Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային համաձայնության կառավարության ղեկավարի անունը հայտնի կդառնա օրերս. Արթուր Վանեցյան

Նոյեմբեր 18,2020 23:13

«Մենք մեր ժողովրդին չենք բաժանում սեւերի ու սպիտակների, իշխանությունների կողմնակիցների եւ հակառակորդների, մենք ամբողջ ժողովրդին հավասար ենք վերաբերվում»,- Ազատության հրապարակում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա ասաց, որ տվյալներ ունեն, որ «մարդկանց խումբը», ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին, դա անում են վարձատրության կամ ինչ-որ ծառայությունների դիմաց. «Մոտ 100 մարդ է գնացել այնտեղ ու ձեւացրել, թե սատարում է Նիկոլ Փաշինյանին: Աշխարհում ոչ մի մարդ, որի երակներում հոսում է հայկական արյուն, չի սատարի Նիկոլ Փաշինյանին, ով խաբեության ու սխալ կառավարման միջոցով մեր հողերը հանձնեց ադրբեջանցիներին ու թուրքերին»:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում, Արթուր Վանեցյանն ասաց, որ ցավոք, Նիկոլ Փաշինյանը հեռանալու մտադրություն չունի, ուստի, հանրային ճնշման արդյունքում, ընդդիմությունը կհասնի նրան, որ Փաշինյանը կգնա:

«Հայրենիք» կուսակցությունը առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է: Հարցին՝ ազգային համաձայնության կառավարության ստեղծման պարագայում ինքը կընդգրկվի՞, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ ինչ տեղ կամ դեր կստանձնի՝ դա կորոշի առաջին հերթին ժողովուրդը, Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը։ Նա հավաստիացրեց, որ պաշտոն զբաղեցնելը կամ իշխանության գալը իր համար ինքնանպատակ չէ։

Ազգային համաձայնության կառավարության ղեկավարի մասով էլ Արթուր Վանեցյանն ասում է, որ այդ մարդը լինելու է բոլորի կողմից հնարավորինս ընդունված։ Չի բացառվում, որ թեկնածուները մի քանիսը լինեն եւ նրանց մեջ ընտրություն կատարվի: Նրա անունը քաղաքական ուժերը կհայտարարեն՝ զարգացումներից կախված եւ այդ օրը, ըստ Արթուր Վանեցյանի, հեռու չէ:

Հարցին՝ ՌԴ նախագահն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, արդյո՞ք չի նշանակում, որ Մոսկվան դեմ է նրա հրաժարականին, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Մոսկվան խառնվում է կամ ցանկություն ունի խառնվելու ՀՀ ներքին գործերին։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը պետք է լուծվի բացառապես ՀՀ քաղաքական ուժերի կողմից»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30