Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարինտակի հետնամասում դիրքերը 64 հոգով եւ 5 կամավորականներով մի քանի հարյուր թուրքի ենք կոտորել, երեք օր ոչ մի օգնություն չեկավ»․ կառավարությանն աջակցող ցուցարարները ռազմաճակատի մասին դրվագներ են պատմում

Նոյեմբեր 18,2020 21:21

Կառավարության շենքի մոտ մեկնարկել է հանրահավաք՝ աջակցություն կառավարության։

Ավելի վաղ, մի խումբ զինծառայողներ հայտարարել էին, որ Արցախից վերադառնալուն պես ցույց են անելու, իսկ այսօր առավոտյան, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավարը նրանց հորդորել էր հանրահավաք չանել։

Այս հանրահավաքի մասնակիցներն իրենց դժգոհություն են հայտնում ընդդիմադիր 17 կուսակցությունների՝ վարչապետի հրաժարականի պահանջով ցույցերի վերաբերյալ․ «Չհարգեցին, որ օրը 15 դիակ ենք դնում Եռաբլուրում, էսօր Նաիրա Զոհրաբյանն եկել է հրապարակ, աթոռի կռիվ է անում։ Հարգեք շիրիմը, բարի եղեք, սպասեք մարդիկ հուղարկավորությունն անեն, հետո նոր աթոռի կռիվն արեք։ Դուք նույնն եք մնալու, մենք էլի նույն տուժված տղեքն ենք մնալու, էլի մենք ենք գնալու սահման, իրենք չեն գալու։ Յոթ վիրավոր ոտքով եմ բերել հասցրել մինչեւ Խնձորեսկ, դո՞ւք ուր էիք։ Քյասիբի էրեխեքն են գնում կռվում»։

Հանրահավաքի մասնակից մի կին էլ հայտարարեց՝ 29 օր է՝ Հայաստանում է, Բելգիայից է եկել, վստահեցրեց, որ բելգահայության կողմից է խոսում․ «30 օր այնտեղ հայությունը գիշեր-ցերեկ տարբեր աշխատանքներ է կատարել, իմ հարսն ու աղջիկը, ամեն ինչ արել են, կոպեկ-կոպեկ փողերը հավաքել, ուղարկել են հիմնադրամին՝ մեր զոհված զինվորների համար, այսօրվա զինվորների համար, իզուր թող ընդդիմադիրներն այս փողի կռիվը չանեն, աչք չդնեն այդ փողի վրա։ Ես մի քանի անգամ այստեղ լսեցի, որ որոշ հայեր սփուռքահայության անունից խոսում են, որ սփուռքահայութունը կողմ է ընդդիմադիրներին։ Սփուռքահայությունը դեմ է Ծառուկյանին, Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Վանեցյանին»։

Հանրահավաքի մասնակից՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանն էլ պատմեց, որ Շուշիի մատույցներում է կռվել, վերջին կռվողներից է եղել, դուրս է եկել գիշերը ժամը երկուսին․«Հրադադարի ժամանակ Շոշ գյուղն անտերության էր մատնված, թուրքը գալիս էր՝ բռնող չկար էդ գյուղում։ Վանեցյանի նմանները պոստը թողել, գնացել են։ Ես եղել եմ այնտեղ, վիդեոները կան, կարամ ցույց տամ։ Հադրութում եմ եղել, այդ օրը, որ իջել ենք, յոթ վիրավոր, երկու զոհ ենք տվել առաջին րոպեներից։ Հետո հետ նահանջելով եկել ենք մինչեւ Կարմիր Շուկա, էդ բոլոր մարտական գործողություններին մասնակցել եմ, եղել եմ առաջնագծում»։ Ժորա Սափեյանի կարծիքով՝ հրադադարի կարիք չկար․ «Ուղղակի ներսից էլ, դրսից էլ ամեն ինչ եղել է»։

