«Սիրելի հայրենակիցներ, ինձ այստեղ հարթակ է բերել իմ մարտական ընկերների աստղաբույլը, ովքեր զոհվեցին առաջին պատերազմի ժամանակ։ Ինձ հարթակ է բերել նաև իմ մարտական ընկերների այն աստղաբույլը, որն այսօր կանգնած է դիրքերում ու չի ուզում իջնել, չունի կորցնելու հայրենիք։ Ինձ այս հարթակ են բարձրացրել այն բոլորն ովքեր իրենց զոհաբերեցին հանուն մեր հայրենիքի, Շուշիի, Արցախի, Հայաստանի հանրապետության և այսօր ինչ-որ քրչոտ-փրչոտ հող է հանձնում… Դու տարար բոլորիս արյունը։ Մենք մեր աչքը բաց ենք քնել՝ անընդհատ սահմանին նայելով, զինվորի կողքին լինելով, երիտասարդին քաջալերելով, որ պաշտպանի իր հայրենիքը։ Այսօր դու 30 օրում տվեցիր»,- Ազատության հրապարակում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքում իր զայրույթն այս խոսքերով արտահայտեց ազատամարտիկ Իգոր Սարգսյանը։
«Ավինյան Տիգրան, քո կաբինետում ես ասացի, որ, եթե կաշառակերության դեմ եք պայքարում՝ ապա կողմ եմ, կծառայեմ, բայց իմ մտահոգությունը երկիրը չտալն է, հող չտալն է, իսկ դու ասացիր, որ դուք հող տվող չեք։ Ո՞վ ես դու, հող տվող տղա ջան։ ԱԺ պատգամավորներ, Վարազդատ Կարապետյան, դու քո հանձնաժողովում հավաքել էիր «Իմ Քայլի» պատգամավորներին բնապահպանական տեսչության մարմնի պետի հետ ծանոթանալու։ Այդտեղ էլ ես ասացի՝ Սիփան Փաշինյան, էկոլոգիական քաղաքականությունը պետք է փոխել, անտառները կտրում եք, քո քավորն է, թե սանիկն է, տախտակ է քաշում։ Ամեն ինչ կա երկրի համար, միայն հող մի հանձնեք։ Հիշու՞մ եք, որ ասում էիք, թե հող չեք հանձնի։ Հանձնեցի՞ք սրիկաներ, տվեցի՞ք, զինվորին էլ, հողն էլ, կամավորին էլ։ Կորե՛ք»,- շարունակեց ազատամարտիկը։
Ապա դիմեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին. «Դու մեզ համար հարգված զինվորական ես եղել, միշտ սիրել ենք ու հարգել։ Օնիկ, քո խորհուրդը վարչապետին կապիտուլյացիա՞ն էր։ Դու, դեռ վերջին փամփուշտը չկրակած, դեռ քո ուժի 15-֊20%-֊ը չօգտագործած, խորհուրդ ես տալիս կապիտուլյացիայի՞ գնալ։ Օնիկ, գեներալ-լեյտենանտ սպա, գնահատիր քո կյանքի, քո սպայի պատվի արժեքը։ Չէիր կարողանում՝ զիջեիր, ասեիր, որ չես կարողանում։ Կարողանում էիր՝ ասեիր գնացեք, ես կկառավարեմ պատերազմը։ Հրաժարական տայիր, ոչ թե խորհուրդ»։
«Ես՝ որպես 30 տարի կյանքս հայրենիքին նվիրած, հիմա դիրքերում գտնվողների մարտական ընկեր, երեկ խումբ ուղարկեցի. չգիտեմ՝ ի՞նչ է լինելու, բայց ուղարկեցի և նրանք գնացին, գնացին պաշտպանելու։ Ի՞նչ է, մենք չե՞նք հասկանում թե մեր ոխերիմ, գազան թշնամիներն ի՞նչ նպատակ ունեն։ Գիտենք, նրանց նպատակը թույլերին ոչնչացնելն է, բայց մենք թույլ չենք, մենք կարողանում ենք պաշտպանել մեզ։ Որպես հրաման՝ Օնիկ Գասպարյան, կանգնի՛ր շարք, վերակազմակերպիր բանակդ, Նիկոլին հեռացրու։ Իմ ազատագրած Շուշին… ո՞վ ես դու, որ տաս Շուշին»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