Բերնար-Անրի Լևի
Ես լիովին գիտակցում եմ, որ մենք այժմ լծված ենք համաճարակի դեմ պայքարին։ Եվ մեր օրերում քաղաքացիական անբարեկրթություն, եթե չասենք, կովիդյան անարգանք կլինի՝ քթից ու սեփական դիմակից պահանջել ավելի հեռուն նայել։
Այսօր, փաստացի, մեր աչքի առջև՝ Եվրոպայի սահմանների մոտ, սոսկալի իրադարձություն է տեղի ունենում և այդ իրադարձությունը, որն այդքան դժվար է տեղավորել մեր գիտակցության մեջ, Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն մի քանի շաբաթ շարունակվող նոր պատերազմն է։
Ամփոփեմ․ ամենը տեղի է ունենում մի կտոր հողի վրա՝ Կովկասի սրտում, 150․000 լեռնաբնակներով, որոնց 90%-ը հայեր են, բնակեցված տարածքում։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը վիճարկվում է հարևան Ադրբեջանի կողմից։ Ավելի քան քսանհինգ տարի առաջ ձեռքի ափի մեջ տեղավորվող այս տարածքը գլուխը բարձրացրեց, անկախություն հռչակեց և ցանկություն հայտնեց միանալ իր մյուս հարևան Հայաստանին։ Փոխարենը, տևական բախումներով պատերազմ վաստակեց, որին զոհ դարձավ 30․000 մարդ։
Կարդացեք նաև
Ինչպես միշտ, վեհ քաղաքականության նահանջով վեր է խոյանում ստորաքարշ քաղաքականությունը, երբ հաղթում է իշխանության ուժը, այն ուռճանում է և ստիպում, որ քողարկված պատերազմը վերածվի լայնածավալ անհավասար բախման, ստիպում, որ անօդաչու սարքերի անձրևը հորդի Լեռնային Ղարաբաղի խրամատների, դպրոցների, հիվանդանոցների ու եկեղեցիների և անգամ Հայաստանի վրա։
Ահա այստեղ էլ հայտնվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով գերտղամարդու կերպարում ինքնահաստատվելու և սեփական ամբարտավանությանը հագուրդ տալու նկրտումներով անձնական վիրավորանքներն է ուղղում Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և, ինքն իրեն մահմեդականների խալիֆ ու պաշտպան հռչակելով, թուրքախոս ադրբեջանցիներին «եղբայրական ժողովրդի» տիտղոս է ընծայում, քանի որ թուրքական կայսրության վերակենդանացման իր ծրագրում հենց Ադրբեջանին է վճռորոշ դեր վերապահել։ Եթե թուրքալեզու Ադրբեջանի աչքում փոքրաթիվ հայկական ժողովրդի հարևանությունը, տարբերություններն ու հինավուրց քրիստոնեական հիշողությունը խանգարող կոշտուկ են, ապա Թուրքիայի համար դա անհամակերպելի արգելք է սեփական կենսական տարածքի՝ նեո-օսմանյան «Lebensraum»-ի համար։
Այդ պատճառով է, որ հայերը, թերզինված, գրեթե միայնակ, որպես դաշնակից ունենալով Ռուսաստանը, որը պակաս զենք չի հատկացնում իր հակառակորդներին, և տեսնելով, որ Անկարան սիրիական և լիբիական ճակատներից մարդասպան վարձկաններ է ուղարկում իրենց դեմ, հիշում են, որ 20-րդ դարի արհավիրքներից առաջինը՝ Հայոց ցեղասպանությունը, հենց իրենց հանդեպ է իրագործվել, որ հայերն են եղել ժամանակակից պատմության մարդկության դեմ առաջին ոճիրի զոհերը։ Հայերը գիտեն և հիշում են, որ թուրքերն են այդ Ցեղասպանության հեղինակները, որ թուրքերն են ժխտողականության նենգ ու հրեշավոր գաղափարի հեղինակը՝ դրանով իսկ կրկնապատկելով իրենց զազրելի հանցագործությունը, որը տևում է ցայսօր։ Եվ, այս օրերին, լինի դա Աղդամի ճակատում, թե Երևանում, չար ճակատագրի խորխորատներում, հարյուրավոր հայրենասեր երիտասարդներ և սփյուռքից կամավորներ են հանգչում պողպատե ամպրոպի տակ։ Չարի յաթաղանից մարտիրոսված իրենց նախնիների հալածանքը և չարի չհաղթահարված վտանգը նույն կերպ շարունակել է կեղեքել և առ այսօր առկա է աշխարհի չորս անկյուններում ապաստան գտած Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի և նրանց սերունդների սրտում։
