շուշիի փոխանակման հարցը ծագել է այս կոնֆլիկտի ժամանակ. «Իսկ ի՞նչ էր ասում ստախոս Նիկոլը՝ պատերազմի դադարեցման ցանկացած ելքի դեպքում Շուշին առանց մարտի պիտի հանձնվեր Ադրբեջանին։ Պուտինը ասում էր՝ հոկտեմբերի 19-ին եւ 20-ին արժանապատիվ տարբերակ կար Շուշին պահելով հայկական վերահսկողության տակ, չկորցնելով բազմաթիվ տարածքներ, որոնք այսօր կորցվեցին, ունենալով նվազագույն զոհեր, կնքել հրադադար. Պուտինը նշեց՝ Ալիեւը համաձայն էր այդ տարբերակին, իսկ այդ տարբերակին չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանը»։

Նաիրա Զոհրաբյանը ընթերցեց դեռ 2001 թվականին, «Հայկական ժամանակ» թերթում Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակած հոդվածից մի հատված. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաների ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին»։ Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է՝ այսօր նա իրականացրեց այն, ինչը գրել է տարիներ առաջ։

«Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ դագաղներով, իշխանության եկավ հազարավոր օջախների դռան դիմաց սեւ լենտեր կապելով։ Նա իշխանությունից հեռանալու է մեր հայրենիքը գողանալով։ Ես գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը համառ է, ինքը չունի հայրենիքի զգացողություն, պատասխանատվության զգացողություն։ Ինքը 2 միլիոն դոլարի ռեմոնտ է արել այդ դաչաները, ինքն արդեն կոմպլեքս ունի այդ դաչաներում ապրելու»,- կարծում է Նաիրա Զոհրաբյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30