Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունները պետք է խուսափեն անհամաչափ քայլերի ձեռնարկումից, որոնք կխոչընդոտեն լրագրողների մասնագիտական գործունեությունը». ԵԱՀԿ պաշտոնյա

Նոյեմբեր 18,2020 22:11

«Կառավարությունները պետք է խուսափեն COVID-19 համավարակի պատճառով անհամաչափ քայլերի ձեռնարկումից, որոնք կխոչընդոտեն լրագրողների մասնագիտական գործունեությունը»,-«Մամուլի ազատություն և տեղեկատվության մատչելիությունը ճկուն հասարակություններում. մարտահրավերներ և առաջընթացի ուղիներ» խորագրով Հարավկովկասյան 17-րդ մեդիա-համաժողովին հայտարարեց Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Յուրգեն Հեյսելը:

Նա փաստեց՝ համաժողովը տեղի է ունենում Հարավային Կովկասի համար բարդ ժամանակահատվածում ու հայտարարեց. «Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում նոր են դադարեցվել: Մեր գրասենյակի անունից ցավակցում ենք բոլոր զոհվածների ընտանիքներին: Որպես ԵԱՀԿ ընտանիքի մի մաս՝ մենք ողջունում ենք Ալբանիայի նախագահության ուղերձը, որով դրական է գնահատվում պատերազմական գործողությունների դադարեցումը: Միջազգային ներգրավվածությունը պետք է օգնի վստահ լինել, որ ցանկացած համաձայնեցված լուծում կլինի հումանիտար սկզբունքներին համահունչ»:

Նա նաև հիշեցրեց՝ լրագրողները ևս տուժել են պատերազմական գործողությունների ընթացքում:

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի ավագ խորհրդատու Անդրեյ Ռիխտերը նկատեց՝ անխուսափելի է համավարակի ժամանակ մամուլի ազատության սահմանափակումը:

Նաև ընդգծեց, որ պետք է հանրային առողջության իրավունքի պաշտպանումը տեղի չունենա մամուլի ազատության իրավունքի հաշվին. «Լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները կարող են հանգեցնել գրաքննության: Մինչդեռ լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան քննադատել իշխանություններին»: Խոսելով հայաստանյան իրավիճակի մասին՝ նա ասաց. «Ինչպես գիտենք COVID-19 համավարակը Հայաստանում խոսքի ազատության վրա ևս ազդեցություն ունեցավ: Բայց ինչպես գիտենք, սահմանափակումների հետ կապված երկու փաստաթուղթ ընդունվեց. երկրորդն ավելի մեղմ էր»:

Ուկրաինայում անկախ լրատվամիջոցների խորհրդի նախագահ Անտոնինա Չերեվկոն մտահոգություն հայտնեց, որ այս իրավիճակը կարող է վերածվել մամուլի ազատության սահմանափակումների պանդեմիայի. «Կորոնավիրուսի դեմ պայքարի ճգնաժամն արագ վերածվեց մարդու իրավունքների պաշտպանության ճգնաժամի. օրինակ՝ մարդու ազատ տեղաշարժի իրավունքի, հավաքների կազմակերպման սահմանափակումը»:

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի հայաստանյան ծրագրերի համակարգող Արթուր Պապյանն իր ելույթում մի կողմից ներկայացրեց, որ թավշյա հեղափոխությունից հետո տարբեր վարկանիշային սանդղակներով ՀՀ-ում մամուլի ազատության հարցով դրական տեղաշարժ կար, մյուս կողմից փաստեց ատելության խոսքի տարածումը՝ անգամ պետական պաշտոնյաների, հենց վարչապետի կողմից:

Խոսելով COVID-19 համավարակի պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող անհամաչափ քաղաքականության մասին նա բերեց մի շարք օրինակներ, այդ թվում Aravot.am-ի հետ կատարվածը, երբ Aravot.am-ից պահանջել էին հեռացնել մի հրապարակում, որտեղ ներկայացված էր ռուսական մամուլից մի մեջբերում այն մասին, որ Ռուսաստանում թաքցնում են կորոնավիրուսի հետ կապված տվյալները: Արթուր Պապյանն ասաց՝ բոլոր այս նախադեպերը ԶԼՄ-ների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից բնութագրվեցին որպես անհամաչափ:

Հղում կատարելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնին՝ Արթուր Պապյանը նշեց. «Կառավարությունը սպառիչ պատասխան է տվել միայն 56 տոկոս հարցումների պարագայում, 19 տոկոսի դեպքում հարցումների պատասխանները ուշ են ստացվել կամ եղել են թերի, 23 տոկոսի դեպքում կառավարական մարմինները հրաժարվել են տեղեկություններ տրամադրել»:

Թուրան լրատվական գործակալության (Ադրբեջան) ղեկավար Մեհման Ալիևը մտահոգություն հայտնեց՝ երկրի իշխանությունները չեն ցանկանում համագործակցել լրատվամիջոցների հետ: Նա նշեց՝ լրագրողներին թույլ չէին տալիս կատարել իրենց մասնագիտական գործունեությունը, միայն հաստիքային լրագրողները կարող էին իրենց գործով զբաղվել, թղթակիցներին և ֆրիլանսերներին արգելվում էր լրագրությամբ զբաղվել, տասնյակ լրագրողներ տարվում էին ոստիկանական բաժանմունքներ:

Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Նիկուրաձեն նշեց՝ արդեն ինը ամիս է լրագրողները մեծ դժվարությամբ են կառավարությունից ստանում տեղեկություն. ճեպազրույցները զուտ պաշտոնական են, դրանց ընթացքում լրագրողները հնարավորություն չեն ունենում իրենց հարցերի պատասխանները խորությամբ ստանալ: Նա մտաhոգություն հայտնեց ՝ COVID-19 համավարակի պայմաններում մեծ խզում կա լրատվամիջոցների և պետական պաշտոնյաների միջև:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30