Սակայն, միշտ էլ կարելի է չարամիտ հակաճառողների գտնել, որոնք այս ամենը հարաբերականության մեջ դնելու փորձեր կանեն։ Նկատի ունենք, օրինակ, Մարսել Պրուստի տխրահռչակ հերոսներից՝ դիվանագետ պարոն դը Նորպուայի նմաններին, ովքեր կբացատրեն, որ այն պահից, երբ Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար Ստալինը 1921 թվականին Լեռնային Ղարաբաղը կցեց Բաքվին, այն միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին։ Իրականում, մեզ սարսափեցնում է վատթարագույնին վերադառնալու հեռանկարը։
Անկարելի է լինել եվրոպացի, ճշմարիտ եվրոպացի, այսինքն՝ անհնար է գոյություն ունենալ պատերազմի և բնաջնջման՝ «այլևս երբեք»-ի գաղափարը որդեգրած Եվրոպայում առանց Հայաստանի կողքին կանգնելու։
Ճշմարտության այս բանաձևը կարող ենք բացատրել միջնադարի ֆրանսիացի բանաստեղծ Ֆրանսուա Վիյոնի՝ մահվան դատապարտված «Հումանիստ եղբայրներ»-ի օրինակով, ովքեր կախաղանի մոտ մարդկությունից գութ և արդարություն էին աղերսում կամ ինչպես Հյուգոյի լիրիկական միտքն էր պատգամում, սեփական անձի հանդեպ հոգածությունը տարաբախտների «հեկեկոցի», «զոհաբերության» և «գերեզմանի» է վերածվում։
Հրեական տեսանկյունից տվյալ դեպքում պետք է գործեր «ցնցվածների համերաշխության» Յան Պատոչկայի տեսությանը, որը պարտավորեցնում է բոլոր ցեղասպան կոտորածների վերապրածներին հիշել և համախմբվել դժնդակ ճակատագրով վաստակած և միմյանց շաղկապած եղբայրության շուրջ։
Հայաստանը միայն Հայաստան չէ։ Հայաստանի անունը Հոլոքոստի նախօրեին մարդկության դեմ հանցագործության գաղափարը կոփողների մտքում էր։ Սա ոչ միայն երկրագնդի, այլև մտքի այն եզակի վայրերից է, որտեղ խտանում է այն, ինչն ընդունված է անվանել համամարդկային խիղճ։ Այստեղ բնակվող ժողովուրդն այն եզակիներից է, որի մեծությունը չի չափվում սոսկ իր բնակչության թվով, քանզի նրա պատմության մեջ խաղարկվել է համամարդկային ճակատագրի մի մասը։
Ահավասիք, բոլոր այս կռվաններով եմ ես սահմանել իմ դոկտրինը։
Եվ եթե վերստին չենք դավաճանում եվրոպական ոգին կռող և ամրացնող հնամենի պատվարներին, ապա չունենք այլ տարբերակ, քան հստակ բարձրաձայնելը. մարդկության պատմության առաջին ցեղասպանության մազապուրծների այս ապաստարան-պետությունը, այս տանջահար փոքրիկ երկիրը, որն իր տարիքից ավելի հնամենի է, երկիրը, որն անդունդի եզրին գոյութենական պայքար է մղում, ի վերուստ, այո՛, ի վերուստ մեր անվերապահ նեցուկի իրավունքն ունի։
Հավելեմ՝ ընդհանրական հայտարարությունները, նման դեպքերում, բավարար չեն և ուժերի անհավասարությունն այնպիսին է, որ նաև անհրաժեշտ է օգնել Ցեղասպանության զոհերի ժառանգներին դիմագրավել այս անգամ արդեն իրենց իսկ դահիճներին։
Բոլորս ենք հիշում՝ ինչ տեղի ունեցավ հետո, երբ աշխարհն ականջալուր չեղավ 1936թ․ Իսպանիային վճռականորեն սատարելու Հանրապետականների կոչին։
Աշխարհն ի վերջո, բայց ուշացումով, լսեց նրանց, ովքեր 1992 թվականին կոչ էին անում փրկել Սարաևոյում ռմբակոծվող մահմեդականներին։
Կարո՞ղ ենք արդյոք վերհիշել պատմությունից ստացած դասերը և թույլ չտալ, որ վերստին գերակշռի ուժի իրավունքը։ Մարդկության պատմության տեսանկյունից այս հավերժ ողբերգության համար արդարացում ունեն միայն ցինիկներն ու անմիտները, ուստի հայերի կողքին կանգնելն այսօր պատմությամբ թելադրված մետաֆիզիկական, բարոյական և քաղաքական հրամայական է։