Նշենք, որ Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին հայտարարել է «Հայրենիք» զորախումբը հաջողությամբ կատարելով իր առջև դրված մարտական բոլոր առաջադրանքները՝ Արցախից վերադարձել է Հայաստան։

Մեկ այլ քաղաքացի էլ, որը մասնակցել է Շուշիի մարտերին, պատմեց․«Զորքը Հադրութում զոհվում ա առաջնագծում, հադրութցիք, մոբերը կամավորները փախան, եկան զորքի հետեւը, դիտակետ սկսեցին խփել։ Զորքը մինչեւ վերջ պայքարել է, զորքը ստիպված եղավ հետ քաշվել։ Հետո գումարտակ առ գումարտակ ստիպված հետ քաշվեց Քարինտակ ու Շուշի։ Քարինտակի հետնամասում դիրքերը 64 հոգով եւ հինգ հոգի Քեռու կամավորականներով եսիմ քանի հարյուր թուրքի ենք կոտորել, երեք օր ոչ մի օգնություն չեկավ։ Իրիկունը հետնահանջ հրաման եղավ, ես չգիտեմ՝ էդ հրամանն ով է տվել, փոխանակ զորքին բերեին էդտեղ, մեզ հետհրաման տվին գիշերով, թուրքն արդեն շրջափակում էր, հետախուզությունը փախած, ՄՕԲ-ը փախած, հատուկ ջոկատայինները փախած, էրեխեքը մնացին մենակ իրենց հրամանատարի հետ։ Հետո Դավոյից հետո նոր նշանակված կամբատը մի քիչ ոչ պրոֆեսիոնալ գտնվեց, լսեց դրանց, զորքին տեղափոխեց ընդեղ, տեղակայվեցինք, ու միանգամից հարձակում եղավ, հետո՝ զոհ, վիրավոր, զոհ, վիրավոր, նահանջի հրաման դեպի Քարինտակ ու Շուշիի խաչմերուկ ու նրանից հետո պատմելն ու բացատրելն անհնարին է։ Էդ ամբողջ չորս հարյուր հոգուն գնդակահարել են, ես իմ որդու հետ միասին նետվել ենք ձոր, մեզ մի քսան հոգի են միացել, թուրքերն էլ մեր հետեւից էին ընկել, նորից հետ, նորից պայքար։ Դրանից հետո հասել ենք Ստեփանակերտ։ Ամբողջ Հադրութի մարտերը չեմ կարող պատմել, էդ բոմբերն ու էդ ամեն ինչը, էդ զոհերը․․․ բայց այդ երկու դաժան երեւույթը, որին ներկա եմ եղել, մեր էրեխեքը կոտորվել են, դավաճանների․․․ ուրեմն այդ ամբողջ ճանապարհահատվածը եղել է ոստիկանության․․․ ԱԻՆ-ի, կամավորների, հագն ու բարքը տեսնեիր՝ կմտածեիր ամերիկական զինվորներ են։ Հետդարձ նահանջի ժամանակ, բացի փախնելուց էնքան վնաս են տվել՝ զենքեր են թողել, դիզած, թողել ու փախել են, թող գան պատասխան տան։ Անխիղճ, անաստվածներ, դուք գոնե էդ ձորի մեջ չե՞ք կարում կրակեք։ Անբացատրելի է, ես դեռ կոռեկտ պատմեցի»։

Հանրահավաքի մասնակիցները վիրավորված են, որ իրենք առաջնագծում կռվում էին, Երեւանում հարձակվում են ԱԺ-ի եւ Կառավարության շենքի վրա։ Նրանք վարչապետից պահանջում են պատժել այդ արարքների հեղինակներին, հակառակ դեպքում վարչապետն է պատժվելու։

Մարդիկ վրդովված են․ «Էսքանից հետո աթոռի կռիվ են անում։ Փաշինյանը նորից ընտրվելու է, ազգը հասկանում է, որ նա փրկել է իմ կյանքը, իմ տղայի կյանքը»։

Մի տղամարդ էլ պատմեց, որ կռվել է Հադրութում, հետո հետ են եկել Լաչին, Հակարի, հետո նորից տարել են Հադրութ․ «Ճեղքել ենք , մտել, ու մեզ թողել են մեն-մենակ։ Մենք հրամանատար էինք ուզում, ասում էին՝ հրամանատար գտեք՝ կռվեք։ Ու դա եղել է Սեյրան Օհանյանի գալու օրը, որը 150 հոգու տարան, որ կոխեն Թութակներ, առանց հրամանատարի։ Նոր եկած զորքը, որը ռազմական ոչ մի բան չգիտի, մարդիկ կային մեջները, որ չէին ծառայել, բայց կամավոր եկել էին կռվելու, բայց մարդկանց տանում էին կոխեին Թութակներ։ Եթե չլինեին ժամկետայինները, 150-ը մի վայրկյանում կոտորվելու էին։ Դրա նպատակը մեկն էր՝ ինչքան որ կարող էին՝ մերոնք կոտորին, եթե ոչ՝ ոչ ոք այնտեղից սաղ դուրս չէր գալու։ Ժամկետայինները փրկեցին բոլորի կյանքը»։

Նրանք նաեւ վրդովված ու զարմացած հարց ուղղեցին․ «Որտեղից պուճուր Ղարաբաղում երկու միլիոն դոլարանոց մեքենա, սրանց բարեկամներն են, երեսուն տարվա կերած զենքն է։ Արա, գնացեք զորքին տեր կանգնեք։ Ով լավ աֆիցեր էր, սաղին խփեցին հենց սկզբից, ով վատ աֆիցեր էր, զորքին թողեց ու փախավ։ Ես չեմ մեռել, որ էս ամեն ինչի մասին պատմեմ»։

Մարտի դաշտից վերադարձած մեկ այլ տղամարդ էլ պատմեց․«Աղաբեկյան Արթուրն եկավ, ասին՝ եկավ, հեսա Հադրութը կմաքրի, 15-20 հատ ադրբեջանցի է մտել Հադրութ, փախել են, իրանց վիրավորներին թողել են։ Կամաց-կամաց եկավ մտավ զորքի հետեւը, դիտակետից դուրս եմ գալիս, խփում են, հաջորդ օրն էլ հրետանին է խփում։ Սա ինչ է նշանակում։ Մաքրեց։ Եկավ Սեյրան Օհանյանը, ասինք՝ եկավ։ Հրետանին չկրակեց, հրետանին էինք խնդրում, հրետանի չկար։ Հիմա, եթե Նիկոլին դավաճան են ասում, ուրեմն ես էլ եմ դավաճան։ Վայ, մարդակերներ»։

Զոհված զինծառայողի հայրն էլ ընդդիմությանը խնդրեց սպասել մինչեւ վերջին զոհվածի դին հանձնեն հողին, հետո հասկանան՝ ով, ով է, ով ինչ է ցանել, ու ինչ է պահանջելու, իսկ հիմա, ըստ նրա, դրա ժամանակը չէ։

«Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 անողներն էսօր գլուխ են բարձրացրել։ Սրանց տեսեք»,-ասաց մեկ այլ տղամարդ։

Կառավարության շենքի մոտ հանրահավաքի մասնակիցները, որոնց շարքերում կային բավական մեծ թվով զինվորական հագուստով անձինք, տեղափոխվեցին Հանրապետության հարապարակին։ Այստեղ հավաքվածները «Նիկոլ, վարչապետ» էին վանկարկում։

Այս հավաքի մասնակիցներին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը, նա  շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին,  խնդրեց դադարեցնել ցույցն, ու ասաց․ «Ես ժողովրդին չեմ դավաճանել։ Ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ»։

Մինչ Փաշինյանի մոտենալը, նրանց էր մոտեցել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, նա հավաքի մասնակիցներին վստահեցրեց՝ վարչապետի հրաժարականի հարցը չի քննարկվում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30